Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԵՌՆԵՐԸ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ»



«ԼԵՌՆԵՐԸ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ»Երկար պիտի գնանք: «Եղնիկների» գումարտակները խիստ կտրտված ռելիեֆի պատճառով սփռված են: Վարորդը արագության ոտնակը սեղմում է մինչև վերջ: Քարքարոտ ճանապարհը ցնցում է մեքենան` մեզ մի անկյունից մյուսը նետելով: Առջեւում նստել է դիվիզիոնի հրամանատարը՝ փոխգնդապետ Մարկոսյանը: Նա է մեզ ուղեկցում: Միանգամից ենք ընկերանում. մարդամոտ է: Երբ խոսում է այստեղի բնության մասին, ձայնը փափկում է: Երբ պատմում է ծառայությունից, զինտեխնիկայի համալրումներից, ձայնը հեղինակավոր շեշտ է առնում: Իսկ երբ խոսքը վերաբերում է կենցաղին, կարծես մի քիչ նեղսրտում է: «Եղնիկներում» ամենաբարդը կենցաղին հարմարվելն է:

Մեքենայի պատուհանից ուսումնասիրում եմ սպայական ավանը: Կողք կողքի շարված տները սպիտակ են, «մխրճված» ծառերի մեջ: Յուրաքանչյուրի բակում մի մեքենա կամ էլ արբանյակային ալեհավաք կա, որ մեծ կյանքին անընտել այս վայրին ժամանակակից շունչ է հաղորդում: Եվ որպեսզի երիտասարդ զինվորականները հաղորդակցվեն քաղաքային անցուդարձին, քառասուն օրը մեկ կարճատեւ արձակուրդ են տրամադրում:  Իսկ եթե սպան ընտանիքավոր է, ապա մոտակա գյուղի նորակառույցում է հաստատվում, ինչպես փոխգնդապետ Մարկոսյանը: Նա չորս երեխա ունի ու մի կուռ համոզմունք. «Ընտանիքը պիտի մեծ լինի»: Եվ իմ «եթե»-ների ու «բայց»-երի կողքին հազար ու մի հիմնավոր հակափաստարկ է շարում. «Փոթորկի մեջ հայտնված նավը հի՞նգ հոգով է հեշտ թիավարել, թե՞ երկու: Ինչքան շատ լինենք, այնքան դյուրին կլինի մեր գործը»:

Մեքենան բարձրանում է, կտրում-անցնում է նեղլիկ արահետները, հետո նորից է բարձրանում, էլի է բարձրանում ու միշտ բարձրանում է: Լեռնային ճանապարհը «նախատեսել» է միայն վերելք: Ծառերի արանքից երևացող վահանակը հուշում է՝ հաղթահարման բարդության աստիճանը միջինից բարձր է: Էքսկավատորն այս կողմերում աչքիդ անսովոր է թվում: Այն արագ-արագ փորում է հողը: Մեր երթն ընդհատվում է: Փոխգնդապետ Մարկոսյանը պետք է ստուգի՝  շինարարությունը համապատասխանո՞ւմ է պահանջներին, թե՞ ոչ: Կրակակետեր են կառուցում, դիվիզիոնը համալրվել է նոր զինատեսակով: Զենքի անունը չի տալիս, միայն. «Խոշոր տրամաչափի է: Մեր տեղանքին շատ հարմար է: Հեշտությամբ խուսանավում է: Ես նայում եմ, թե ինչպես են զինվորները աշխատում: Առանց դժվարության տեղափոխում են ծանր գերանները, բահով ուղղում են հողը: Նրանք քրտնած են, բայց աշխույժ: Ինչի մասին հարցնում՝ նույն պատասխանն եմ ստանում. «Լա՛վ է»:

«ԼԵՌՆԵՐԸ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ»Մեքենան սլանում է հասակավոր ծառերի երկայնքով: Եթե արագաչափը տատանվում է հարյուրի-հարյուր քսանի վրա, ուրեմն դիտարկվող հատվածում ենք: Շահեն Մեղրյանի անվան հրաձգային գումարտակի հրամանատարական կետը ճանապարհին է: Անցնող-դարձողը պարտադիր ներս է մտնում: Չենք խախտում ավանդույթը: Գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Աբրահամյանը, որ նպատակասլաց մարդու տպավորություն է թողնում, նախ նոր զորանոցի պայմանների մասին է պատմում: Ասում է՝ ապահովված է տաք ջրով, բաղնիքով: Կառուցված է տեղը տեղին: Հետո առաջարկում է մի բաժակ սուրճ խմել: Նրա համեստ աշխատասենյակի ամենանկատելի տեղում ամրացված է զինված ուժերում  մարտական հերթապահություն իրականացնող լավագույն գումարտակի փոխանցիկ դրոշը:  Գումարտակը երեք անգամ անընդմեջ արժանացել է այդ կոչմանը, եւ  դրոշն արդեն այստեղ է մնալու: Դառնալ լավագույնը սահմանի այն հատվածում, որտեղ տեղանքը բարդ է, եղանակային պայմանները բարդ են, հերոսության նման մի բան է: «Եթե մտածենք՝ դե, լավագույնն ենք,  մարտունակությունը բարձր է, ուրեմն կարող ենք  գլուխներս դնել բարձին ու հանգիստ քնել, հաջորդ օրը կպարտվենք»,-ասում է գումարտակի հրամանատարը: Տասներեք տարի բանակում է ու մի բան է հասկացել. «Պիտի միշտ ինքդ քեզնից, քո արածից մի քիչ դժգոհ լինես, որ թերությունները տեսնես»: Փոխգնդապետի աշխատանքային հեռախոսը չի լռում: Նա վառելափայտի մթերման հրահանգ է տալիս: Իսկ ես մտածում եմ՝ նման հրամանատարների հաջողությունները հաստատ պայմանավորված չեն հանգամանքներով:

Մեր մեքենան առաջանում է վայրերով, որոնց մասին նախկինում չեմ իմացել: Վարորդը ձայնային ազդանշանով ողջունում է մալուխների խրձերի մոտ հավաքված զինվորներին: Նրանք մի պահ ընդհատում են իրենց գործը, հետո եռանդով շարունակում աշխատել: Փոխգնդապետ Մարկոսյանն ասում է՝ հրամանատարական կետերը հիմա հեռախոսահամարներ ունեն:

Քիչ անց ճանապարհը թեքվում է: Հասնում ենք դիրք: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուսայելյանը կանգնել է թմբին ու դիտարկում է հակառակորդի տարածքը: Տարիքով, մտածկոտ դեմքով, զուսպ զինվորական է: Խոսում ենք անցած պատերազմից: Այն ժամանակ տանկիստ էր, ջահել էր եւ կարծում էր՝ կռիվը հաղթանակով են շահում: Հիմա հասկանում է՝ սխալվում էր. «Մի հաղթանակը քիչ է, երկրորդն է հարկավոր: Մեզ հող են պարտք: Երբ ցույց է տալիս Շահեն Մեղրյանի կարմիր տանիքով տունը, որ գերության մեջ է, մռայլվում է: Ասում է. «Նայում է աչքիս մեջ ու ցավեցնում»: Հակառակորդը հաճախ է համարձակ ներս ու դուրս անում՝ լավ իմանալով` մերոնք չեն կրակելու, որ տունը հանկարծ չվնասվի:

Փոխգնդապետ Մուսայելյանը մի երազանք ունի, որ իր գումարտակը դիմացի սարին ամրանա: Եվ այնքան պարզ ու հասկանալի է նրա այդ ցանկությունը, երբ կանգնած ես թմբին ու նայում ես Մեղրյանի կարմիր տանիքով տանը:

«ԼԵՌՆԵՐԸ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ»Մեքենան սլանում է անվերջանալի թվացող ճանապարհով` ճեղքելով թանձր ամպերը: Կարծես երկրի ու երկնքի արանքում լինենք: Սահմանի ամենագեղեցիկ, բայց եւ ամենաբարդ հատվածն է: Հայտնվում ենք մի նեղլիկ կամրջի վրա, որի եզրին վահանակ է ամրացված` «Լեռները թույլերին չեն ընդունում»: Սա մայոր Վարդանյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի կարգախոսն է: Նա մեզ հետ դիրքեր է բարձրանում: Երևելի զինվորական է. թվում է՝ երակներով ուժ է հոսում: Վեց տարի այստեղ ծառայելուց հետո նրան մի օր մայրաքաղաքային զորամաս են տեղափոխել: Չի հարմարվել: Զեկուցագիր է գրել ու խնդրել իրեն նորից «Եղնիկներ», ասել է թե՝ տուն ուղարկել. «Քսան տարեկան երեխա էի, երբ այս զորամաս եկա: Հենց առաջին օրվանից սիրեցի այս վայրերը, մարդկանց, նույնիսկ դժվարությունները աչքիս չէին երեւում:  Այստեղ առաջին անգամ ինձ պետքական եմ զգացել: Մի օր սպաներով ցախ էինք կոտրում, մեկ էլ տեսնեմ՝ զինվորներս կլարնետ, ակորդեոնն առել, եկել սարի գլխին նվագում են՝ մեզ ոգեւորելու համար: Քաղաքում ամենից  շատ էս  ջերմության պակասն էի զգում»,-ասում է մայորը, ու թվում է, թե «Եղնիկներին» սեր է խոստովանում: «Բնավորությամբ էլ «լեռնոտ» եմ»,-չի մոռանում հավելել:

Մեքենան կանգ է առնում: Ոտքով ենք շարունակում ճանապարհը: Մի քանի քայլ անելուց հետո մեր կոշիկները ծանրանում են ցեխից: Շարժվելը դառնում է գրեթե անհնար: Մայորն ասում է՝ ձմռանը հերթափոխն ապահովելը դժվար է. «Ու անընդհատ մտածում եմ` հանկարծ զինվորս թեւը չվնասի, ձյան տակ չմնա…»:

Ոտքերիս տակ տերեւները խշխշում են` հազիվ լսելի դարձնելով հրամանատարի ձայնը. «Եղնիկներում» փխրուն երիտասարդն էլ կոփվում է՝ ճիշտ երկաթի պես», «Եթե զինվորն ինձ հետ չանկեղծացավ, ուրեմն էլ ո՞ւմ եմ պետք», «Եղնիկներում» դու միշտ պիտի ընդառաջես»:

Ու հիմա ավելի եմ համոզվում՝ «Եղնիկները» ոգով ուժեղների տեղն է, որովհետեւ լեռները թույլերին չեն ընդունում:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ


07/02/2018