Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ԲՈԼՈՐԻՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է»



«ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ԲՈԼՈՐԻՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ Է»Արցախյան պատերազմի լեգենդար զորական, գեներալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԸ դարձավ 75 տարեկան։

 

-Պարոն գեներալ, ես անհամբերությամբ էի սպասում այս հանդիպմանը, որ հարցնեմ՝ ճի՞շտ է, որ Դուք պատերազմ եք տարել Ձեր միակ որդուն։ Դուք երբեք այդ մասին չեք խոսել, ու ես չէի իմանա, եթե չկարդայի Զորի Բալայանի «Դրախտ եւ դժոխք» գրքում։

-Տղաս ռազմաճակատում իմ զինվորներից էր։ Սահման գնալու, զենք վերցնելու որոշումը տղայինս էր, ու ես խրախուսել եմ այն։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան է մեծանում հրամանատարի հեղինակությունը, նրա խոսքի արժեքը, երբ հրամանատարի որդին բոլոր զինվորներին հավասար ծառայում է հայրենիքին՝ անցնելով նույն վտանգների միջով, կիսելով նույն դժվարությունները։ Կպատկերացնե՞ք, թե որքան են ոգեւորվում զինվորները՝ հրամանատարի որդուն տեսնելով իրենց կողքին, որքան են գոտեպնդվում։ Որքան է վեհանում հայրենիքը նրանց աչքում, և որքան է բարձրանում հրամանատարը։

-Ես կպատկերացնեմ։ Իսկ մա՞յրը, մոր սիրտը կարո՞ղ է հասկանալ դա։ Ձեր կինը չընդվզե՞ց Ձեր որոշման դեմ։

-Ո՛չ, կինս չընդդիմացավ։ Ես միշտ էլ հեշտ եմ լեզու գտել կանանց հետ։

-Ձե՞ր կնոջ հետ, թե՞ կանանց հետ առհասարակ։

-Անհամեստ չհնչի՝ սիրուն տղա էի, ուժեղ, սկզբունքային… Կանայք սիրում են այդպիսի տղամարդկանց։ Տղամարդուն ամենից շատ զարդարում են խիզախությունն ու պատվախնդրությունը։ Արցախյան պատերազմը շատերի կենսագրությունը խմբագրեց։ Օսլայած տղամարդկանց ու պաթետիկ ճառերի ժամանակը չէր։

-Ո՞րն էր Ձեր աստեղային պահը Արցախյան պատերազմում։

-«Աստեղային պահ» արտահայտությունը ճի՞շտ է պատերազմի համար։

-Ես բախտ եմ ունեցել զրուցելու բազմաթիվ ազատամարտիկների հետ, տեսել եմ, թե նրանք ինչպիսի ոգեւորությամբ են խոսում հաղթական ճակատամարտերի մասին։

-Դե լավ, թող լինի «աստեղային պահ»։ …Շուշիի ճակատամարտը։ Մենք բառացիորեն կենաց-մահու կռվի էինք նախապատրաստվել։ Գիտե՞ք՝ դա ինչ է։ Երբ գնում ես մեռնելու կամ հաղթելու։ Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին։ Նրանք պարզապես հոգեբանորեն չդիմացան ճնշմանը, գրոհի թափին։

-Հոգեբանորե՞ն…

-Մեր վճռականությունը, հանուն հաղթանակի մեռնելու պատրաստակամությունը վախեցրեց նրանց… ու կոտրվեցին։ Հոգեբանորեն պարտվեցին ֆիզիկապես պարտվելուց առաջ: Անհասկանալի խուճապ սկսվեց։ Երբ վերջին ադրբեջանցին հեռացավ Շուշիից, երբ թշնամու վերջին կրակակետերը լռեցին… ա՜յ դա ցնծություն էր։ Առանց արցունքի չեմ կարող հիշել։ Մենք հասկացանք, որ սա հաղթանակած պատերազմի ամենագլխավոր արարն է։ Կյանքը զարմանալի շրջադարձեր ունի։ Երբեմն մտածում եմ՝ ո՞վ կլինեի ես այժմ, եթե մի օր ազգականիս՝ տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում սովորող տղան՝ Պյոտրը, չայցելեր մեզ։

-Ես գիտեմ, որ Դուք երազել եք աշխարհագրագետ դառնալ։

-Այո՛։ Իմ հարազատ Դաշքեսանում քար ու ծառ, թուփ ու քարափ, բլուր ու ձոր չկար, որ չիմանայի։ Շրջում էի երկրաբանների հետ, հիացած հետեւում նրանց աշխատանքին։ Ու ոչ ոք չէր կասկածում, որ ես աշխարհագրագետ եմ դառնալու։ Հետո եկավ Պյոտրը։ Ես բառացիորեն հափշտակվեցի նրա կերպարով։ Չէի կարողանում աչքս կտրել նրա զինվորական համազգեստից։ Պյոտրը կիրթ էր, խելացի, հպարտ, ինքնավստահ։ Մեկ տարի անց ես մեկնեցի Տաշքենդ՝ մասնակցելու տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի ընդունելության քննություններին։

…Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։

-Ես նախախնամությանն եմ հավատում։ Ես վստահ եմ, որ բոլորի հոգում, գենի մեջ դրված է մի տաղանդ, տենչ, հակում, որը նրա կոչումն է, նրա առաքելությունը։

-Ճիշտ եք։ Հայրս մի լավ խոսք ուներ, ասում էր. «Հրացանդ այնպես բռնիր, որ չվրիպես»։ Այսինքն՝ ճիշտ բռնիր։

-Ճիշտ… Ճիշտը երբեմն երկդիմի է։

-Երբեք։ «Մարդկային օրենսդրությունը» գրված է ի վերուստ։ Բանվորական ավանում, որտեղ մեծացել եմ, տարբեր ազգերի մարդիկ էին ապրում։ Ես ունեի ռուս, ուկրաինացի, վրացի, հրեա ընկերներ։ Ու հասկացա, որ արժեքները անփոփոխ են բոլոր ազգերի, ամբողջ մարդկության համար։

…Սիրո, ազնվության, արդարության, նվիրումի, քաջության օրենքը ի վերջո քեզ հաղթող է դարձնում։

-Դա ռազմական բուհո՞ւմ եք սովորել։

-Դա սովորել եմ ամբողջ կյանքում։ Ռազմական բուհում իմ աշխարհընկալումը, մտածելակերպը, արժեհամակարգը հղկվեց, դարձավ ավելի հիմնավոր ու գիտակցված։ Ռազմական բուհում ես զգացի պատասխանատվության բեռի ամբողջ ծանրությունը։ Հասկացա՝ ինչ ասել է սպայի պատիվ։ …Ամենադժվարը՝ ենթարկվելու կարողությունն է, հենց սովորեցիր ենթարկվել, ուրեմն՝ պատրաստ ես հազարավորների ենթարկել քեզ։

-Ենթարկել… Ենթարկվել։ Մարդը պիտի կարողանա ազատ մտածել, ազատ գործել…

-Անմիջապես երեւում է, որ Դուք զինվորական կրթություն չունեք, եւ սխալ եք բացատրում բառերի խորհուրդը։ Ենթարկվելն ու ենթարկելը կապ չունեն հոգու ազատության հետ։ Ենթարկվելն այն է, որ զսպես ցանկություններդ, կարողանաս իշխել ինքդ քեզ ու կատարել հրամանները։ Ենթարկելն այն է, որ կարողանաս առաջնորդել: Որ մարդիկ հավատան քեզ ու քայլեն քո մատնանշած ճանապարհով։ Մի հրաշալի զինվորական ասույթ կա՝ հրամանատարը պիտի առաջինը լինի գրոհելիս եւ վերջինը՝ նահանջելիս։

-Մեր հանդիպումից առաջ ես, բնականաբար, ծանոթացել եմ Ձեր կենսագրությանը։ Փաստորեն, Ձեր զինվորական ուղին սկսել եք խորհրդային բանակում։ Սկսել եք ամենացածր հրամանատարական օղակից՝ դասակի հրամանատարից, բարձրացել եք հրամանատարական բոլոր աստիճաններով եւ հասնելով զորամասի հրամանատարի պաշտոնի՝ զորացրվել եք փոխգնդապետի կոչումով։ Խորհրդային բանակում Ձեր գործունեությունը գնահատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ Ստացել եք բազմաթիվ մեդալներ ու պարգեւներ։

….Ինչպե՞ս են դառնում լավ հրամանատար։ Ի՞նչ արժանիքներ պետք է ունենա լավ հրամանատարը։

-Ես կարող էի սիրուն բառեր ասել մարդկային առաքինությունների ու բարոյական սկզբունքների մասին, կարող էի ասել, որ կարեւորը ենթականերիդ հանդեպ հոգատարությունն է, սերը, սրտացավ վերաբերմունքը, բայց ասում եմ՝ լավ հրամանատարը նա է, ում համար «կանոնագիրքը» հավասար իշխանություն ունի բոլորի վրա՝ սկսած իրենից, վերջացրած շարքային զինվորով։ Ում ղեկավարած կառույցում բոլորը անվերապահորեն ենթարկվում են «կանոնագրքի» կանոններին: Կանոնագիրքը բոլորիս հրամանատարն է: Զինվորական բարձր կոչումներն ու պաշտոնները ոչ թե օրենքից վեր բարձրանալու, օրենքը շրջանցելու հնարավորություն են, այլ օրենքին ավելի բարեխղճորեն ենթարկվելու պարտավորություն: Գեներալն ու շարքայինը միմյանցից տարբերվում են ծառայողական պարտականությունների բնույթով ու ծավալով, մնացած հարցերում նրանք հավասար են։ Ես իմ ապրած կյանքով, իմ առօրյա վարքով ցույց եմ տվել զինվորներին, որ մարդու ամենամեծ առաքինությունը հայրենասիրությունն է, մեծ հաշվով՝ սերը, որովհետեւ հայրենիքն այն է, ինչ մենք սիրում ենք։ Մեր ծնողը, երեխան, հարազատները, ծննդավայրը, մշակույթը, լեզուն։ Առաջին հայացքից պարզունակ բան պիտի ասեմ՝ եթե հրամանատարը չսիրի զինվորին, զինվորը չի սիրի հայրենիքը։

-Պարզունակ չէ, բացարձակ ճշմարտություն է, կոպտության, դաժանության, անտարբերության մթնոլորտում չի կարող սեր ծնվել։ Ոչ մի տեսակ սեր։ Հայրենասիրություն՝ առավել եւս։

-Ատելությունը, թշնամանքը, վրիժառությունը չեն կարող ոգի ու նվիրում արարել։ Դրա համար էլ ադրբեջանցիները մինչ օրս պարտվում են։ Որովհետեւ նրանց առաջ է մղում հայերի հանդեպ ատելությունը, մեզ՝ սեփական հողի հանդեպ սերը։

-Խաղաղ բանակաշինության տարիներին Դուք զորք եք ղեկավարել, շփվել եք զինվորների հետ։ Մենք ձախողումներ էլ ենք ունեցել։ Մինչ օրս բանակում խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում։

-Պիտի կարողանանք բանակային ռեժիմը դարձնել ավանդույթ, հոգեբանություն, մտածելակերպ։ Ռեժիմը ռոբոտի պես կատարելու համար չէ, պիտի զինվորներին հասկացնել դրա բարոյական ենթատեքստը։ Մենք պիտի ավելի վաղ ազատվեինք սրտառուչ հայրենասիրական խրատներից ու վերամբարձ բարոյախոսական սնամեջ զրույցներից եւ պատանուց զինվոր կերտեինք՝ նրան գաղափարի կրող դարձնելու միջոցով։ Եթե զինվորը բանակ է եկել իր հողը թշնամուց պաշտպանելու գիտակցված մղումով, ինչպե՞ս կարող է վնասել զինակից ընկերոջը։ Ամեն ինչ պետք է այստեղից սկսել՝ բարության, ընկերասիրության, հանդուրժողականության քարոզներից առաջ։

-Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեր 75-ամյակը։ Առողջ եղեք։ Ձեզ մաղթում եմ երկար տարիների հպարտ ու երջանիկ կյանք։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ


07/02/2018