ԲԱՐԵՎ, ԲԱՆԱ՛Կ…
Ձմեռային զորակոչի վերջին օրն է: Հավաքակայանում ամեն ինչ ընթանում է սովորական հունով, մնացած բոլոր օրերի նման ամեն ինչ հստակորեն կազմակերպված է՝ նորակոչիկների դիմավորում-ընդունումից մինչեւ ծառայավայր մեկնում: Մեր հայրենիքի տարբեր անկյուններից են եկել երիտասարդները, նրանց խոսքուզրույցից անսխալ կարող ես որոշել ամեն մեկի ծննդավայրը:
Մինչ իջեւանցի նորակոչիկները իրենց ծորուն բարբառով սրամտելով դեռ զինվորական համազգեստն են փորձում, գյումրեցիներն արդեն հագած-կապած, հավաքակայանի ճաշարանում ընդունում են բանակային սննդի առաջին կալորիաները: Դե, որտեղ գյումրեցիները, էնտեղ էլ գյումրվա համով-հոտով խոսքուզրույցն ու անբաժան ծիծաղը:
Մարտունեցիները վիճակահանության դահլիճում են, Վայքի զորակոչիկներն էլ նոր-նոր բուժզննում են անցնում:
-Նախորդ զորակոչերի համեմատ դինամիկա եմ տեսնում՝ ֆիզիկական առումով ավելի պինդ են, ավելի կոփված, զգացվում է՝ մարզասրահներ են այցելում, սպորտով առավել հետեւողականորեն զբաղվում,- նշում է հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բ/ծ մայոր Վլադիմիր Էլիզբարյանը:
♦♦♦
Ծանոթանում ենք խմբված տղաների հետ, հետաքրքրվում՝ ինչ ապրումներով, ինչ մտահոգություններով են բանակ գնում:
-Նարեկ Անտոնյան,-ներկայանում է երիտասարդներից մեկը,- Բագրատաշեն գյուղից եմ, գնալու եմ Սիսիան, այնտեղ եղբայրս է ծառայում, անհամբեր սպասում եմ մոտալուտ հանդիպմանը: Պողոս Մամիկոնյանն էլ Պետական կառավարման ակադեմիայից է զորակոչվել.
-Ավարտել եմ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, փոքրուց եկեղեցուն եմ ծառայել՝ տասը տարեկանից: Դա ինձ հասունություն է տվել, հանդուրժողականություն ձևավորել: Ինձ համար տարբերություն չկա՝ ինչ զորամաս կգնամ, բայց ավելի շուտ՝ կուզեի կանգնել սահմանին:
Համլետ Թանանյանն էլ Իջևանի Գանձաքար գյուղից է.«Հորեղբորս ընտանիքի հետ միասին ապրում ենք 12-13 հոգով: Ես մերոնցից առաջին զինվորն եմ, լավ պետք է ծառայեմ, որ ինձնից օրինակ վերցնեն: Կծառայեմ, կվերադառնամ իմ ծննդավայրը: Մեր գյուղի անունը Գանձաքար է, մեծերն ասում են, որ, իբր, լեռներից մեկում քարանձավ կա, որտեղ լիքը գանձեր կան… Բայց ինձ համար գանձը իմ գյուղն է, որ չեմ փոխի ամենաշքեղ երկրների հետ…
Յուրա Չոբանյանը, որ մինչ այդ ժպիտով ունկնդրում էր մեր խոսքուզրույցը, անկեղծանում է. «Ինձ համար էլ մեր Վերին Կարմիրաղբյուրն է ամենասիրունը, ամենահարազատը, ամենասրտամոտը: Մեր գյուղն իր անունն ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ: Սահմանին կպած են մեր տները. կրակոցների տակ ենք մեծացել: Գյուղի ամենափոքր երեխային էլ հարցնես, առանց դժվարանալու կասի, թե ինչ զենքից են կրակում: Ես էլ զինվորական գործին քիչ թե շատ ծանոթ եմ. ռազմագիտություն առարկայից օլիմպիադայի եմ մասնակցել, տարածքային մրցափուլում առաջին հորիզոնականը գրավել:
-Հայաստանում գրեթե չեմ ապրել, տղաների պես նույն ջերմությամբ չեմ կարող նկարագրել իմ ծննդավայրը. ծնվել եմ Իջևանում, բայց շատ փոքր եմ եղել, երբ տեղափոխվել ենք Չելյաբինսկ, հետո՝ Սարատով: Հիմա եկել եմ չտեսած հայրենիքիս պարտքը տալու,- ռուսերեն պատմում է Վարուժան Միրումյանն ու շարունակում,- ծառայավարս արդեն ընտրել եմ, ինձ բոլորովին անծանոթ-անծանոթ մի տարածք է, երբեք չէի լսել: Տղերքից արդեն հարցրել եմ, մոտավորապես արդեն պատկերացնում եմ, թե որտեղ է գտնվում: Այնպես որ, բարեւ, բանա՛կ, երկու տարի մենք քո զինվորն ենք…
Մեր նորաթուխ զինվորներին բարի ծառայություն մաղթելով՝ դուրս եմ գալիս հավաքակայանից: Հարազատ տաք մի զգացողություն է պարուրել հոգիս…
Հավաքակայանի առաջ խմբված հարազատները արդեն հասցրել են իրար հետ ծանոթանալ, իրար գոտեպնդում են, ոգեւորում.
-Էս սերունդը մեզնից քաջ է, հավատացե՛ք, հերոս տղերքի պակաս չունենք,-ասում է ծնողներից մեկը:
Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ Հակոբ Զուրաբյանն է.
-17 տարեկան էի, որ գնացի կամավոր: Շտապում էի, կարծում էի՝ կռիվը կվերջանա, ես չեմ հասցնի թշնամու հախից գալ…: Հիմա երկրորդ տղաս՝ Արմենակս է գնում բանակ: Խառը զգացողություններ են սրտումս՝ հպարտություն, տագնապ, ուրախություն, հուզմունք… Խոստովանեմ՝ ավելի շատ հպարտ եմ. որդիս մեր երկրի սահմաններն է պահպանելու, ամուր եւ անառիկ պահելու: Հազար խորհուրդ եմ տվել՝ որ պատվով հաղթահարի բանակային կյանքի բոլոր դժվարությունները, պատասխանատվությամբ կատարի իր պարտքը, լինի կարգապահ, լավ տիրապետի զինվորական մասնագիտությանը, հուսալի, նվիրված ընկեր լինի: Հարցնում եք՝ որտեղ կցանկանամ՝ ծառայի որդիս… Ազատագրված Արցախում…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում