ԱՆԿԱՇԿԱՆԴ ԶՐՈՒՅՑ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
«Դիտակետ» ծրագրի արդյունքներն ամփոփելու համար փետրվարի 3-ին պաշտպանության նախարարություն էին եկել 2017թ. ամռանը զորացրված և անանուն հարցմանը մասնակցած 350 երիտասարդներ:
Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ պաշտպանության նախարարը ասաց. «Դուք այս նախարարությունը, այս վարչական համալիրը պետք է ընկալեք որպես ձեր տուն»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ բացահայտված թերություններն արդեն քննարկվել են նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում: Ստացված արդյունքները հաշվի կառնվեն ծառայության բացթողումները շտկելիս, պաշտպանական քաղաքականության գերակա ուղղությունները հստակեցնելիս. «Հարցման արդյունքները օգնում են մեզ հասկանալու՝ որ խնդիրներն են ավելի արդիական, որ զորամասում է ծառայության այս կամ այն հարցը ավելի լավ կազմակերպված, իսկ որտեղ են դժվարություններն ավելի խորքային, որտեղ է առկա հրամանատարության խնդիր»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Բանակային կյանքի դրականն ու բացասականը վեր հանելու նպատակով «Դիտակետ» ծրագրի հարցազրուցավարները այցելել են 44 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր: Համակարգող Արմեն Խաչիկյանը ներկաներին արդյունքները ցույց տվեց գրաֆիկական տարբերակով: Զինվորական համազգեստից, օրինակ, գոհունակությունը բարձր է: Հարցվածների 39%-ը դժգոհ էր կտորի որակից: Զորացրվածներն ամառային համազգեստ ստացել են միջինը 3.2 անգամ, իսկ շուրջ 50 %-ը գնել է 1-4 անգամ: Կիսաճտքավոր կոշիկներ տղաները ստացել են միջինը 3.4 անգամ, իսկ մոտ 55 %-ը գնել է 1-4 անգամ:
Զորացրվածների ընդամենը 14 %-ն է դժգոհել սննդի որակից ու չափից: Զորացրվածները դժգոհ են եղել հատկապես ձկան, ձավարեղենի ու մսեղենի որակից, իսկ ահա քաղցրավենիքը, կարտոֆիլն ու հացը ամենաբարձր դրական ցուցանիշն են արձանագրել:
Դիտակետի հարցազրուցավարները նաեւ հետաքրքրվել են՝ գո՞հ են արդյոք զորացրվածները սպայական կազմից: Նրանք հիմնականում դժգոհել են ռազմական ոստիկանությունից, որոշ բողոքներ էլ ունեին բժշկական սպասարկումից, դեղորայքի տրամադրումից: Ամենալուրջ խնդիրներից մեկն էլ, ըստ հարցման արդյունքների, լրացուցիչ արձակուրդի տրամադրումն է: Զորացրված տղաների մոտ 25 %-ը նշել է, որ այն հիմնականում արդար չի բաշխվել: Այնուամենայնիվ, տղաների զգալի մասը դրական է գնահատում ծառայությունը. «Հարցվածների 60 %-ը նշել է՝ ծառայությունը կոփել է իրենց, ու հաստատել են այն միտքը, որ բանակից զորացրվել են տղամարդ դարձած, նաեւ՝ ավելի ինքնուրույն, համարձակ ու շփվող»,-նշեց Խաչիկյանը:
Ծառայության մեկնել չցանկացողների թվով առաջատարը Երեւանն է, ապա Լոռին: Ինչքան բարձր է կրթական ցենզը, այնքան ավելի փոքր է ծառայելու ցանկությունը: Իսկ ահա, որպես պայմանագրային կամ սպա, ծառայությունը շարունակելու ցանկությամբ աչքի են ընկել Տավուշի մարզի երիտասարդները:
Հարցուպատասխանին անցնելուց առաջ նախարարը դահլիճում սոցիոլոգիական հարցում իրականացրեց՝ խնդրելով ոտքի կանգնել նրանց, ովքեր բանակ են զորակոչվել՝ ընդհատելով բուհական ուսումը: Դիտակետի տվյալներով՝ հարցին դրական է պատասխանել մոտ 40 %-ը, գրեթե նույն պատկերն էլ դահլիճում էր: Երիտասարդներից միայն հինգն են որոշել բանակից հետո չշարունակել ուսումը: Օրինակ՝ զորացրվածներից մեկը մագիստրատուրայից ասպիրանտուրա փուլում է ընդհատել կրթությունը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ անգամ դահլիճի վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ թյուր է կարծիքը, թե ծառայությունից հետո տղաները հիմնականում չեն ցանկանում շարունակել ուսումը:
Նախարարը հետաքրքրվեց` զորացրվելուց հետո ովքե՞ր ցանկություն ունեն ևս երկու տարի վերապատրաստվելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և շարունակելու ծառայությունը որպես սպա: Զորացրվածներից 6-ը ոտքի կանգնեցին: Նրանցից մեկն էլ Պողոս Մելիքյանն է: Դիրքապահ էր հարավարևելյան ուղղությունում: Ասում է՝ հրամանատարի՝ Գ. Գաբրիելյանի կերպարն է ոգեշնչել իրեն. «Նա հոգատար է ու բարեսիրտ, հայրենասեր է ու պատվախնդիր: Հայրաբար է վերաբերվում ամեն զինվորի, հայրաբար է ներում վրիպումները, հայրաբար է ոգևորում»:
«Կա՞ն մարդիկ, որ, այնուամենայնիվ, ծառայությունն ավարտելուց հետո համարում են, թե իրենց կյանքից երկու տարի են կորցրել»,-նախարարի հաջորդ հարցն է: Տղաներից մեկն է ոտքի կանգնում: Ասում է՝ իր ընկերներից հաճախ էր լսում, թե կարող էին մնալ տանը, աշխատել ու գումարով օգնել ընտանիքին: Նախարարը հետաքրքրվեց՝ արդյոք «Ես եմ» ծրագիրը հարցին լուծո՞ւմ տալիս է՝ հաշվի առնելով, որ թե՛ ծառայության ընթացքում, թե՛ ավարտին զինծառայողը որոշակի գումար է ստանում: Երիտասարդը դրական պատասխանեց: Նախարարը շնորհակալություն հայտնեց անկեղծության համար:
Տղաներն անկեղծ էին նաև նախարարին հարցեր ուղղելիս: Հետաքրքրվեցին բանակը ժամանակակից զինտեխնիկայով, զենք ու զինամթերքով համալրելու ժամանակացույցից: Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ նաև դրա համար են ԶՈՒ-ում իրականացնում յոթնամյա արդիականացման ծրագիրը. «Մենք ամեն տարի զենք ենք գնում, բայց, որպեսզի արդիականացումը արդյունավետ լինի, պետք է մի քանի տարվա կտրվածքով պլանավորել: Դու չես կարող այսօր որոշել և վաղը ձեռք բերել ժամանակակից զենք, վաղը ունենալ զորք, որ պատրաստ է կիրառել այդ զենքը, ունենալ այդ զենքի պահպանման ու վերանորոգման պայմաններ: Հետևաբար, անհրաժեշտ է պլանավորել: Արդիականացման ծրագիրը թույլ է տալիս ընթացավորել մեր քայլերի հաջորդականությունը, թույլ է տալիս հասկանալ, թե 2019 թ., օրինակ, ինչ պայմանագրեր են պետք, ովքեր են հնարավոր մատակարարները, ինչ է առաջարկում շուկան և այլն»:
Աշոտ Ավագյանը անդրադարձավ տեխնիկայի սարքինությանը: Նա ծառայել է զրահատանկային զորամասում: Տանկի մեխանիկ-վարորդ է եղել: Իրեն վստահված տեխնիկայի պատասխանատվությունը ստանձնելիս համապատասխան փաստաթղթեր է ստորագրել: Արդեն զորավարժության ժամանակ պարզվել է, որ իր տանկը ինչ-ինչ խնդիրներ ունի: «Լավ կլիներ, որ մեխանիկ-վարորդը տեխնիկան ընդունելիս այն տեղից շարժելու հնարավորություն ունենար»,- առաջարկեց Աշոտը: ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշեց, որ զորացրված զինվորի մտահոգությունը տեղին է, համապատասխան հետևություն կարվի:
Շատ էին հարցերը ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան նշումների բացակայության վերաբերյալ: Սևակ Ներսիսյանը, օրինակ, ծառայել է հայկական պետական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությունում: Ապրիլի 2-ին հակատանկային դասակը, որի կազմում էր նաև ինքը, զբաղեցրել է նախանշված բնագիծը: Ապրիլի 4-ին դասակը հայտնվել է ուժեղ հրետակոծության տակ, բայց տղաներից ոչ ոք չի լքել իր դիրքը: Զինգրքույկում այդ մասին ոչ մի նշում չկա: Նախարարը հանձնարարեց պատասխանատուներին հանդիպել նմանօրինակ խնդիր ունեցողների հետ և պարզել պատճառները:
Հարց ու պատասխանը տևեց երկու ժամից ավելի՝ բաց և անկաշկանդ մթնոլորտում: Ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարը գրառումներ էր անում նոթատետրում: Վիգեն Սարգսյանը վստահեցրեց՝ բոլոր հարցերին անպայման լուծումներ կտրվեն:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում