ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Ղազարոս Աղայանի անվան դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին
Ողջո՜ւյն, սահմանին արթուն կանգնած, միշտ զգոն ու հզոր հայ զինվոր: Մենք գիտենք, որ մարտական հենակետում կանգնելով` դու քո կյանքն ես վտանգում հանուն մեր խաղաղ առավոտների, մեր օրեցօր հզորացող հայրենիքի, բայց դու միայնակ չես, քեզ հետ ենք մենք` Հայաստանում եւ այլուր ապրող բոլոր հայերս:
Վերջին ժամանակներս, երբ ամեն րոպե հակառակորդը խախտում է մեր հայրենիքի սահմանները, մենք չենք երկյուղում, քանզի գիտենք, որ մեր երկրի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է: Գիտենք` դժվար օրեր ես անցկացնում սահմանին. անքուն գիշերներ, լարված սպասում, զգոնություն, նաեւ կարոտ, թախիծ. երեւի քո սրտում հաճախ են խառնվում իրարամերժ զգացմունքները` սեր, ցասում, կարոտ, սպասում… Սակայն արյանդ կանչը չի թողնում երբեւէ թուլանալ, քանզի դու հայորդի ես եւ քաջազուն Հայկ Նահապետի հետնորդը: Ուսերիդ վրա հպարտությամբ կրում ես ազգիդ ապահովության պատասխանատվությունը: Ցավում ենք, որ լինում են նաեւ կորուստներ, բայց, վստահ ենք, որ դու ամենաուժեղն ու անպարտն ես: Հույս ունենք, որ այլեւս երբեք եւ ոչ ոք չի կարողանա ծնկի բերել քեզ, փառապանծ հա՛յ զինվոր:
Հավատում ենք քո բազկի ուժին, հերոսությանը, խիզախությանն ու անձնուրացությանը: Վստահ ենք` հիշում ես Գարեգին Նժդեհի հայտնի պատգամը. «Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ՝ իր բազկի, ապա եւ՝ զենքի վրա»:
Մեր հողի պաշտպա՛ն հայ զինվոր, Աստված քեզ պահապան: Մենք քեզ նոր հաղթանակներ ենք մաղթում: Միշտ մնա՛ մեր թշնամիների ահն ու սարսափը, նրանց նայիր հաղթողի վեհությամբ, բայց նաեւ զգոն եղի՛ր, հիշի՛ր, որ քեզ սպասում են ոչ միայն հարազատներդ, այլեւ մենք:
Քեզ բարի վերադարձ, հա՛յ զինվոր, հիշի՛ր` դու դեռ պիտի շենացնես քո հողն ու հայրենի օջախդ:
VIIIա դասարանի աշակերտներ
♦♦♦
Մեր հայ ազգի պարծանք, մեր ազգի հպարտություն
Շնորհակալ ենք քեզ եւ խոնարհվում ենք քո առջեւ` մեր անդորրն ու հանգիստն ապահովելու համար: Գիտենք, դժվար է այս ժամանակներում ծառայել հայոց բանակում: Հատկապես քեզ պես` սահմանին: Ամեն անգամ ես աղոթում եմ քեզ համար եւ խնդրում եմ Աստծուց, որ իր աջը միշտ քո գլխավերեւում պահի: Երազում եմ, որ հաղթանակած վերադառնաս տուն, կանգնես տանդ դռան առաջ ու ասես.
-Մա՛մ, պա՛պ, ես վերադարձա:
Հետո գնաս սիրածդ աղջկա մոտ, որին խոստացել էիր քո սիրտը, բայց միայն հայրենիքի պաշտպան դառնալուց հետո: Գրկես նրան ու ասես, թե ինչքան ես սիրում…
Ուզում եմ քո կյանքը այսպիսին լինի: Չե՛մ ուզում, որ ընկեր կորցնես, չե՛մ ուզում, որ քո կյանքին վտանգ սպառնա: Դու քաջ ու տոկուն ես, հա՛յ զինվոր, եւ թշնամուն կջախջախես քո անձնվեր ու խիզախ պայքարով:
IX դասարանի աշակերտներ
♦♦♦
Հայ զինվոր. իմ եւ մյուսների խաղաղ կյանքի պաշտպանը դու ես, որ ամեն օր ուղիղ թշնամու աչքերի մեջ նայելով վտանգում ես քո կյանքը հանուն մեր խաղաղության:
Հայ զինվորի ոգին, նվիրումն ու արիությունը կերազեր ունենալ ցանկացած ազգ:
Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան հայ զինվորը:
Մենք միշտ քեզ հետ ենք հոգով ու մտքով, քանզի մեր խաղաղ ու ապահով կյանքի համար քեզ ենք պարտական:
ԱԼԻԵՏԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
VIIա դասարանի աշակերտուհի
♦♦♦
Զինվո՛ր, նամակ եմ գրում քեզ այսօր,
Որ այն անպայման կարդաս բոլորին.
Թող աստղեր դառնան բառերն իմ բոլոր,
Որ գիշերն ահեղ անկորուստ լինի…
Թող թռչուն լինեն, ձեզ ողջագուրվեն,
Երկինքը դառնա խաղաղ ու խնդուն,
Դուք միշտ թռիչքի պատրաստ հավք եղեք`
Արթմնի լինեք կամ թե երազում:
Թող կարոտ դառնան կանչող ոգետան,
Սիրո մեղմ շշուկ անաղարտ շուրթի,
Դառնան լուռ երդում ոգու եւ արյան
Եվ ոգու քայլերգ մի հերոսական:
VIIIբ դասարանի աշակերտներ
♦♦♦
Սիրելի՛ հայ զինվոր
Մենք բոլորս լավ գիտակցում ենք, թե որն է քո պարտականությունը: Ցանկանում ենք քեզ եռանդ ու ջանք, որպեսզի երբեք չթուլանա մեր բանակը:
Հիշի՛ր, որ քո անունը այստեղ բարձր կպահենք: Այս տողերը սիրով նվիրում ենք քեզ.
Փա՜ռք լինի այն զինվորին,
Ով կանգնած է մեր սահմանին,
Եվ թող վախենա այն թշնամին,
Ով դեմ կգա Մեր բանակին…
VIIբ դասարանի աշակերտներ
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում