Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱԽՄԱՏԸ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԽԱՂ



ՇԱԽՄԱՏԸ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԽԱՂԵրկու հազար տարի շարունակ թեժ եւ անզիջում մարտեր են … 64 վանդականի խաղատախտակի վրա:

Շախմատը աշխարհում ամենատարածված  եւ սիրված խաղերից է եւ  միավորում է մարդկային գործունեության  երեք ոլորտները՝ գիտությունը, արվեստը, սպորտը: Ավանդապատումները վկայում են, որ այն իր հորինման օրից համարվել է ռազմական խաղ: Շախմատի հայրենիք Հնդկաստանում հին շախմատը ՝չատուրանգան, պատկերել է զորք: Ֆիրդուսին իր «Շահնամեում» բերում է մի ավանդապատում խաղի ստեղծման մասին, որտեղ խաղատախտակը իրենից ներկայացնում է մարտադաշտ, խաղաքարերը՝ կռվող բանակներ:

Այն փաստը, որ շախմատը ռազմական ոճի խաղ է, վկայում են անգամ խաղաքարերի անվանումները՝ զինվոր, նավակթնդանոթ, աշտարակ, փիղ, ձիԱյս անվանումները երբեմն փոխվել են՝ կապված այն հանգամանքների հետ, թե պատերազմների ժամանակ որտեղ ինչ միջոցներ եւ ուժեր  են ներգրավվել բանակի կազմում: Օրինակ՝ Պարսկաստանի  ու Կարթագենի բանակներում մարտական փղեր կային, իսկ  ահա  «ձի» խաղաքարը պարզից էլ պարզ է՝   վաղնջական ժամանակներից  ի վեր  ձիերն օգտագործվել են կռվող կողմերի բանակներում:

Շատ աշխարհակալներ, զորավարներ են գերապատվություն տվել շախմատին: 11 դար առաջ խալիֆ ալ Մամունը՝ Հարուն ալ Ռաշիդի որդին, նշել է, որ ոչ մի էական տարբերություն չկա ռազմադաշտում եւ շախմատի տախտակի վրա մղվող կռիվների միջեւ, եւ անգամ խոստովանել է, որ  անձամբ իր համար շախմատի տախտակի առջեւ ավելի դժվար է հաղթել հակառակորդին, քան հենց բուն կռվի դաշտում. «Տարօրինակ է, որ ղեկավարում եմ աշխարհը Հնդկաստանից մինչեւ Արեւելք, Անդալուզից մինչեւ Արեւմուտք, բայց չեմ կարողանում երկու թիզ տարածությամբ շախմատի տախտակի 32 ֆիգուրների հախից գալ»:

Շախմատով հրապուրված է եղել նաեւ Նապոլեոնը:  Փառասեր  կայսրը եզակի մարդկանց հետ էր միայն բարեհաճում խաղալ:  Այս խաղով տարված է եղել նաեւ կայսրի  գեներալներից մեկը՝ Լ. Դեշապելը,  ժամանակին նրան հավասար շախմատիստ Ֆրանսիայում չի եղել: Նա շախմատային յուրօրինակ ստրատեգիա ուներ՝ երբեք մրցակցի հետ հավասար պայմաններում չէր խաղում՝ համոզված լինելով, որ ինքը զգալիորեն գերազանցում է ցանկացած հակառակորդի:

Շախմատային խաղով տարված են եղել գեներալիսիմուս Ա.Սուվորովը, ծովակալ Հովհ. Իսակովը, մարշալներ Կ.Ժուկովը, Հովհ. Բաղրամյանը:

Շախմատը համարվում է մտային մարզանք: 

Բարձր գնահատելով շախմատի դերն ու նշանակությունը՝ այն մի քանի դար առաջ ներառվել է մի շարք երկրների ռազմական ակադեմիաների ուսումնական ծրագրերում:

1815թ. շախմատը պարտադիր առարկա էր Կոպենհագենի ռազմական ակադեմիայում: Որպես իր այդ որոշման հիմնավորում, ակադեմիայի ղեկավարը ռազմական նախարարին զեկուցել է, որ. «Այդ խաղը ունի մոտ 72 հազար տարբեր եղանակներ առաջին երկու քայլերը կատարելու, չի կարող օգտակար չլինել ապագա սպաների համար՝ նրանց  մոտ փոփոխվող իրադրություններում համապատասխան ռեակցիա ձևավորելու առումով»:

Դանիայի օրինակին հետևեցին Պրուսիան և մի քանի այլ երկրներ, այդ թվում և Արգենտինան, որի ռազմական նախարարը 1914 թ. շախմատի դասավանդումը ներառեց երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի ուսումնական ծրագրերում:

Շախմատը մարդու մոտ զարգացնում է ոգու առկայություն, մտահավաքություն, աննկուն կամք և այն ամենը, ինչը չի կարող տալ ոչ մի այլ մարզաձև:

Խորհուրդ զինվորներին. եթե  դուք որոշել եք խորանալ ռազմական արվեստում ու գեներալ դառնալ, այնժամ հարկ է հիշել ֆրանսիացի զորավար Կոնդեի խոսքերը. «Լավ գեներալ դառնալու համար հարկավոր է լավ շախմատ խաղալ»:

Պատրաստեց  ԱՐՄԵՆ ՍՈՒՂՅԱՆԸ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՍԻՆ

 Կյանքը նման է շախմատի. ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել;

Չինական

Շախմատը ըստ ձեւի խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն:

Տիգրան Պետրոսյան

Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո ե՛ւ արքաները, ե՛ւ զինվորները դրվում են միեւնույն արկղի մեջ:

Մ. Սերվանտես

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Մարզաշխարհ


15/02/2018