Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ, ԷՍՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ…



ԶԻՆՎՈՐ ԵՆՔ, ԷՍՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ...Մեր առյուծ մայրերը ծնեցին կորյուններ` հերոս զավակներ, որոնց արյան գնով ձեռք ենք բերել հաղթանակ, ազատություն ու անկախություն: Հայրենասիրության ոգին մարտի կոչեց բազմաթիվ երիտասարդների։ Նրանց թվում էր ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Արա Հարությունյանը:

Արա Հարությունյանը ծնվել է 1968թ. փետրվարի 2-ին, ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, մշեցու ընտանիքում: Մեծացել է ավանդական ընտանիքում, ուր հայրենասիրությունը ոչ թե ներարկվել, այլ հանապազօրյա հացի պես մի բան է եղել նրանց ընտանիքում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը: 1986-88թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում` մասնակցել աֆղանական պատերազմին և պատերազմից վերադարձել կառավարական պարգևներով: Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է Երևանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ: 1988թ. մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին:

1989թ., երբ Արցախ աշխարհը շնչահեղձ էր լինում շրջափակումից և ադրբեջանցի խաժամուժի ոտնձգություններից և մայր հայրենիքից օգնություն էր ակնկալում, աֆղանական կռիվների փորձառու մարտիկը անմիջապես զինվորագրվեց ազգային-ազատագրական պայքարին: Զինվորագրվեց՝ գիտակցելով, որ ինքը պետք է իր փորձով, իր անցած ճանապարհով:

Անդամագրվելով Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատին՝ Արան մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Շարժուն, հմուտ, ֆիզիկապես ուժեղ և զինվորական գործին տիրապետող Արան հասցնում էր լինել այնտեղ, որտեղ ինքը պետք էր, իսկ հայ ժողովրդին պարտադրված պատերազմի ճակատային գծում նրա նման փորձ ունեցող մարտիկը շատ էր պետք: Փորձի ու հմտության շնորհիվ շատ արագ դարձավ Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատի առաջամարտիկներից մեկը, արժանացավ հրամանատար Մանվել Գրիգորյանի և մարտընկերների վստահությանը:

Պատերազմական փորձն ու հմտությունը երևացին հատկապես Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրման ժամանակ: Ադրբեջանի իշխանությունները հինավուրց հայկական Հողեր գյուղը դարձրել էին ռազմական զորակայան և գյուղից շարունակ ռազմագործողություններ էին կազմակերպում Էդելվադ ձորակի խաղաղ բնակչության դեմ: Հողեր գյուղից ադրբեջանցի զինյալներին վռնդելը Էջմիածնի երկրապահ ջոկատի կազմակերպած փայլուն գործողությունն էր, որն անցավ խելամիտ ու առանց զոհերի: Մինչև ատամները զինված ադրբեջանցի բաշիբոզուկները անզոր էին Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատի խիզախումների դեմ, իսկ առաջին շարքերում Արան էր:

Երբ Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատը վերակազմավորվեց կամավորական գումարտակի, Արան նշանակվեց գումարտակի մարտական գծով հրամանատարի տեղակալ: 1990-93թթ. Արան անմիջական մասնակցություն է ունեցել Հադրութի շրջանի Էդիլլուի ձորակի, Հողեր, Չիման, Մելիքաշեն գյուղերի, Մարտակերտի շրջանի Հաթերք և մի շարք այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական գործողություններին:

1993թ. ապրիլի 5-ի առավոտյան Հադրութի շրջանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զորքերը կազմակերպեցին հերթական լայնածավալ գրոհը: Նրանք հրետանու և օդուժի օգնությամբ փորձում էին առաջանալ դեպի Կավաքի բարձունքը: Սակայն հակառակորդի առաջխաղացման դեմ կանգնած էին Էջմիածնի կամավորական գումարտակի խիզախ հայորդիները: Ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին ճեղքել պաշտպանությունը և տիրանալ կենսական ու ստրատեգիական նշանակություն ունեցող Կավաքի բարձունքին, որը կարևոր դերակատարություն ուներ հակառակորդի կողմից Ֆիզուլիի պաշտպանության համար, իսկ մեր կողմից բարձունքը պահպանելով՝ Ֆիզուլին շարունակ պահվում էր հսկողության տակ, և քաղաքում տեղակայված ադրբեջանական միավորումները չէին կարողանում ազատ տեղաշարժվել: Գրեթե ամբողջ օրը ահեղ մարտեր ընթացան: Ադրբեջանական կողմը մարտի հանեց ՍՈՒ ինքնաթիռը, «Կոկորդիլոս» ուղղաթիռները, շարունակ աշխատում էին հեռահար հրանոթները: Սակայն ո՛չ տեխնիկայի առավելությունը և ո՛չ էլ զինյալների քառակի ավելի լինելը չօգնեցին թշնամուն, որովհետև հայ կամավորականները կռվում էին քաջաբար: Այս կարևոր բարձունքի համար պայքարում էին Էջմիածնի կամավորական գումարտակի անդամները և Տող գյուղի մարտիկները: Ճակատամարտն ահեղ էր, որովհետև որոշվում էր Արցախի այս դարպասի ճակատագիրը …

Օրվա երկրորդ կեսին Էջմիածնի կամավորական գումարտակի խիզախ մարտիկների ձեռնարկած կտրուկ գործողությունների շնորհիվ նախ կասեցվեց թշնամու առաջխաղացումը, ապա կամավորականները, նախաձեռնությունը վերցնելով իրենց ձեռքը, ստիպեցին հակառակորդին նահանջել: Այդ օրը մերոնք շարքից հանեցին թշնամու երկու հրասայլ, իսկ մեկն էլ առգրավեցին: Կավաքի բարձունքի և Կավաքավանքի պաշտպանության ժամանակ վիրավորվեցին տասնյակից ավելի մարտիկներ, իրենց կյանքը չխնայեցին մի շարք հայորդիներ: Կավաքի ազատագրման ժամանակ մարտի թեժ պահին վիրավոր ընկերոջը փրկելու նետված Արան ընկավ, ընկավ թշնամու դավադիր գնդակից, և նրա ճակատագրի անշեղ ասուպը իջավ Կավաքի բարձունքին… Ընկավ հերոսն ընդամենը 25 տարեկանում:

Արայի մարմինը Հադրութից տեղափոխվեց Էջմիածին և հուղարկավորվեց Արշալույս գյուղի՝ արդեն խիզախ հայորդիներ ընդունած պանթեոնում՝ մարտական ընկերների կողքին:

Արա Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան» և «5-րդ բրիգադ» մեդալներով:

Արա Հարությունյանի անունով է կոչվել հայրենի գյուղի` Ակնալճի միջնակարգ դպրոցը: Փետրվարի 2-ին դպրոցը մարդաշատ էր։ Արցախյան ազատամարտում զոհված Արա Հարությունյանի 50-ամյակը առիթ դարձավ, որ ակնալիճցիները մեկտեղվեն՝ կրկին հիշելով հերոսի մահով ընկած իրենց համագյուղացուն։ Դպրոցի նախասրահում տեղադրված է նրա կիսանդրին, իսկ դպրոցի փառքի սրահում ներկայացված են գյուղի 14 զոհված հերոսների նկարներն ու անձնական իրերը: Արա Հարությունյանի իրերի հետ մեկտեղ ցուցադրված է նաև այն համազգեստը, որը զոհվելու օրը կրել է հերոսը։

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ձորակայան բնակավայրը կրում է Արայի անունը: Հադրութի ողջ բնակչությունը, հատկապես Էդիլլուի ձորակի բնակչությունը, մշտապես հիշում է խոշոր ու սև աչքերով, գեղեցկատես ու գանգրահեր, խիզախ, բարի ու ժպտերես Արա Հարությունյանին…

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

մայոր

ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ճակատագրեր


15/02/2018