Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ» ԱՐՑԱԽ ՃԱԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ



«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ» ԱՐՑԱԽ ՃԱԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆՄոխրաթաղը Մարտակերտի շրջանի հերոսական գյուղերից է: Թշնամին մարդկային մեծ կորուստներ է տվել է հենց այս գյուղի մատույցներում: Ամեն տարի մոխրաթաղցի նախկին ազատամարտիկները հավաքվում, այցելում են մարտական դիրքեր, վերհիշում պատերազմից դրվագներ, հիշում իրենց զոհված ընկերներին եւ ամեն անգամ հպարտությամբ նշում, որ իզուր չի հայոց հողը արյունով ներկվել, որ ազատ եւ անկախ երկիր ունենալու համար պետք է պայքարել, պետք է մաքառել:

Մոխրաթաղի հերոսներից էր Վլադիմիր Բալայանը, մի սովորական հայ, որի կյանքի ընթացքը խախտվեց 1988 թվականին…

Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958թ. փետրվարի 14-ին, Մոխրաթաղում: Սովորել է Մարտակերտի թիվ 2 ութամյա դպրոցում, այնուհետեւ միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղում: Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ: Խորհրդային բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983թ. եւ աշխատանքի է անցել հայրենի գյուղում` որպես գյուղատնտես: 1985թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Վլադիմիրը քաջ գիտակցեց, որ հարազատ հողին վտանգ է սպառնում: Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները` խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել: Վաճառեց սեփական ավտոմեքենան, զենք գնեց եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայելու թշնամուն: Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն այլ շրջաններում եւս նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:

1991թ. ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այդ ծանոթությունը նրանց ընդմիշտ կապեց միմյանց… Այն զորամիավորումը, որը հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, կոչվեց «Ազատագրական բանակ»: Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ բարեկամական մթնոլորտը եւ թե՛ խիստ կարգապահությունը: Զինվորներին խստիվ արգելվում էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ: Նրանք տիրապետում էին արեւելյան մարտարվեստներին եւ անընդմեջ կոփում էին իրենց մարմինները: Նույնիսկ ծանր մարտերից հետո կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները: Սակայն ամենից կարեւորն ու հատկանշականը երկու հրամանատարների՝ միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը: Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը. երբ թշնամին մոտեցել էր Մարտակերտին, կինը, տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից: Սակայն Վլադիմիրը անկոտրում էր: Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է: Եվ նա մինչեւ վերջին օրը ընտանիքը թողեց գյուղում…

Պատերազմի ընթացքում «Ազատագրական բանակը» փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում, անընդմեջ մասնակցելով մարտական գործողություններին, ազատագրեց 24 գյուղ` պաշտպանելով մի ամբողջ շրջան: Միայն երկու անգամ ջոկատը մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը:

«Ազատագրական բանակը» իր բոլոր ռազմական գործողությունների ընթացքում տվեց վեց զոհ, դժբախտաբար հինգերորդը եւ վեցերորդը եղան հենց իրենք` երկու հրամանատարները:

Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողությունների Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Հադրութի եւ Լաչինի շրջաններում:

1992թ. հունիսի 6-ին Չայլուի պաշտպանության ժամանակ զոհվեց միջնադարյան ասպետի նման խիզախ ու վեհանձն Վլադիմիր Բալայանը: Վլադիմիրի զոհվելու լուրն առնելուն պես Ազգալդյանն ասես մեկ օրվա ընթացքում ծերացավ: Մարտիկներն առաջին անգամ արցունք տեսան հրամանատարի աչքերում:

Մարտական ընկերոջը հուղարկավորելիս նա երկար լուռ կանգնեց հողաթմբի մոտ, ապա ասաց.

-Մեկ է, ես շուտով գնալու եմ եւ երկնքում կհանդիպեմ Վլադիմիրին:- Ապա դառնալով իր զինվորներին՝ դիմեց,- գիտեմ՝ դժվար է, սակայն փորձության ժամին չզլանաք, կանչեք Վլադիմիրին, եւ նա կհասնի օգնության:

Վլադիմիրի զոհվելուց ընդամենը տասներկու օր անց զոհվեց եւ Լեոնիդ Ազգալդյանը:

Վլադիմիր Բալայանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ «Արիության համար» մեդալով:

Հուշարձան է կանգնեցված նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում:

Հերոսի աճյունը հանգչում է Աղաբակալինջի գերեզմանատանը:

2018թ. փետրվարի 14-ին Վլադիմիր Բալայանը կդառնար 60 տարեկան: Շնորհավոր ծնունդդ, հայրենիքի նվիրյալ:

 Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ճակատագրեր


15/02/2018