ԶՈՐՔԸ ՆՐԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՆ Է…
Արդեն ավանդույթ է դարձել, որ հունվար ամսին զորամասերում ջուր է օրհնվում՝ որպես խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի մկրտության: Հունվարի 15-ին Արարատի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը գնդերեց Արթուր սարկավագի հետ զորամասում ջրօրհնեքի կարգ կատարեցին, որի խաչքավորն էր գնդապետ Կ. Սերոբյանը: Օրհնված ջուրը բաժանվեց զորքին: Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանի նախաձեռնությամբ օրհնված կենարար ջուրը հասավ նաեւ առաջնագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին:
Գնդապետ Կարեն Սերոբյանը Արմավիրի Հայկաշեն համայնքից է: Սովորաբար շաբաթ-կիրակի օրերին սիրում է հայրենի գյուղում հանգստանալ: Իհարկե, եթե նրան հաջողվում է: Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ հրամանատարը փոքր- ինչ զբաղված է:
Իսկ ես գնդապետի հայրական տանը զրուցում եմ նրա հարազատների հետ:
-Հյուրեր ունի: Բայց կես ժամից կմիանա մեզ: Ջրօրհնեքից հետո օրհնված ջուրը նաեւ գյուղ է բերել: Հիմա էլ հարազատների հետ հավաքվել, զրուցում են,-ասում է հրամանատարի կինը՝Ժաննան:
Մայրը՝ տիկին Գոհարը, ներկայացնում է որդուն.
-Գիտեք, չէ՞, երազում էի, որ երրորդ որդիս էլ բժիշկ դառնար: Բայց, չուզեց: Մանկուց հետաքրքրվում էր բանակով, անընդհատ թերթերից զենքերի նկարներ էր գտնում, առանձնացնում: Բանակին, զինվորին վերաբերող ամեն ինչ կարեւոր էր նրա համար: Մտածում էի՝ կանցնի, բայց…
-Տիկի՛ն Գոհար, բայց չէ որ Ձեր որդին արդեն մեր բանակի լավագույն հրամանատարներից է,- փորձում եմ իբրեւ թե գոտեպնդել:-Այսքան սիրված, հարգված, գնահատված…: Բացի այդ, Ձեր ընտանիքում երկու բժիշկ կա, նույնիսկ մեկը զինվորական բժիշկ է:
-Մաման ճիշտ է, ուզում էր, բայց Կարենն ընտրեց իր ճանապարհը, -միջամտում է բժիշկ Անդրանիկ Սերոբյանը՝ գնդապետ Սերոբյանի ավագ եղբայրը.
-Կարենը տան կրտսերն էր, բայց հստակ գիտեր՝ ուր է գնում եւ ինչու: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո դիմում գրեց՝ ուղիղ առաջնագիծ: Նրա համար ծառայությունն սկսվում է զինվորից: Կարենը կարողանում է ճիշտ կշռադատել: Նա սիրված հրամանատար է: Երբ ավարտելուց հետո կամավոր որոշեց առաջնագծում ծառայել, հասկացանք, որ նրա ճանապարհը բարդ, բայց խոստումնալից է լինելու,-պատմում է ավագ եղբայրը:
-Հե՞շտ է ապրել մի մարդու հետ, որն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ուրիշներին,- հարցնում եմ գնդապետի կնոջը:
-Կարենի հետ ես էլ եմ ծառայում: Երբ ամուսնանում էինք, գիտակցում էի՝ ինչ է նշանակում զինվորականի կին լինելը: Իմ հայրական տանն էլ զինվորականներ կային: Տոներ, հատուկ օրեր, կարեւոր գործեր…Կապ չունի, նախ՝ զորամասը, զինվորը, հետո՝ ընտանիքը: Կարենը նախ եւ առաջ զորամասինն է, հետո միայն մերը,- կատակում է Ժաննան:
-Մեր բանակը 26 տարեկան է: Կարենը գրեթե նույնքան ծառայում է՝ քսանչորս տարի: Հիշում եմ, երբ լրացավ նրա ծառայության քսան տարին, եւ նա կարող էր վաստակած հանգստի անցնել, ասացի՝ Կարեն, հերիք է, դու կատարեցիր քո առաքելությունը: Նախ՝ խոժոռեց դեմքը, ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Ես դեռ անելիք ունեմ բանակում»:
-Գիտեմ, որ միշտ նրա կողքին եք: Ուր էլ գնա՝ բնակության վայրը փոխում է նաեւ ընտանիքը: Դժվար չէ՞ նման ձեւով ապրելը…
-Երբ ընտանիքում կա սեր, փոխադարձ հարգանք, նվիրվածություն, ամեն ինչ հեշտ է: Կարենն ընդամենը երեք անգամ է Ամանորը տանը դիմավորել: Երկուսը, երբ Մոսկվայում ռազմական ակադեմիայում էր սովորում, եւ մի տարի էլ, երբ նախարարությունում էր: Զորքը նրա առաջին եւ ամենամեծ ընտանիքն է: Աղջիկս մի օր հարցրեց՝ մա՛մ, ինչո՞ւ պապան մեզ հետ չի դիմավորում Նոր տարին: Ես էլ պատասխանեցի, որ պապան եթե մեզ հետ մնա, միայն մենք ենք ուրախանալու: Իսկ զորամասում նրա ներկայությունից հարյուրավոր զինվորներ պիտի ուրախանան,- կես կատակ-կես լուրջ ասում է Ժաննան:
Վերջապես: Գնդապետ Կարեն Սերոբյանը միացավ մեզ:
-Պարո՛ն գնդապետ, գիտեմ, որ զորամասում ջրօրհնեք է կատարվել: Օրհնված ջուրը հասել է առաջնագիծ:
-Այո՛, այս տարի իմ խաչքավորությամբ զորամասում ջրօրհնեքի կարգ կատարվեց: Ես հետամուտ եղա, որ օրհնված ջուրը հասնի սահմանին կանգնած զինվորներին: Աստծու աջը թող պահապան լինի նրանց: Սա շատ կարեւոր քայլ էր, որն ինձ իսկապես ոգեւորեց: Զորքին եւս մեկ առիթ՝ ուրախանալու, գնահատված զգալու համար:
-Իսկ տանը՝ ընտանիքում, ինչպիսի՞ն է Կարեն Սերոբյանը:
-Տանն էլ պիտի կարգապահություն, հարգանք, հոգատարություն լինի: Հիմնականում ծառայությունը մնում է զորամասում: Ինչքան էլ հոգնած, մտազբաղ լինեմ, տանը ես հանգիստ եմ, հանդարտ, բայց, կարգուկանոնը պիտի տեղում լինի,-ժպտում է հրամանատարը:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը կամ հաջողության գրավականը:
-Թերեւս ինքս իմ խղճի առաջ արդար լինելը: Զինվորներիս հնարավորինս օգնելու, նրանց ճիշտ ուղի ցույց տալու, արդարամիտ լինելու շնորհիվ գուցե ունեմ այն, ինչ ունեմ: Հրամանատարը նախ եւ առաջ պիտի լավ հասկանա զինվորի հոգեբանությունը: Զինվորին պիտի օգնի՝ գիտակցաբար մոտենալու ծառայությանը: Զինվորը պիտի նաեւ հրամանատարի շնորհիվ զգա, որ Հայրենիքին ծառայելը պատիվ է, հպարտություն:
-Մեր բանակը դարձավ 26 տարեկան: Ի՞նչ կմաղթի հրամանատարը իր զինվորներին:
-Մեր բանակը մարտունակ է մեր զինվորներով: Յուրաքանչյուր հայ զինվոր մեր խաղաղությունը պահպանող արծիվ է: Եվ իմ ցանկությունը մեկն է՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Բանակ և հասարակություն