ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Վաղուց ավանդույթ է դարձել զինվորական երդման հանդիսավոր արարողություններն անցկացնել ոչ միայն զորամասերում, այլև՝ մարդաշատ բնակավայրերում՝ Հայոց պատմության երևելիների, հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում, հրապարակներում, պատմաճարտարապետական հուշարձանների կամ հայի քրիստոնեական հավատքի ու հավերժության առհավատչյա խաչքարերի մոտ: Նպատակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հռչակած «Ազգ-Բանակ» հայեցակարգի համաձայն՝ բանակ-հասարակություն կապերին նոր լիցք հաղորդելն է, նորակոչիկների շրջանում հայրենի եզերքի հանդեպ անսահման սիրո, ակնածանքի ներարկումը, ռազմահայրենասիրական գաղափարների արմատավորումն ու բյուրեղացումը:
Գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի նորակոչիկների հերթական զինվորական երդման հանդիսավոր արարողությունն այս անգամ Գորիսի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ գտնվող ինքնատիպ խաչքարի կողքին վեհորեն վեր խոյացած Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին կառուցված հուշահամալիրի շրջակայքում էր, որը Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի օրոք բարեկարգվել է, բերվել պատշաճ տեսքի:
Արժանիորեն ծառայելու երդումով՝ Հայոց բանակի շարքերը համալրեցին բազմաթիվ զինվորներ: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու խոսքը զորավոր է, որը նրանք կհիշեն ամբողջ կյանքի ընթացքում: Այսպես է դրվում նրանց հայրենյաց պաշտպանի՝ իսկական տղամարդ դառնալու սկիզբը:
Նորակոչիկների՝ զինվորական կյանքին շուտափույթ հարմարվելու պատրաստակամությունը, ծնողների ու հարազատների` իրենց զավակների երդման արարողությանն ականատես լինելը, զինվորի նկատմամբ հրամանատարության հոգատար ու հարգալից վերաբերմունքը, տիրող բարձր տրամադրությունը լավագույնս վկայում են, որ նոր սերունդը ևս ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցորեն է վերաբերվում ստանձնած նվիրական առաքելությանը և իր արտասանած ոչ մի խոսքը քամուն չի տա՝ «…անձնվիրաբար ծառայել հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը: Երդվո՛ւմ եմ»:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ