ԲԱՐԴ ԴԻՐՔԻ ՊԱՐԶ ՏՂԱՆԵՐԸ
Անտառի համասեռ զանգվածում քարաշեն գետնատնակը միանգամից է աչքի ընկնում: Առանց նախամուտքի, նեղլիկ պատուհաններով, ժլատ լուսավորությամբ, մենակ, բայց ձիգ կանգնած կացարանը պաշտպանական շրջանի ամենաբարդ հատվածում է: Ներսում` ոչ մի ավելորդություն: Զենքեր՝ կանոնավորությամբ շարված, մահճակալներ՝ պատի տակ, կողք կողքի, պահարան՝ դռան մոտ, զինվորական իրեր, զանազան սարքեր, անվտանգության կանոնների մասին ուղեցույց, առաջին բուժօգնության պարագաների փակ դարակ, ժամացույց: Ամբողջ կահավորանքը խոսում է այն մասին, որ այստեղ սպարտական խստակեցությամբ են ապրում: Եվ միայն պատին ամրացված դրոշի կարմիրը, կապույտը, նարնջագույնն են խախտում սենյակի միօրինակությունը:
Վառարանին քլթքլթոցով եռում է թեյնիկը` մտերմիկ տրամադրություն ստեղծելով: Հավաքվում ենք ցածրիկ սեղանի շուրջ: Սկզբից զինվորների խոսքերը երկչոտ են, պատասխանները՝ միավանկ. կարծես ռազմական թեմայով խորհրդակցության լինենք: Բայց երբ մայոր Վարդանյանն ասում է` «Ձագե՛ր, չորս կողմը ընկուզենիներ են, իսկ դուք պոպոք չունեք, հա՞», աշխուժությունը պաշարում է գետնատնակը: Զրույցն ավելի դյուրին է դառնում: Կիսաստվերում լուռ նստած տղաները եռանդի են գալիս: Ամենաճարպիկն աման է վերցնում, դուրս վազում` պոպոքը բերելու: «Ձագեր». այնքան անկեղծություն ու հավատարմություն կա այս մի հատիկ բառի մեջ. բարդ դիրքում սովորական բառերը հատուկ են դառնում:
Եվ զինվորներն ափի մեջ են առնում երկուական հաստակեղև ընկույզ, ուժեղ սեղմում, ջարդում ու խոսում բնությունից: Ասում են՝ ամեն ծառ այստեղ ժամապահ է, հենց մերկանում է, տեղաշարժվելը դժվարանում է: Այդ է պատճառը, որ աշունն այդքան էլ չեն սիրում: Պատմում են ծառայության բարդություններից` շատ են մոտ հակառակորդին ու հեռու աշխարհից. «Պատկերացրեք` մի ինչ-որ բանի կարիք ունես, և խանութ է պետք…»: Բացատրում են՝ սնունդը, ջուրը, զենքն ու զինամթերքը ոտքով են տեղ հասցնում, որովհետև մեքենայով վտանգավոր է: Բայց և չեն հասկանում՝ ինչո՞ւ ոմանք համառորեն չեն ուզում ծառայել: Պարզապես իրենցից յուրաքանչյուրն արդեն հաղթահարել է վախի, ցրտի, ցավի, կարոտի այն սահմանը, որից հետո մի կարևոր իմաստ ես գտնում:
Հետո զինվորները Մուշից, Սասունից գաղթած իրենց նախապապերից են պատմում, բայց ոչ այնքան հպարտ շեշտով, որքան բանաձևումներ գտնելու համար. «Պիտի պայքարես, որ ապրես»: Ծառայության ուրախ պահերն էլ են վերհիշում, իրենցից էլ են խոսում: Արմանը ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող է, չափագրման աշխատանքները միշտ նրան են վստահում, Նորայրն ու Արամն էլ շինարարությունում են աշխատել, գիտեն՝ ինչպես կառուցել, որ պաշտպանությունը պինդ լինի: Հրամանատարը նկատում է՝ տղերքը կաշվից դուրս կգան, բայց ամենաանհուսալի գործն էլ գլուխ կհանեն: Ես լսում եմ, ու թվում է, թե վտանգի ու խիզախման արանքում ծվարած բարդ դիրքում կյանքը զերծ է անախորժություններից, վեճերից, մեղադրանքներից, անգամ հոգնելու ժամանակ չկա:
Թույլտվություն եմ խնդրում, որ խրամաբջիջում հերթապահող զինվորներին էլ ողջունեմ: Ավագ լեյտենանտ Արման Հայիրյանն օգնում է, որ սաղավարտ ու զրահաբաճկոն հագնեմ: Եվ այդ պահին մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող հակառակորդը հանկարծ իրական է դառնում:
Ուսից կախված ավտոմատը ավագ լեյտենանտին ծանրակշիռ տեսք է տալիս: Նա մասնագիտությամբ դերասան է: Տասներկու տարի որպես պայմանագրային է ծառայել ու ապրիլյան դեպքերից քսան օր առաջ զորացրվել: Ուզում էր մի քիչ էլ սովորական կյանքով ապրել: Բայց չհասցրեց. ապրիլը փոխեց դեպքերի ընթացքը: Նորից դիրք բարձրացավ՝ այս անգամ որպես կամավոր: Ու մնաց:
-Հասկացա, որ չեմ կարող խաղաղ ապրել պատերազմի կողքին: Պիտի էստեղ լինեմ,-ասում է արցախցու առոգանությամբ:
Եվս մի քանի քայլ ու հասնում ենք խրամաբջիջ: Հերթապահը Արթուր Վասիլյանն է: Լուրջ-լուրջ զեկուցում է, ապա՝ բարևում: Ժպիտը դեմքի լարվածությունը միանգամից է ցրում: Խոսում ենք եղանակից, այստեղ հանդիպող կենդանիներից, ձանձրույթից: Հարցնում եմ՝ էս դիրքը ի՞նչ է փոխել քո կյանքում: Մի քիչ մտածում է ու պատասխանում. «Էստեղ ծառայած տղան իր տեղն անպայման կզիջի երթուղայինում»: Բարդ դիրքում ճշմարտություններն այսքան պարզ են:
Արթուրը առաջարկում է կողքի խրամաբջիջ էլ գնալ, որտեղ իր դիրքապահ ընկերը՝ Վասիլի Նովիկովն է կանգնած: Նա մի քանի օրից զորացրվելու է: Արեւադեմ, կապտաչ զինվոր է:
-Բա մոլոկանները ծառայո՞ւմ են,- հետաքրքրվում եմ:
-Ես՝ հա,- կտրուկ ասում է Վասիլին,- երդում եմ տվել… Պարտքս եմ կատարում… Հայաստանն իմ հայրենիքն է:
-Ցավդ էլ տանեմ,- ավագ լեյտենանտ Հայիրյանի ձայնն է:
Դե, ինչ, հրաժեշտի պահն է: Անփորձանք ծառայություն եմ մաղթում զինվորներին, իսկ նրանք ընկույզով լիքը տոպրակ են դնում մեր մեքենայում: Ես տոպրակը գրկում-նստում եմ՝ ասես սահմանի ուժը, ոգեղենությունը, տղաների պարզությունն եմ մայրաքաղաք բերելու…
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում