Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒ ՍԻՐՎԱԾ ՏՈՆ



ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒ ՍԻՐՎԱԾ ՏՈՆԱրդեն տասը տարի է, ինչ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումնայանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, ի հիշատակ մեծ բանաստեղծի, մեր հանրապետությունում նշվում  է որպես Գիրք նվիրելու օր:

Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ սովորություն էր, լավ գիրքն էր ամենասպասված ու հաճելի նվերը: Այս ավանդույթը վերականգնվել է Գիրք նվիրելու օրվա շնորհիվ, որի հանդեպ տարեցտարի մեծանում է հանրության հետաքրքրությունը, ընդարձակվում է աշխարհագրական ընդգրկումն ու մասնակիցների թիվը: Այդ մասին   վկայում է նաև գրախանութներում տոնին նախորդող օրերին տիրող առանձնահատուկ եռուզեռը:

Այս տարի գիրն ու գրականությունը ընթերցողին հասցնելու կոչված միջոցառումների շրջանակում Հայաստանի գրողների միության և Երևանի քաղաքապետարանի Կրթության ու գիտության վարչության նախաձեռնությամբ հանրապետության տարբեր դպրոցներում հանդիպումներ եղան գրողների, գրականագետների հետ: Տոնի առթիվ տարաբնույթ միջոցառումներ անցակցվեցին մարզերում՝ Գյումրիում, Նոյեմբերյանում, Լոռիում, Արարատում, Արմավիրում, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետությունում:

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒ ՍԻՐՎԱԾ ՏՈՆՓետրվարի 17-ին՝ տոնին ընդառաջ,  Հայաստանի գրողների միությունում մամուլի ասուլիս կայացավ միության նախագահ Էդվարդ  Միլիտոնյանի հետ: Նա լրատվամիջոցներին ծանոթացրեց նախատեսվող միջոցառումներին:  §Այսօր ժամանակակից լուրջ գրականություն կա՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն, որին պետք է ծանոթ լինենք, – ասաց Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց. –մեր ժողովուրդը պետք է ճանաչի նաև այսօրվա գրողներին և վստահ լինի, որ մեր գրական ոգին այնպիսի հզոր լիցքեր է կրում, որ անկախ խոչընդոտներից,  արարել  է  երեկ, արարում է այսօր և կարարի միշտ: Մեր ժողովրդին մաղթում եմ, որ վերադառնա դեպի գրականություն, և ավելանա ընթերցողների քանակը, ինչպես նախկինում, երբ գրքի 20-30 հազար տպագիր օրինակները սպառվում էին մի քանի օրում:  Գիրք նվիրելով իրար, պայծառ պահելով Հովհաննես Թումանյանի և մեր բոլոր մյուս մեծերի հիշատակը՝ մենք պետք է վերստին ապրեցնենք գիրը մեր ընթերցասիրությամբ, մեր գեղեցիկ վարքուբարքով, երկիրը սիրելու ու պահպանելու ջանքերով¦:

Նույն օրը ՀԳՄում կայացավ նաև մի շարք լրատվամիջոցների պարգևատրման արարողությունը: Գրքի ու գրականության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Գրողների միության աշխատանքների լուսաբանման համար Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց նաև ՊՆ §Հայ զինվոր¦ պաշտոնաթերթին ու ՊՆ §Զինուժ¦ հաղորդաշարին:

Քնար Թադևոսյան

Լուս.՝ Գևորգ Բաղդասարյանի

Խորագիր՝ Նորություններ


19/02/2018