Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՔԵԶ ՀԵՏ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՔԵԶ…»



«ՔԵԶ ՀԵՏ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՔԵԶ…»Լիլիթ Ավագյանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրն է: Առաջին մասնագիտությամբ բուժքույր է, բայց նկարչությունն ու գորգագործությունը միշտ էլ իրենն է համարում: Գորգագործ-նկարչուհին ասում է, որ իր սրտի ողջ սերը, մայրական քնքշանքն ու ջերմությունը նվիրել է իր երկու որդիներին՝ Արամայիսին ու Արսենին: Թերևս զավակներն  էլ մորից են ժառանգել նկարելու, քանդակելու ձիրքը: Մայրը պատմում է, որ Արամայիսը որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո ամբողջովին նվիրվել քանդակագործությանը…

Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի միջնակարգ դպրոցում՝ դասասենյակներից մեկի պատին, կարդում եմ. «Արամայիս Միքայելյանի անվան ռազմագիտության դասարան»: Ներս ենք մտնում:

-Արդեն մեկ տարի է՝ դասասենյակը մեր դպրոցի շրջանավարտ, քառօրյա պատերազմում զոհված հայորդու անունն է կրում: Եվ գրեթե նույնքան ժամանակ էլ տիկին Լիլիթը դպրոցում է աշխատում: Այստեղ իրեն լավ է զգում, որդուն ավելի մոտ: Տղայի սիրած գործն էլ մատաղ սերնդին   է փոխանցում,- ասում է դպրոցի տնօրենը:

 Նստել եմ առաջին շարքում, ինչպես  սովորաբար նստում էր Արամայիսը: Ինձ հետ դասարանում են մայրը՝ տիկին Լիլիթը, դպրոցի տնօրեն տիկին Շմավոնյանը, Արամայիսի դասղեկը՝ Լուսինե Հարությունյանը, և քանդակի խմբակի ամենատաղանդավոր սաները՝ Միքայելը, Վանիկը, Վազգենը…

Բոլորը լուռ են: Շուրջբոլորը Արամայիսի նկարներն են, քանդակները: Դասասենյակն  ավելի շուտ ինձ պատմության թանգարան է հիշեցնում:

-Արամայիսը տարբերվում էր մյուսներից:

Կոտրվում է ծանր լռությունը: Տիկին Շմավոնյանը փորձում է ցրել տխուր մթնոլորտն ու ներկայացնել Ոսկեհատի դպրոցում իր առաջին շրջանավարտի ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը:

-Նա իմ առաջին շրջանավարտն էր այս դպրոցում: Հասակակիցներից տարբերվում էր լրջությամբ, խորաթափանցությամբ: Կյանքը հասուն մարդու նման էր պատկերացնում: Նա դասարանի ամենահանգիստ ու խաղաղ տղան էր: Սիրում էր սովորել, բայց ավելի շատ՝ քանդակել, նկարել… Չեմ կարող հիշել որևէ դեպք, որևէ առիթ, երբ բարկացրած լիներ ուսուցիչներին: Երբեմն ինձ թվում էր, թե նա պարփակված է իր մոլորակում… որը պետք էր բացահայտել: Նրան սիրում էին դասընկերները: Դպրոցը գերազանցությամբ էր ավարտել: Որոշել էր իրավագետ դառնալ: Կարգ ու կանոնը նրա կենսակերպն էր: Արամայիսը օրինակելի աշակերտ էր: Եվ այսօր էլ շարունակում է այդպիսին մնալ:

Բոլորս լսում ենք տիկին Շմավոնյանի պատմությունը: Եվ առավել կլանված, ուշադիր լսում են քանդակագործության խմբակի սաները: Նրանց հայացքում լրջություն  եմ զգում: Տիկին Լիլիթը, կամ ինչպես նրանք են դիմում՝ ընկեր Ավագյանը, ասում է, որ երեխաները այս մեկ տարվա ընթացքում շատ են փոխվել՝ հասուն են դարձել:

-Դպրոցում խմբակ բացելը ինքնանպատակ չէր: Պետք է տեխնոլոգիա դասավանդեի: Ինձ մոտ գործնականն ավելի լավ էր ստացվում: Երեխաներին հետաքրքրեց փայտից գեղեցիկ նախշեր ստեղծելու աշխատանքը: Սկզբում դժվար էր: Բայց որոշեցին ավելին անել: Սա միայն քանդակելու նրբություններին ծանոթանալու դաս չէ: Միշտ խոսում եմ մեր ազգի, բանակի, հայ զինվորի, սահմանին կանգնած հայորդիների, իմ որդու մասին: Նրանք ընդամենը 10-14 տարեկան տղաներ են: Եվ սաներս հետաքրքրված են մեր պատմությամբ: Տղաների մեջ իմ որդու օրինակով ցույց եմ տալիս, որ մեր հայրենիքը պետք է պաշտպանել ցանկացած գնով: Եվ կարող եմ ասել, որ խմբակն ինձ օգնում է ապրել, շարունակել պայքարել, շարունակել ապրեցնել որդուս, ապրեցնել իր քանդակներով՝ իր սիրելի գործը իր եղբայրներին փոխանցելով: Մեր պարապմունքներն օգնում են այս տղաներին կտրվելու փողոցից: Գյուղում չկան պայմաններ, որ երեխաները որևէ զբաղմունք ունենան: Իսկ այս կերպ շատ ավելին են ստանում: Սա տուն է, մի մեծ ընտանիք, որտեղ սովորում են կյանքում կայանալու առաջին դասերը,- թախիծն ու հպարտությունը սրտում՝ պատմում է քաջարի հայորդու մայրը:

Ուշադիր նայում եմ տիկին Լիլիթին: Նրան տեսնող ցանկացած մարդ կհասկանա, որ նա մայր է՝ հայ մայր, որի սրտում մի անտանելի ցավ կա: Ցավ, որ բացատրել, փորձել մեղմել, կիսել հնարավոր չէ: Իր ցավն է, իր հոգու ցավը: Բայց երեխաների սիրելի ընկեր Ավագյանը ուժ գտավ ապրելու: Քառօրյա պատերազմից անմիջապես հետո տիկին Լիլիթն սկսեց աշխատել՝ գիտակցելով, որ իր ապրելու առաքելությունը պետք է լինի մատաղ սերնդին կրթելու, օգնելու, հոգատար լինելու մարդկային նվիրումը:

Միքայելը, Վանիկն ու Վազգենը նստած են կողք կողքի: Լուռ են, լսում են միայն: Ասում են, որ ամենալավը Վանիկն է քանդակում: Սևաչյա պատանին համեստաբար ժպտում է: Արամայիս Միքայելյանի սխրանքի մասին դժվարանում է խոսել: Նրա համար հայրենիքն սկսվում է դպրոցից, ավարտվում՝ քանդակի դասերով.

-Սիրում եմ նկարել, գծագրել, հիմա արդեն քանդակել եմ սովորում: Ինձ դուր է գալիս փայտի հետ աշխատելը, փորագրելը: Երբեմն վնասում եմ ձեռքս, բայց կարևորը գեղեցիկ արդյունք ստանալն է:

…Մենք արդեն ճանաչում ենք Արամայիսին: Նրա մասին ամեն օր խոսում ենք: Քանդակի դասերը կարծես մեզ ավելի մոտ են դարձնում մեր հայրենիքի, մեզ համար զոհված Արամայիսին: Նա ապրում է, քանի դեռ մենք մեր քանդակների միջոցով խոսում ենք նրա մասին: Ընկեր Ավագյանը մեզ ծնողի նման բացատրում է, օգնում: Մենք նույնիսկ շաբաթ-կիրակի, արձակուրդներին ենք գալիս քանդակի դասերին: Մենք մեզ լավ ենք զգում այստեղ,- ասում է Վանիկը:

Երեխաներից մի փոքր հեռու նստած է Արամայիսի դասվարը՝ ընկեր Հարությունյանը: Հուզված է: Ասում են՝ շատ էր կապված նրա հետ.

-Արամայիսը լուսավոր, խաղաղ ու հանգիստ էր: Նա խաղաղեցնում էր ինձ: Առաջին հանդիպումից հետո այդպես էլ իմ կարծիքը չփոխեցի նրա մասին: Անկեղծ էր, հարգալից, խելացի: Երբեմն ինձ թվում էր՝ դիմացինս հասուն տղամարդ է, ոչ թե տասնվեց տարեկան պատանի: Գիտեի, որ սիրում էր քանդակել: Ոչ մի անգամ ինքն իրեն չէր ներկայացնի: Համեստ էր: Գիտե՞ք՝ ինչն էր հետաքրքիր: Իմ դասարանի բոլոր տղաներն էլ քառօրյայի ժամանակ ծառայում էին: Տղաները հերթով գնացին: Արամայիսը վերջինն էր: Նա փոքրիկ խաչեր էր քանդակել: Եվ դասընկերներին բանակ գնալուց առաջ նվիրում էր, որ Աստված պահի ու պահպանի նրանց: Վերջինն ինքը գնաց, գնաց ու…

Տիկին Լուսինեի ակնածանքը, հարգանքն իր սիրելի աշակերտի նկատմամբ շատ մեծ է: Նա խոսում է, իսկ աչքերից գլորվում են արցունքները… Ինչպես ինքն է ասում՝ կորստյան ցավն անտանելի է, մի տեսակ դատարկություն կա, որն այլևս լրացնել հնարավոր չէ:

Ընկեր Հարությունյանն շտապում է դասի: Հրաժեշտ է տալիս մեզ: Մենք էլ ենք փորձում դուրս գալ: Տիկին Լիլիթը ճանապարհելուց  առաջ մոտենում է ինձ.

-Ձեզ ուզում եմ նվիրել այս փոքրիկ գրքույկը: Արամայիսի զոհվելուց հետո ենք հրատարակել: Այստեղ մեր հուշերն են, մեր Արամայիսի նկարները, նրա կարճ կյանքի հիշարժան դրվագները:

Սիրով վերցնում եմ գրքույկն ու դուրս եմ գալիս կրթօջախից: Տպավորիչ է: Գրքի վերնագիրը կարծես ամբողջացնում է իմ տեսածն ու լսածը: Այո՛. «Քեզ հետ, բայց առանց քեզ…»: 

 ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ճակատագրեր


22/02/2018