ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ
Վազաշենը Հայաստանի ծայր հյուսիսում՝ անտառի փեշին ծվարած մի փոքր գյուղ է, որտեղ արդեն երկու տասնամյակ և ավելի այգաբացները հարաբերական խաղաղությամբ են ավետում նոր օրվա սկիզբը…
Գյուղի պատմական անունը Լալի է։ Տարեցներն ասում են, որ լալ կոչվող քարի տեսակ կա տարածքում, որը ժամանակին ամերիկացիներն են արտահանել, և անվանումը դրանով է պայմանավորված, ոմանք էլ պնդում են, թե գյուղացի մի սիրուն աղջկա անվամբ է։ Իսկ իրականում, նույնիսկ պատմական արխիվներում ստույգ տեղեկություն չի հանդիպում։
Գյուղը Վազաշեն է կոչվել 1978 թվականին, երբ այստեղ հիմնվել են խաղողի շուրջ 400 հա այգիներ։ Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1992 թվականից այդ այգիները գրեթե չեն մշակվում, իսկ 1999թ. կառավարության որոշմամբ՝ դուրս են գրվել և դասվել վարելահողերի շարքին։ Եվ Վազաշեն կոչվող այս համայնքում այսօր խաղողի վազեր կան տնամերձ տարածքներում, բակերում։
Վազաշենը Հայաստանի սահմանամերձ այն բնակավայրերից է, ուր թշնամին ներխուժեց 1992թ. դեկտեմբերի 29-ին. դեռ լույսը չբացված։ Տիկին Գեղեցիկը երկար տարիներ ապրում էր առանց ականջների և սարսափով էր հիշում անսթափ վարձկանների ու ասկյարների վայրագությունները: Գյուղի գերեզմանատան մոտ ադրբեջանցիները գլխատել են երեք մանկահասակ երեխաների մորը: Իսկ սահմանի մոտ գտնվող առաջին տնակում ապրող միայնակ մայրն ու տասնամյա որդին մինչ օրս համարվում են անհետ կորած։
Պատերազմն այստեղ սկսվել է ավելի վաղ, երբ գարնան մի օր սահմանամերձ խաղողի այգիներում աշխատող կանանց անվտանգությունն ապահովող, ինքնաձիգով զինված համագյուղացի երիտասարդներին մոտենում են ադրբեջանցիները և զենքերը պահանջում, վազաշենցի երիտասարդներն ընդդիմանում են և դառնում ասկյարների առաջին զոհը: Այդ դեպքից հետո խաղողի այգիները մնացին անմշակ…
Այնուհետև` ապրիլի 24-ին, առաջին ռմբակոծությունն է եղել։ Գյուղի տղամարդիկ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելով՝ անմիջապես մեկնել են իրենց սարերի վրա տեղակայված դիրքերը և պաշտպանել Հայաստան աշխարհի հյուսիսարևելյան դարպասը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը, իսկ կանայք և երեխաները, արկակոծությունների տարափի տակ, անտառով կտրել-անցել են հարևան գյուղ՝ ապաստան հայցելով ծանոթ-անծանոթների օջախներում: Պատերազմի մասին լուռ պատմում է գյուղի մանկապարտեզի հին շենքի բարձր պատին մխրճված 25-ամյա վաղեմության հսկայական արկի մնացորդը։
Վազաշենում և սահմանապահ այլ բնակավայրերում այսօր էլ արշալույսները միշտ խաղաղությամբ չեն բացվում։ Հայի համար արյունոտ ապրիլին գյուղի երկնակամարում առաջին անգամ տեսել են նաև տարածքը նկարահանող անօդաչու թռչող սարքը: Այստեղ անգամ փոքրիկ երեխաները սովորել են կրակոցների ձայնին, տարբերում են՝ ինքնաձիգ է, հրետանու, թե գրադի կրակահերթ։ Գիտեն, որ մեր թշնամին երբեք չի քնում, հարկավոր է զգոն լինել, կրակոցի պահին ապաստարան վազել և սպասել մինչեւ դադարի։ Կարմրաթուշ, առողջ այս փոքրիկները իրենց քաղաքաբնակ հասակակիցներից շատ ավելի հասուն տեսք ունեն: Նրանք ռմբակոծությունների վտանգի տակ, շատ զրկանքներով մեծացած հայ մանուկներ են՝ պարզ ու բարի հայացքներով։
Սահմանապահ այս մարդիկ զրկված են երբեմնի բարեբեր հողամասերը մշակելու, դեղձի և խաղողի առատ բերքը ստանալու բերկրանքից: Գյուղի բարձրադիր հատվածից կարելի է տեսնել ադրբեջանական Ղազախի շրջանի գյուղերին սահմանակից, տարածաշրջանում բարձր բերքատվությամբ երբեմնի առաջատար այդ այգիները՝ ամայացած, սահմանագլխին գտնվող երբեմնի հյուրընկալ թեյարանը՝ տուֆի շարվածքով «չայխանան»՝ ավերակ դարձած, խարխլված, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Հացահատիկի ցանքատարածությունների մեծ մասը նույնպես գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 300-400 մետր հեռավորության վրա։ Ադրբեջանցիները բերքահավաքի ժամանակ կրակում են մեքենավարի վրա, տարիներ առաջ վիրավորել են նրան։ Բերքահավաքն այստեղ վտանգավոր է։ Ինչպես նշեցին գյուղացիները` կա նաև մեկ այլ խնդիր. հակառակորդը բերքահավաքն ավելի շուտ է ավարտում, հաճախ այրում է չմշակվող տարածքները, հրդեհը հասնում է արտերին, չհնձված հասկերն այրվում են, մոխրանում է գյուղացու ամբողջ տարվա հացը։
Իսկ անտառն այստեղ շատերի համար հանապազօրյա հացը վաստակելու հուսալի աղբյուր է։ Անտառն ամենաթեժ ռմբակոծությունների ժամանակ ապաստարան է եղել, անտառով են վազաշենցիները ձյան վրա սողալով՝ անցել հարևան գյուղ, երբ թշնամին գյուղ է մտել։ Անտառը երբեք հուսախաբ չի անում մարդկանց. ամռանն այստեղից սունկ, տարատեսակ կանաչեղեն, իսկ աշնանը հատապտուղներ են տանում վաճառելու։ Գյուղից մարզկենտրոն մի ավտոբուս է աշխատում, առավոտյան մեկնում է, կեսօրն անց՝ վերադառնում։ Այսպես են ապրում Երևանից` 172 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 0.5 կմ հեռավորությամբ սահմանապահ այս համայնքում, իսկ ով դրսում հարազատ ունի, մեկնում է արտագնա աշխատանքի։ Գյուղի շրջանավարտների մեծ մասը սովորում է մարզկենտրոնի ուսումնական հաստատություններում։
Վերջերս ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ, ֆիզիկոս Հայկ Նազարյանը, տեղափոխվելով Հայաստան, կամավոր պայմանագրային զինծառայության է անցել և այսօր պաշտպանում է այս փոքրիկ գյուղի՝ Վազաշենի սահմանը: Հայկի երազանքը դեռ պատանի տարիքից եղել է հայրենիքին ծառայելը, և նա իր անսասան սիրով ու հավատով մի օր իրականություն դարձրեց իր կյանքին իմաստ հաղորդող երազանքը՝ համազգեստ հագավ, զենքը ձեռքն առավ ու հայտնվեց Տավուշի սահմանային դիրքերում` որպես պայմանագրային: Հայկը 15 օր մարտական հերթապահության է, պատմում է, որ միշտ զգոն է դիրքերում, հերթափոխից հերթափոխ մի փոքր ննջում է, և ծառայակիցները տեղի բարբառով նորից ձայն են տալիս. «Վե՛ կաց, քու սմենն ա, ես քյացի»… Ամերիկայում ծնված և մեծացած երիտասարդն արդեն յուրացրել է տավուշյան բարբառի որոշ տարրեր, ժպիտով է հիշում ծառայակիցների խոսքերը… Դժվար է ասել՝ Հայկն ինչ գիտե այս գյուղի պատմության մասին, անբնակ տների պատերին մխրճված վաղեմի արկերի մասին, ամեն երեկո իրենց տան լույսը վառ պահող վազաշենցիների մասին, իր հասակակից ծառայակից ընկերների մասին, որոնցից շատերը կորցրել են իրենց հայրերին 25 տարի առաջ, այսօր իրենք են զենք վերցրել և անառիկ են պահում պատմական Ուտիք աշխարհի այս հինավուրց բնակավայրը՝ Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Լալի գյուղը՝ Վազաշենը:
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն