Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԳԱՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ



ԱՎԱՆԳԱՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՀայաստանում էր մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, միջազգային ամենահեղինակավոր պարգևների, շքանշանների և կոչումների դափնեկիր Քշիշտոֆ Պենդերեցկին՝ «20-րդ դարի Բեթհովենը» (ինչպես  նրա մասին այսօր արտահայտվում են երաժշտական աշխարհում): Մեր ժամանակների մեծ երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչն ասել է. «Կան պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ, կան տաղանդավորներ, բայց կան նաև հանճարներ. Պենդերեցկին, անշուշտ, հանճար է»:

Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված նրա 85-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը մեկնարկեց հենց Երևանից: Քշիշտոֆ Պենդերեցկու երակներով բացի գերմանացու, լեհի ու ուկրաինացու արյունից, հոսում է նաև հայի արյուն: Նրա տատը՝ Եվգենիա Շիլկևիչը, Սպահանից գաղթած հայուհի է:

 

Փետրվարի 13-ից 17-ը կայացած չորս համերգների ընթացքում հայ հանդիսականը հնարավորություն ունեցավ ունկնդրելու  Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, որոնցից շատերը մեր երկրում առաջին անգամ էին հնչում:

Եվ ահա փետրվարի 13-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում երաժշտասեր հասարակությունն անհամբեր սպասում է Պենդերեցկու երևալուն: Հսկայական նվագախումբը՝  կազմված բազմաթիվ լարային, փողային ու հարվածային գործիքներից, գրավել է ամբողջ բեմը: Ծափողջույնների ներքո դահլիճ է մտնում և իր տեղն է գրավում կենդանի լեգենդը տիկնոջ՝ Էլժբիետա Պենդերեցկայի ուղեկցությամբ: Եվ… ունկնդրին միանգամից համակում են կոմպոզիտորի մերթ փոթորկահույզ, մերթ տագնապալի, մերթ հուսադրող հնչյունների վիթխարի ալիքները… Ստեղծագործությունները, որոնք հաջորդում են մեկը մյուսին, անհավանական բարդ են. ջութակահարները, թավջութակահարները, կոնտրաբասահարներն ու մյուսները ֆանտաստիկայի սահմանագծին՝ հնչյուններ են կորզում իրենց գործիքներից… Ջութակի կոնցերտ թիվ 2 «Մետամորֆոզներ» և Սիմֆոնիա թիվ 5 ստեղծագործություններն իրենց հուժկու տարուբերումներով հնչեցին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Մարթա Կովալչեկն էր:

Երբ կոմպոզիտորին ցանկալի հնչյունները վերարտադրելու համար չեն բավականացնում գոյություն ունեցող երաժշտական գործիքները, նա օգտվում է ձայնի տարբեր աղբյուրներից, օրինակ՝ կախված մետաղե թիթեղից` նմանակելու որոտի ձայնը, սուլիչներից, ապակու և մետաղի կտորտանքից, որոնք սղոցվում են՝ համապատասխան ձայն վերարտադրելու համար, էլեկտրական զանգից և այլն: Կոմպոզիտորը իր ստեղծագործություններից մեկի համար որպես ձայնային ուղեկցություն գործածել է անգամ գրամեքենան: Դա նրա ավանգարդիստական ստեղծագործական շրջանում էր: Ավանդական գործիքներն էլ նրա ստեղծագործություններում երբեմն բոլորովին անճանաչելի են, քանի որ նրանցից հնչյունները  կորզվում են բնավ ոչ ավանդական ձևով:

Փետրվարի 15-ին ունկնդրին սպասում էր հիացումի հաջորդ ալիքը: Արդեն իսկ միջազգային հեղինակություն վայելող «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովերը» հանդես եկավ De profundis-ը, Veni Creator «Ստաբատ մատեր» շարքից, Prosimy Cie «Քադիշ» շարքից, «Քերուբիմ» երգով «Ագնուս դեյ» լեհական ռեքվիեմից և այլ հոգևոր ստեղծագործությունների հոգեպարար կատարումներով։

 Ի դեպ, Քշիշտոֆ Պենդերեցկին միշտ մեծ ջերմությամբ ու հիացմունքով է արտահայտվել «Հովեր»-ի մասին. նրա հրավերով երգչախումբը մասնակցել է միջազգային մի շարք համերգների` հրաշալիորեն ներկայացնելով մեր երկիրը:

Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում հայաստանցի ունկնդրին նոր անակնկալ էր սպասում: Երաժշտական աշխարհում հանրահայտ կատարողներ՝ ջութակահար Մարթա Կովալչեկի և դաշնակահար Սոմի Կիմի կատարմամբ հնչեց ջութակի և դաշնամուրի թիվ 2 սոնատը: Լեհական լավագույն՝ «Մեկորե» լարային քառյակը, որն այսօր Եվրոպայի ամենաազդեցիկ երիտասարդական համույթներից է, ներկայացրեց «Չգրված օրագրի էջեր» ստեղծագործությունը:  Ակորդեոնահար Մաչեյ Ֆրոնցկևիչի կատարմամբ էլ հնչեց Պենդերեցկու «Սիմֆոնիետտան»՝ մենանվագ փոխադրված ակորդեոնի համար: Դահլիճը քարանում է, և հնչյունների զարմանահրաշ աշխարհը իր բազմերանգությամբ գրավում ու բոլորովին այլ չափումներ է  տեղափոխում ունկնդրին: Կիսատոների արագասլաց ու անսպասելի շրջադարձերով հոսքը կախարդում է ներդաշնակությամբ…

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933թ. լեհական Դեմբիցա քաղաքում: Պատերազմից հետո հայրը Քշիշտոֆի համար ռուս զինվորից մի ջութակ էր գնել: Երաժշտության հանդեպ առաջին մեծ սիրո սկիզբը հենց այս գործիքն ու Բախի ջութակի պարտիտները դրեցին: 1955թ. տեղափոխվել է Կրակով` երաժշտական կրթություն ստանալու: Պատերազմից հետո նոտաներ դժվար էր ճարելը, և նա  ինքն իր համար էտյուդներ էր գրում ու կատարում, հանձնում ուսուցչի դատին: Սա է եղել նրա ստեղծագործական կյանքի սկիզբը:  Առաջին անգամ հաջողություն է ունեցել 1959 թվականին, կոմպոզիտորների համալեհական մրցույթում, որի ժամանակ Պենդերեցկին ներկայացրել էր իր ստեղծագործություններից մի քանիսը: Սակայն բեկումնայինը Պենդերեցկու ստեղծագործական կյանքում համարվում է 1966թ. գրված նրա առաջին ծավալուն աշխատանքը` «Չարչարանքներ ըստ Ղուկասի»` ի նշանավորումն Քյոլնի Մայր տաճարի 700-ամյակի, որտեղ էլ 1966թ. տեղի է ունեցել ստեղծագործության առաջնաելույթը և համաշխարհային հռչակ և հաջողություն բերել կոմպոզիտորին:

1959թ. Հիրոսիմայի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագի համար 1961թ. արժանացել է UNESCO-ի մրցանակին: 2014թ. Բրյուսելում «Thousands voises for peace»  հատուկ նախագծի շրջանակում ներկայացրել է Dies illa ստեղծագործությունը, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին: 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորը հեղինակել է Domine quid multiplicati sunt-ը, որ հայտնի է նաև որպես «Սաղմոս-3»: Ստեղծագործության առաջնաելույթը տեղի է ունեցել 2015թ. Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում` «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ: Այն տուրք է Հայոց ցեղասանության զոհերի հիշատակին:  Խոսելով Կոմիտասի մասին՝ Պենդերեցկին նշել է. «Զարմանահրաշ և բացառիկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է: Կոմիտասը հենց այդպիսին է եղել»,- հավելել է, որ Կոմիտասի ստեղծագործությունները զգալի ազդեցություն են գործել իր վրա:

ԱՎԱՆԳԱՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՓառատոնային համերգաշարի ավարտին՝ փետրվարի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հայ հանդիսատեսին ներկայացվեց կոմպոզիտորի 7-րդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» օրատորիան: Կառուցվածքով և կատարման տեխնիկայով բարդագույն այս ստեղծագործությունը Երուսաղեմի 3000-ամյակին նվիրված հանդիսությունների առիթով Երուսաղեմի քաղաքապետարանի պատվերն էր մաեստրոյին: Հատուկ այս սիմֆոնիայի համար էր ստեղծվել տուբոֆոն գործիքը, որն իր յուրահատուկ հնչողությամբ ու տեսքով առկա էր երևանյան համերգին: Ստեղծագործության կատարմանը ներգրավված երգչախմբերի և նվագախմբերի հետ մասնակցում էին նաև անվանի մենակատարներ՝ Պյոտր Նովացկին (բաս), Ալեքսանդր Կունախը (տենոր) Մալգորզատա Պանկո-Էդերին (մեցցո-սոպրանո), Կորլինա Սիկորնա (սոպրանո) և ասմունքող Սլավոմիր Հոլանդը:

Վերջին համերգից առաջ ասուլիսի ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին նշեց, որ ինքը մեծ հաճույքով է աշխատում հայկական երաժշտական խմբերի հետ: «Ես անչափ երջանիկ եմ այստեղ լինելու համար, քանի որ սա վերջին 20-30 տարիների ընթացքում իմ ստեղծագործություններին նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր: Իսկ կատարման մակարդակը պարզապես հիանալի է: Երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ճանաչում եմ արդեն երկար տարիներ: Նա հրաշալի դիրիժոր է: Երջանիկ եմ, որ հենց նա է ղեկավարելու իմ այս ստեղծագործությունը, որն իմ կարծիքով լավագույն գործս է:  Շնորհակալ եմ նաև համերգներին ներկա հասարակությանը. ֆանտաստիկ ունկնդիրներ են հավաքվում, դահլիճները լեփ-լեցուն են: Եվ հանդիսատեսի  արձագանքը շատ անսպասելի ու ուրախալի է ինձ համար»:

Համերգաշարի ավարտին մաեստրոյի հետ ճեպազրույցի ընթացքում հարցրի՝ արդյոք այն ամենը, ինչ նա ապրել ու զգացել է մանկության տարիներին, իրենց արտահայտությունը գտե՞լ են իր այս և մյուս մեծ գործերում ու ավելի վաղ՝ ավանգարդիստական շրջանի ստեղծագործություններում:

-…Դա ոչ ոք չգիտի, ու ես նույնպես չեմ կարող ասել: Այո՛, ես անձամբ երկու պատերազմի ականատեսն եմ եղել: …Բայց երաժշտությունն ինձ համար… այն գալիս է ինչ-որ այլ ոլորտներից: Իսկ հատկապես վերջին շրջանի գործերիս ոգեշնչման աղբյուրը Հին Կտակարանի լատինական տեքստերն են եղել: Մեծ երաժշտությունը միշտ էլ մեծ տեքստերից է բխում: Դրանք Աստծո խոսքն են, որ  վերցրել եմ  Սուրբ Ավետարանից և փոխակերպել  երաժշտության:

-Դուք արդեն 4-րդ անգամ եք  Հայաստանում, մաեստրո, այս անգամ նոր՝ անակնկալ երաժշտացանկով: Հայաստան կատարած Ձեր առաջին այցելության ժամանակ ասել եք. «Այս այցելությունն ինձ համար վերադարձ է տուն»:

-Այո՛, այդպես է, և ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկում է Հայաստանից: Ինձ համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում լինելը, քանի որ քառորդ չափով հայ եմ:

-Քիչ առաջ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու Ձեր    «Երուսաղեմի յոթ դարպասները» չքնաղ օրատորիան:

-Այս ստեղծագործությունը շատ կարևոր ուղերձ ունի: Երուսաղեմի 3000-ամյակի պես կարևոր հոբելյանին նվիրված գործը ոչ թե ազգությամբ հրեա, այլ լեհ կոմպոզիտորն է ստեղծում, որը նաև հայկական ու գերմանական արմատներ ունի: Սա բոլորիս համար շատ կարևոր մի փաստ էր՝ հատկապես պատերազմից հետո. այն միասնություն էր խորհրդանշում: Իսկ «Սաղմոս 3»-ով, որը գրել եմ շատ ավելի ուշ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ, ուզում էի հայ ժողովրդին փոխանցել, թե ինչ մեծ նշանակություն ունի ինձ համար այս երևույթը: 21-րդ  դարում բոլորը պետք է տեղյակ լինեն այս ամենին, և իմ  ուղերձը մեկն էր. նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի: Սրանով ինձ շատ մոտ եմ համարում հայ ժողովրդին:

♦♦♦

Ի դեպ, 2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով, իսկ նախագահի 2013 թ. հրամանագրով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Հոգևոր-մշակութային


22/02/2018