ԵՍ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՄ ՄԵԾ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՎՐԱ ԿԱՄ` ԼՈՒՅՍ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ
ՆԱԻՐԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ. Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն, պրոֆեսոր
Նաիրա Հովակիմյանն իր ուսանողների եւ ասպիրանտների հետ աշխատել է նոր ուղղության` հարմարվողական կառավարման համակարգերի ստեղծման վրա (adaptive control systems), որոնք, օրինակ, թույլ են տալիս ավիացիոն անվտանգության ապահովման միջոցով իրականացնել օդանավերի չվերթների հսկողությունը եւ կառավարումը ծայրահեղ անկայուն եղանակների պարագայում: Այդ աշխատանքը շատ բարձր գնահատականի է արժանացել եւ նոր հնարավորություններ բացել բազմաթիվ այլ բնագավառներում (նավաշինության, նավթարդյունաբերության, բժշկության եւ այլն) դրա արդյունքների լայն կիրառության համար:
♦♦♦
Մենք հաճախ չենք հավատում, որ կարող ենք հասնել մեծ արդյունքների։
♦♦♦
Պատերազմի ժամանակ լավ մասնագետը միգուցե պատրաստ լինի հայրենասիրական մղումով աշխատել եւ սովորականից քիչ վարձատրվել։
♦♦♦
Այսօր լավ մասնագետից ավելի թանկ բան աշխարհում չկա։ Սակայն այդ սկզբունքը միանշանակ է խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի ժամանակ իրականությունն ու մոտեցումներն այլ են։
♦♦♦
Մասնագիտական ասպարեզում ինձ համար գլխավոր դժվարությունը եղել է այն, որ ես չեմ ունեցել «ամերիկյան կրթություն»: ԱՄՆ ակադեմիական աշխարհն այդ տեսանկյունից բավականին փակ է եւ ունի իր դաժան կանոնները, սակայն աշխատել եմ չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա, քանի որ ունեմ մշտական աշխատանք, որը բավարարում է նորմալ կյանք վարելու համար: Ունեմ տաղանդավոր ուսանողներ, որոնց ղեկավարելը գերագույն հաճույք է, ունեմ գործընկերներ, որոնցից կարող եմ անվերջ սովորել, ունեմ համախոհներ ԱՄՆ-ում եւ աշխարհում, որոնց հետ զարգացնում եմ բազմաթիվ նոր ուղղություններ, ունեմ շատ լավ ընկերներ:
♦♦♦
Աշխատում եմ, որքան հնարավոր է, կյանքս լցնել շատ գեղեցիկ պահերով:
♦♦♦
Երբ ինքնահաստատման ճանապարհն արդեն անցնում ես, սկսում ես ավելի մեծ պատասխանատվություն զգալ` ցանկանում ես ինչ-որ բանով օգտակար լինել հասարակությանը: Եթե 20-25 տարեկանում կարող ես ձգտում ունենալ եւ հաճույք ստանալ որեւէ տեսություն ապացուցելուց, ապա հետո մտածում ես, որ միայն ապացուցելով չի լինի, պետք է փորձել գտնել քո տեղը կյանքում: Եվ, վերջապես, որոշ տարիքից հետո արդեն գալիս ես այն համոզման, որ պետք է մարդկանց ինչ-որ լավ ժառանգություն թողնել: Կյանքի ամեն մի փուլում տարբեր կերպ ես ընկալում ե՛ւ քո շուրջ գոյություն ունեցած աշխարհը, ե՛ւ քո գործունեությունը: Ես շատ եմ սիրում «առաքելություն» բառը: Ինձ թվում է` շատ կարեւոր է կյանքի ամեն մի փուլում փորձել ճիշտ ընկալել եւ իրականացնել քո առաքելությունը: Երբ դա ստացվում է` հասնում ես հաջողության:
♦♦♦
Հայ գիտնականներին պետք է հնարավորություն ընձեռել մեկնելու կոնֆերանսների եւ համագործակցելու արտերկրի գիտնականների հետ, որպեսզի գիտություն-կիրառություն կապը շատերի համար հասկանալի դառնա: Հայաստանում պետք է գիտության ֆինանսավորումը ապահովել լուրջ մակարդակի վրա, հրավիրել դրսի լավագույն մասնագետներին, որոնք տեղում կկիսվեն իրենց փորձով: Փորձի փոխանակման ծրագիր է պետք մշակել եւ իրականացնել:
♦♦♦
Այսօրվա ամենակարեւոր խնդիրը Հայաստանի երիտասարդ գիտնականներին խրախուսելն ու հավատացնելն է, որ հնարավոր է հասնել մեծ արդյունքների՝ կենտրոնանալով գիտության եւ տեխնոլոգիաների վրա: Հուսամ, մենք կարող ենք ունենալ շահագրգիռ ու նպատակասլաց ուսանողների մի «բանակ», որը կխորանա հիմնարար տեխնոլոգիաների մեջ եւ ծնունդ կտա համարձակ եւ արագ աճող արդյունաբերությանը:
♦♦♦
Տարիներ են հարկավոր այնպիսի մաթեմատիկոս կրթելու համար, որն ունակ կլինի մեծ մարտահրավերներին դիմակայելու լուծումներ գտնել: Իմ մեծ ցանկությունն ու հույսն է, որ մենք ունենանք 10-20-30 պայծառ գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ, որոնք ամենաառաջավոր տեխնոլոգիաները կուսանեն աշխարհի լավագույն համալսարաններում: Ես միանգամայն իրական եմ համարում մի քանի տարվա ընթացքում մոտ 100 համաշխարհային մակարդակի գիտնականներ պատրաստելը, որոնք կաշխատեն Հայաստանում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ:
♦♦♦
Մի բան է՝ նախագծել ինչ-որ սարք կամ հակառակորդի սարքին հակազդելու միջոց, այլ բան է՝ դա կանոնավոր կերպով եւ որակով արտադրել։ Իրատեսակա՞ն է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա սեփական արտադրությունը ծավալել։
Դա հնարավոր է, բայց պետք է հասկանալ, որ դա տարիների, այլ ոչ թե ամիսների գործ է: Այդտեղ անհնարին ոչինչ չեմ տեսնում։
♦♦♦
Ճիշտ ներդրումների դեպքում հնարավոր է Հայաստան վերադարձնել հեռացած տաղանդավոր գիտնականներին, որոնք էլ կդառնան այն կորիզը, որի շուրջ կսկսվի հայկական գիտության վերածնունդը: Աշխարհն այսօր փոխկապակցված է, եւ մենք պետք է դրա մասնակիցը լինենք, տանք ու վերցնենք: Լավ սկիզբ կարող է դառնալ գիտության ֆինանսավորման մակարդակը ՀՆԱ-ի ներկայիս 0.26%-ից հասցնել 5%-ի: Դրա շնորհիվ իսկապես այլ իրականություն կձեւավորվի:
♦♦♦
Հայաստան հաճախ եմ գալիս: Հանդիպում եմ ոլորտի մասնագետների հետ: Մի քանի անգամ դասախոսություններ եմ կարդացել երեւանյան բուհերում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու Հայաստանի գիտնականների հետ: Մեր երկրում շատ մեծ փոփոխություններ եմ տեսնում ու հսկայական առաջընթաց, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում: Սիրով կդասավանդեի հայ ուսանողներին եւ կփորձեի օգտակար լինել նրանց մասնագիտական ուղին ընտրելու հարցում:
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն, Ռազմական