Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ



ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՓետրվարի 14-ին Ստեփանակերտում կայացավ Արցախի Ազատամարտիկների միության(ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, միության անդամներ, հյուրեր: Համաժողովի մեկնարկին ներս բերվեցին Արցախի եւ ԱԱՄ դրոշները, հնչեց Արցախի հիմնը, եղավ լռության րոպե:  Ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ասելով. «Միության անդամների ուսերին է դրված հայրենիքի պաշտպանի ծանր առաքելությունը: Ձեր գործադրած ջանքերի շնորհիվ արցախահայությունը ազատվեց ցեղասպանության կապանքներից: Ձեզ փառք եւ պատիվ, իսկ մեր ընկած տղաների շիրիմներին՝ խունկ, աղոթք եւ օրհնություն»: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց միության տեղն ու դերը Արցախի պատմության մեջ. «Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը մեր երկրի ամենամեծ ու ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է, որի կազմում ընդգրկված է հայրենիքի պաշտպանների մի լայն զանգված՝ մարդիկ, ովքեր ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր ու սերունդներ: Իր գործունեության ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները»,- ասաց Բակո Սահակյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության եւ հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները: Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին եւ քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել եւ հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից»: ԱԱՄ նախագահ, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ միության երեքամյա գործունեությանը՝ նշելով, որ այն եղել է արդյունավետ: Միության շարքերը համալրվել են 2531 ազատամարտիկներով եւ այսօրվա դրությամբ ունեն շուրջ 12370 անդամ: Պետական, բարեգործական եւ այլ անհատական միջոցներից հավաքվել եւ ամրապնդվել են միության ֆինանսական հնարավորությունները, իսկ մի մասը ծախսվել է վարչության մշակած տարբեր ծրագրերի իրականացման համար: Միությունը, իրականացրած գործընթացներին զուգահեռ, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվել նաեւ բանակի եւ հասարակական կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների փոխադարձ համագործակցության շրջանակում: Ս. Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, ՀՀ եւ Արցախի նախագահներին, ովքեր իրենց օժանդակությունն են բերել միությանը: ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդ. Խաչատրյանը իր ելույթում անդրադարձավ 2015-2017 թթ. կատարված աշխատանքներին՝  կարեւորելով նաեւ այն, որ 2016 թ. ապրիլին 2400-ից ավելի ազատամարտիկներ կամավոր մեկնեցին առաջնագիծ:   Նշեց նաեւ, որ միությունը համագործակցում է կրթության, գիտության եւ սպորտի նախարարության, պաշտպանության բանակի եւ այլ կառույցների հետ: Համաժողովը հանդես եկավ նաեւ հայտարարությամբ, որը ներկայացրեց ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ԱԱՄ անդամ Սենոր Հասրաթյանը: Բաց քվեարկությամբ ընտրվեց Վարչության կազմը՝  27 հոգուց:  Արաջին նիստում վարչության անդամները միության նախագահ վերընտրեցին Սամվել Կարապետյանին:

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ 

Համաժողովի պատվիրակ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ


22/02/2018