Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԱՊԱՀ ԱՐՋՈՒԿԸ



ԴԻՐՔԱՊԱՀ ԱՐՋՈՒԿԸՇուն կա՝ գելի է նման, 

շուն կա՝ առյուծի,

շուն կա՝ աղվեսի,

Արջուկը դիրքապահի է նման

 

Իր «խրամաբջջից» դուրս է թռչում հաչելով. սեւ է, բայց սպիտակ պուտերով, հաղթամարմին է, հաստաթաթ ու բրդոտ: Ծանր պոչը, ասես մետաղից ձուլված, պատկառանք է ներշնչում: Երկար պտույտ է տալիս դիրք այցելած անծանոթիս շուրջ, հետ ու առաջ քայլում: Զննում է հետախույզի բծախնդրությամբ, համառորեն ինչ-որ բան է փնտրում, անհանգիստ հոտոտում: Դասակի հրամանատար, լեյտենանտ Դանիել Ենգիբարյանը, նկատելով իմ տագնապը, փարատում է. «Շան աչքերն էլ իր քիթն է»:  Արջուկը թաթերը բարձրացնում, դնում է ուսերիս: Խոշոր, նշաձեւ, խելոք աչքերը հառում է վրաս, ապա՝ կայտառ հաչում: «Ուրեմն քեզ ընդունեց»,-մեկնաբանում է լեյտենանտ Ենգիբարյանը: Եվ միայն Արջուկի վստահությունն ու համակրանքը շահելուց հետո եմ կարողանում ազատ շրջել հյուսիսարեւելյան սահմանի հենակետում:

Այս քարոտ կիրճն է Արջուկի տունը, նրա հայրենիքը: Մեկ տարի առաջ հարեւան դիրքում ականի վրա պայթեց մայրը: Եվ ինքն այստեղ եկավ: Լեյտենանտ Ենգիբարյանը նոր էր ավարտել ռազմական համալսարանն ու ստանձնել դասակի հրամանատարությունը: Հիշում է՝ հենց տեսավ անպաշտպան, երկյուղած, գունդուկծիկ եղած կենդանուն, որոշեց՝ տիրություն կանեն, հոգ կտանեն: Այնքան փոքրիկ էր, որ անգամ տղաների համազգեստի գրպանում էր տեղավորվում: Կարճ ժամանակում մտերմացան: Լավ վերաբերմունքով համոզեցին, որ ուրիշ տեղ չգնա, իրենց մոտ մնա: Դարձավ իրենցից մեկը. «Ասում են՝ շունը  տիրոջն է  նման, որովհետև ամբողջ օրը նրա հետ է, նրա մոտ, բայց հիմա դժվար է ասել՝ ո՞վ է ում նման»,-կատակում է լեյտենանտն ու պատմում, թե ինչպես էր չարաճճի Արջուկը զվարճացնում հերթապահությունից հոգնած դիրքապահներին: Բոլորի հիացմունքի առարկան էր:

ԴԻՐՔԱՊԱՀ ԱՐՋՈՒԿԸՕրեր անցան, Արջուկի համարձակությունն աճեց: Եվ նա ստանձնեց դիրքապահի պարտականությունները: Անընդհատ խրամատում է. սիրում է տնտղել դիրքի ամենախոր հատվածները: Որևէ կասկածելի շարժում թե նկատի, անդադար կհաչի, մինչև ընկերները հավաքվեն:

Հիմա կանգնել է հետևի թաթերի վրա, ականջները սրել, լսում է, թե ինչ են պատմում  տղաներն իր մասին: Աչքերը շողում են. թվում է՝ հասկանում է ամեն ինչ, ամեն մի բառ արձագանքում է հոգում:

-Դիրքապահի է նման. միանգամից է հարմարվում իրեն շրջապատող պայմաններին:

-Դիմացկուն է. Արջուկի համար ցուրտ չկա, կարկուտ չկա, ձմեռ չկա:

-Ընդունակ է, իմաստուն, ժիր ու ճարպիկ:

-Լավ «պոստավիկ» է. Արջուկին կարելի է վստահել:

-Ինչ մենք ենք ուտում, էն էլ՝ ինքը: Ալոճ ու մասուր էլ է սիրում:

-Լավ է վազում, նախանձ կշարժի:

-Հեռվից  ամեն մի շարժում, ամեն մի շրշյուն որսում է:

-Սովորություն ունի՝ հերթափոխի ժամանակ միշտ առջևից  է գնում` վտանգն իր վրա վերցնելով:

ԴԻՐՔԱՊԱՀ ԱՐՋՈՒԿԸԽոսակցությունները լռում են: Կրակոց է լսվում: Բայց զենքով Արջուկին չես վախեցնի: Հակառակը՝ «գամփռանում է» աչքերը բորբոքվում են, լեզուն հանում է, վեր է թռչում տեղից, թափ առնում ու վազում որոտի ուղղությամբ: «Գնաց՝ ստուգելու»,-ասում է լեյտենանտ Ենգիբարյանը:

Մի քանի րոպե անց Արջուկը  կրկին իր տեղն է  վերադառնում: Լեյտենանտը ձեռքը խցկում է նրա խոշոր ատամնաշարով երախը: Պայմանական լեզվով, այն միակ լեզվով, որով նրանք բացատրվում են իրար հետ, կնշանակի. «Ապրե՛ս, ընկե՛րս»:

  

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2018