Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ



ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸՓետրվարի 12-ին  զինված ուժերում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային ուսումնական փուլը: 

Գնդապետ Աշոտ Ղազարյանն արդեն շարահրապարակում է: Հրամանատարն ստուգում է անցած երկու օրերի պարապմունքների արդյունքներն ու հրահանգներ տալիս: Սպա-ենթասպայական, սերժանտական կազմին մեկ անգամ ևս ներկայացնում  է ուսումնական փուլի գործընթացը, առաջիկա միջոցառումներն ու պարտականությունները:  Զորամասը կազմ-պատրաստ սպասում է «ուսումնական տագնապ» ազդանշանին:

-Մեր զորամասը զինված ուժերում կարևոր գործառույթ է իրականացնում՝ լուծելով ինժեներական ապահովման խնդիրներ,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը:  -Ասեմ նաև, որ մեր զորամասը պատրաստում է սակրավորներ բանակի համար: Նոր համալրված  ուսումնական գումարտակը,  նորակոչիկների համար նախատեսված պլանի համաձայն, կատարում է առաջադրանքները:

Փոխգնդապետ Սահակյանի հետ քայլում ենք դեպի նորակոչիկների կողմը:

-Ուսումնական գումարտակի հետ տարվող աշխատանքները տարբերվում են: Սկզբնական շրջանում բարոյահոգեբանական վիճակի կարգավորմամբ, ծառայությունը խթանող միջոցառումների կազմակերպմամբ, փորձում ենք նորակոչիկին զինվոր դարձնել:

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ-Ուսումնական գումարտակի հրամանատարը փոխգնդապետ Հարությունյանն է, ուսումնական գծով տեղակալը՝ մայոր Սիմոնյանը, իսկ դասակի հրամանատարը կապիտան Հովհաննիսյանն է,- սպայական կազմին է ներկայացնում փոխգնդապետը:-Նրանք, հավատացե՛ք, ջանք չեն խնայում նորակոչիկին տալու այն ամենը, ինչն իսկապես անհրաժեշտ է գրագետ, բանիմաց և արհեստավարժ սակրավոր  դառնալու համար,- հավելում է փոխգնդապետ Սահակյանը:

Փորձեցի մի երկու խոսք փոխանակել մեկ ամիս առաջ  երդում տված զինվորների  հետ, բայց չհաջողեցի: Հնչեց «ուսումնական տագնապ» ազդանշանը: Զորքը ըստ պարտականությունների, հաստիքների և նստեցման շրջանների, անցավ գործողությունների: Դուրս բերվեց ռազմական տեխնիկան, գույքն ու անհրաժեշտ միջոցները: Ավտոհավաքակայանում գործող հաշվարկները, կազմելով շարասյուն, տեխնիկան բերեցին  մարտական վիճակի եւ շարժվեցին նստեցման շրջան:

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸՓոխգնդապետ Սահակյանի հետ շրջում ենք զորամասի տարածքով: Ստորաբաժանումներում հետևում ենք միջոցառման լիարժեք և կանոնակարգված կազմակերպմանը: Հրամանատարի տեղակալը ներկայացնում է լավագույն զինվորներին, խրախուսված զինծառայողներին:

-Հարկ է նշել նաև, որ վերջերս Գլխավոր ռազմական տեսչության իրականացրած  քննությունների  արդյունքներով՝ զորամասը   դրական գնահատական ստացավ: Կրակային, ֆիզիկական, շարային, համազորային կանոնադրություն և մասնագիտական պատրաստություն առարկաներից գերազանց գնահատական ստացած զինծառայողները խրախուսվեցին: Հրամանատարը մի շարք զինծառայողների պարգևատրեց խրախուսական  5-օրյա արձակուրդով: Ահա՛, ծանոթացե՛ք, ավագ սերժանտ Գոռ Լենդրուշյանն է՝ գնդի սերժանտական խորհրդի նախագահը:

Գոռը գորիսցի է, ապագա բժիշկ: Մ.Հերացու անվան բժշկական համալսարան ընդունվելուց հետո զորակոչվել է բանակ: Ինչպես ինքն է ասում՝ հինգ ամիս անց կվերադառնա բժշկությանը, որոշել է ռազմական բժիշկ դառնալ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ-Սերժանտական խորհրդի նախագահը կապող օղակ է սպայի և զինվորի միջև: Շատ կարևոր է, որ հրամանատարն ու զինվորները կարողանան փոխհամաձայնությամբ ելք գտնել ծառայողական խնդիրների շուրջ: Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ասեմ, որ մինչ զորակոչվելը չեմ էլ մտածել զինվորական բժիշկ դառնալու մասին: Բայց հիմա  լուրջ մտածում եմ: Եղբայրս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում է սովորում, ապագա սպա է: Հնարավոր է, որ ես էլ որոշեմ և՛ բժշկել, և՛ ծառայել,- ժպիտը դեմքին ասում է Գոռը:

Նա շտապում է շարահրապարակ: Փոխգնդապետ Սահակյանի հետ մոտենում ենք գնդապետ Ա. Ղազարյանին: Հրամանատարը գոհ է, անձնակազմը կազմ ու պատրաստ սպասում է  նրա ամփոփիչ խոսքին.

-Զորամասն իր առջև դրված խնդիրը կարողացավ ճիշտ ժամանակին և գրագետ իրականացնել: Բնականաբար, կան թերացումներ, բայց դրանք լուծելի են,- վստահեցրեց գնդապետ Ա. Ղազարյանը:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/02/2018