ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պարապմունքների շրջանակում վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Ուսումնական պարապմունքի նպատակը ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ ամրապնդելն էր, մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը բարձրացնելը:
Ողջունելով անձնակազմին ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդգծել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման կարևորությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվորեն կատարելու համար: