«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Հայոց ազգային զարթոնքի 30-րդ տարեդարձի՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ տեղի ունեցավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության թվով 1500-րդ միջոցառումը. կազմակերպության խորհրդի անդամները՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվեցին գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկայացրեց «Հայոց Արծիվների» հայրենանվեր գործունեությունը, որը սկիզբ է առել Արցախյան շարժման ակունքներից՝ դեռևս Սյունիքում, երբ «Սյունյաց Արծիվներ» անվամբ այդ հայրենասիրական կազմակերպությունը մարզում մշտապես աչքի էր ընկնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեությամբ՝ իր շուրջ համախմբելով տարբեր տարիքի ու սեռի բազմահազար հայրենասեր քաղաքացիների: Իսկ Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո «Հայոց Արծիվների» մի քանի տասնյակ կամավորականներից կազմված ջոկատը ինքնակամ, արյան կանչով, Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ, Հայրենիքի հանդեպ իր սրբազան պարտքն էր կատարում առաջնագծում:
Եվ ահա, «Հայոց Արծիվներ» կազմակերպությունն արդեն հարազատացած զորամիավորումում է` Խաչիկ Ասրյանի եւ կազմակերպության անդամների բոցաշունչ խոսքն անձնակազմերին հասցնելու, նրանց՝ Արցախի վերածննդի տոնի առթիվ շնորհավորելու, զինծառայողներին անկոտրում կամք, ուժ ու կորով մաղթելու: Հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին, զորամիավորման հրամանատարի տեղակալներին, զորամասերի հրամանատարներին «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրելու, իրենց գերազանց ծառայությամբ աչքի ընկած բազմաթիվ զինծառայողներին թանկարժեք նվերներով պարգևատրելու, զորամասերին մարզական գույք նվիրաբերելու համար:
Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայոց զինվորականների հիշատակը հարգվեց լռության րոպեով:
Իր շնորհավորական խոսքում Խաչիկ Ասրյանը մասնավորապես ասաց.
-Պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորման ազգապա՛հ հրամանատար, հայրենապա՛հ զինվորականներ, հարգարժա՛ն հյուրեր.
Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Ես ավելացնում եմ. դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, Տիգրան Մեծի արժանավոր զավակներ:
Ազնվասի՛րտ զինվորականներ, ուղիղ 30 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ը Երկիր մոլորակում բնակվող անպարտելի հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի և Արցախի անկախության հիմնասյունը՝ որպես Արցախի վերածննդի՝ Ազգային զարթոնքի տոն:
Հայաստանի ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` հայոց հաղթական պատմություն կերտած Ազգային զարթոնքի տոնի առթիվ:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ