ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում, մարտական պատրաստության պլանի համաձայն, ամբողջ ծավալով ընթանում են նոր ուսումնական փուլի հերթական գործընթացները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտակ Մախսուդյանի գլխավորությամբ զորամիավորման զորավարժարանի հարակից տարածքում բացազատվեցին մի շարք ուսումնական կետեր:
Զորամասի հրամանատար, գնդապետ Լ. Հովհաննիսյանը պարապմունքին մասնակցող մոտոհրաձգային ջոկի եւ վաշտի անձնակազմերին ներկայացրեց պարապմունքի թեման, պարզաբանեց թեմային առնչվող հարցերը, պատասխանեց ուսուցանվողների հարցերին:
Ուսումնական կետերում պարապմունքները անցկացնում էին ստորաբաժանումների ղեկավարները, ծառայությունների պետերն ու պայմանագրային զինծառայողները:
Թեպետ ցուցադրական պարապմունքը նախատեսված էր ջոկ-վաշտ օղակի անձնակազմերի ուսուցանման համար, սակայն թեմաներն ընտրված էին մարտական հրաձգությամբ անցկացվող տարբեր մակարդակների զորավարժություններում բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի գործողություններին համապատասխան՝ վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական խնդրի նախապատրաստումն ու անցկացումը, անձնակազմի տեղաբաշխումը տեղանքում, կապի արդիական միջոցների կիրառումը մարտական գործողությունների ժամանակ, ՀՄՄ-ի նշանաբերումը, ՀՄՄ-ի դեսանտի իջեցումը տեղում եւ ընթացքից, մարտադաշտում առաջին բուժօգնության ցուցաբերումը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացումը:
Պարապմունքի ավարտին զրուցեցինք զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մախսուդյանի հետ: Վերջինս բարձր գնահատեց զինծառայողների պատրաստության մակարդակը, որը երեւաց պարապմունքի ընթացքում նրանց ցուցաբերած ակտիվության, նրանց կողմից բարձրացված՝ թեմային առնչվող հարցերի խորությամբ, սահմանված ժամանակամիջոցում առաջադրված մարտական խնդիրները գերազանց կատարելու պատրաստակամությամբ:
-Ֆիզպատրաստության բարձր մակարդակ, թիրախներն անվրեպ խոցելու վարպետություն, մարտի նախապատրաստումն ու վարումը ղեկավարելու եւ մարտական խնդիրները կատարելու կատարելագործված հմտություն,-ահավասիկ՝ սրա՛նք են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ի պատիվ մեր զինծառայողների, այս ցուցանիշները 1-ին զորամիավորումում շարունակաբար աճում են,-ասաց գնդապետ Մախսուդյանը:
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ