«ԿՈՐՅՈՒՆ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Փետրվարի 21-ին մեկնարկեց ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցում են նախորդ` ներդպրոցական և տարածքային փուլերը հաղթահարած 6 թիմեր: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 10 մասնակցից` 7 տղա և 3 աղջիկ:
«Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների հայրենասիրական դաստիարակության, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում սովորողները և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ից 3-րդ կուրսերի սովորողները:
Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի էր ունեցել հանդիպում-քննարկում հանրակրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացման վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք։
Քննարկվել են «Կորյուն» ռազմամարզական խաղերի դպրոցական և տարածքային փուլերին առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ մարզային և հանրապետական փուլերը պատշաճ անցկացնելու վերաբերյալ։
«Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներն ուժերն են չափում «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում։ Մրցումների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդմանը, նրանց տոկունության, միմյանց միջև համերաշխության ձևավորմանը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ