Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ



ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ«Հայրենիքն սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից»:

Գ. ՆԺԴԵՀ

 

Արցա՛խ: Հերոսական քաղաք Մարտունի կամ, ինչպես տեղացիներն են ասում, Մոնթեաբերդ: Սարերի լանջին փռված այս քաղաքում այնքա՜ն հերոսներ են ծնվել, որ մինչև կյանքիդ վերջ էլ փորձես գտնել հարազատներին ու պատառիկներ պոկել, մեկ է, ժամանակը չի հերիքելու:

Ազատամարտի տարիներին կամավորական ջոկատները կազմեցին առանձին հետախուզական խմբեր, և այդ խմբերի հիմքի վրա կազմավորվեցին պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները: Հետախույզ դարձած հայ մարտիկները փայլուն էին կատարում առաջադրանքները:

Հայրենիքի նվիրյալ զավակ, հետախույզ Արտակ Մանասյանը մեկն էր այն մարտիկներից, որոնք իրենց մասնակցությունն ունեցան հայրենիքի պաշտպանության գործում:

Արտակը ծնվել է 1975թ. հուլիսի 14-ին, Արցախի Մարտունի քաղաքում՝ Արմիդա և Վլադիկ Մանասյանների ընտանիքում: Բնավորությամբ հանգիստ էր, համեստ ու հոգատար, բայց թե մտքին մի բան դնում էր, ապա իրականություն էր դարձնում: Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում էր ուսումը շարունակել տեղի ավտոճանապարհային տեխնիկումում, սակայն պատերազմն սկսվելուն պես թողեց ուսումը՝ ասելով, որ ընկերները, բարեկամները կռվում են, և ինքն էլ պիտի միանա նրանց: 1992թ. հայրենի քաղաքում կապվեց ազատամարտիկների հետ, ծառայության անցավ աֆղանական պատերազմի մասնակից Եսայի Եսայանի վաշտում և մասնակցեց Մարտունու ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին:

Նույն թվականին Արտակը մի քանի օրով գնաց Աբովյան, ծնողներին խնդրեց, որ իր հետ միասին Արցախ վերադառնան. բուժքույր մորն ասաց, որ հատկապես նրա կարիքն այնտեղ մեծ է:

Հետագայում Արտակը հետախույզ էր Կոմիտաս Ավանեսյանի հրամանատարությամբ գործող ջոկատում: Ինչպես մարտական ընկերներ էին ասում՝ որտեղ Կոմիտասը, այնտեղ էլ՝ Արտակը: Հետախույզ մարտիկը, անցնելով պատերազմի թեժ կետերով, քաջ գիտակցում էր իր ծառայության վտանգն ու դժվարությունը, բայց նույնքան գիտակցում էր նաև կարևորությունը: Մարտունեցի քաջը իրենց ջոկատում տարիքով ամենակրտսերն էր, բայց նրանց շարքերում՝ խիզախությամբ հավասար… Մարտակերտ, Գյուլափլու, Վերին Վեյսալու, Աղդամ, Մարզիլու, Ֆիզուլի` միշտ ամենաթեժ կետերում… Հերոս քաջորդին մարտնչել է նաև լեգենդար Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ:

♦♦♦

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ«1995 թվականին ծառայության անցա Վարդենիսում: Նոր տարվա շեմին էր, նորակոչիկ էի, եկան, ասացին՝ հսկիչ անցագրային կետում ինձ սպասող կա: Չէի պատկերացնում, թե ով է լինելու: Եղբայրս էր՝ Արտակը, նա ինձ էր սպասում. «Եկել եմ, որ միասին նշենք Նոր տարին»: Խնդրեցի՝ եթե հնարավոր է, թող ինձ տեղափոխի Արցախ, այնտեղ ծառայեմ: «Նույնիսկ աշխարհի ամենաանկարելին կանեմ քեզ համար, բայց խնդրանքդ չեմ կատարի,- ասաց եղբայրս,- ես այնտեղ եմ և բոլորիս փոխարեն կծառայեմ»: Ինձ ծառայության վայրից արձակուրդային տվեցին, Արտակի հետ գնացինք Աբովյան՝ մեր տուն, Նոր տարին նշեցինք մեծ շուքով: Դա մեր վերջին Նոր տարին էր միասին… Կարծես եղբայրս զգում էր ինչ-որ բան, հորդորում էր, որ միշտ մեր ծնողների կողքին լինեմ: Ամանորից հետո ես վերադարձա ծառայության, Արտակը՝ Արցախ: Արտակին այլևս չտեսա, չլսեցի, միայն նրա ձայնն է մինչև հիմա ականջներումս»,- պատմում է Արտակի եղբայրը, ու նրա աչքերում լճացած արցունքները շարունակում են խոսել նրա փոխարեն, արցունքներ կարոտի, հպարտության ու եղբայրական սիրո:

1996թ. հոկտեմբերի 30-ին հերոս հետախույզը վերջին մարտական առաջադրանքը կատարեց: Արտակի և զինակիցների համար դա վերջին սխրանքն էր, վերջին մարտը:

11 զինակիցներով մոտենում են ադրբեջանցիների դիրքերին և ոչնչացնում նրանց կացարանը, ապա Արտակը վերցնում է զինակցի մոտ մնացած նռնակները, նետում կացարանի ուղղությամբ, այն վերջնականապես գետնին հավասարեցնում ու ժպիտով դառնում զինակից ընկերներին. «Տղե՛րք, դրանց վերացրինք: Մարտական առաջադրանքը կատարված է…»: Սակայն վերադարձի ճանապարհին Արտակը յոթ զինակիցների հետ զոհվում է ականի պայթյունից:

Հետախույզ մարտիկը ամփոփված է Մարտունու գերեզմանատանը:

Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է հետախույզ լեյտենանտ Արտակ Մանասյանի անունով։ Յուրաքանչյուր աշակերտ դասարան մտնելիս պիտի՛ գնահատի ու վառ պահի հայոց քաջի անունը:

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ճակատագրեր


01/03/2018