Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎԵՑԻՆ ՄՈՆԹԵԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ



ԵՐԴՎԵՑԻՆ ՄՈՆԹԵԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վաղ առավոտյան ոգեւորություն էր տիրում. նոր համալրված անձնակազմը պատրաստվում էր իրականացնել կարեւոր առաքելություններից մեկը, այն է՝ երդվել հանուն հայրենիքի: Խորհրդանշական էր անցկացման վայրը. Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հրապարակում տիրում էր մոնթեաշունչ ոգին: Յուրաքանչյուր զինծառայողի համար մեծ հպարտություն է ծառայել այն պաշտպանական շրջանում, որտեղ կռվել եւ մարտնչել է հերոս հայորդին: Հնչում է «Զգա՛ստ, հավասարությունը դեպի կենտրոն» հանդիսավոր երթի հրամանը, որից հետո երաժշտության ներքո նորակոչիկները շարային քայլերթով անցնում են հրապարակով; Շփոթված, բայց հպարտության մեծ զգացումով նորակոչիկ զինծառայողները վայրկյան առաջ սպասում էին, թե երբ է գալու պահը՝ ծնողներին փաթաթվելու եւ կարոտն առնելու: 

«Այսօր ինձ համար շատ կարեւոր օր է: Զինվոր դառնալու մասին վաղուց եմ մտածել: Հիմա արդեն զինվորական համազգեստը հագիս է, իսկ դա նշանակում է, որ ես էլ եմ դարձել հայրենիքի պաշտպաններից մեկը»,- ասում է նորակոչիկ Նորայր Դովլաթյանը:

Նորայրն ապագա դերասան է: Մինչ ծառայությունը հասցրել է նկարահանվել տարբեր ֆիլմերում: Ըստ նրա՝ դժվար է նոր միջավայրին հարմարվելը, այդուհանդերձ, բանակային առօրյան էլ է պետք` քեզ ու քո հնարավորությունները ճանաչելու, դժվարությունները հաղթահարելու նպատակով:

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը: Շնորհավորելով նորեկներին՝ գնդապետ Հարությունյանը նրանց ցանկացավ բանակային հաջողություններ, անփորձանք ծառայություն. «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք ստանձնեցիք հայրենիքի պաշտպանի պատասխանատու գործը, եւ ձեր ծնողները հպարտ են ձեզնով: Պատրաստվածությամբ եւ մարտունակությամբ արդարացրե՛ք մեր եւ նրանց սպասելիքները»:

ԵՐԴՎԵՑԻՆ ՄՈՆԹԵԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ«Սիրելի՛ նորակոչիկներ, մեր սրբազան հողը հզոր ու անսասան է ձեր եւ ձեզ նման հայ զինվորների ըմբոստ ոգու, կամքի, քաջության ու անսպառ հայրենասիրության շնորհիվ: Հայ զինվորը պաշտպանեց մեր հողը, մեր տունը, իր արյունով գծեց մեր սահմանը: Հայ զինվորի շնորհիվ է, որ Արցախը` հայրենիքի այդ փոքր մասը, բազկի ու զենքի ուժով, դուրս շպրտելով թշնամուն, ազատագրվեց տասնամյակների գերությունից: Այժմ Հայկական  բանակը  ուժեղագույնն է տարածաշրջանում,  եւ  մենք  բոլորս  միասին  պետք  է  լինենք ուժեղ, լինենք  մարտունակ  եւ  պատրաստ  պահպանելու  եւ  պաշտպանելու մեր  հայրենիքը»,- ասաց N զորամասի հրամանատար Գեղամ Գաբրիելյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ զորամասի նորանշանակ գնդերեց Նարեկ սարկավագ Թորգոմյանը: Նա դիմելով նորակոչիկներին` ասաց, որ այսօր հայ իրականության մեջ հայ զինվորը մեծ գաղափար եւ սրբություն է. «Իմ սրտագին մաղթանքն ու ցանկությունն է, որ դուք այդ գաղափարի եւ սրբության կրողները լինեք: Աղոթքս է, որ Աստված միշտ իր ամենակարող աջի հովանու ներքո պահի եւ պահպանի հայոց սահմաններն ու հայ զինվորին»:

Հանդիսավոր միտինգի ավարտին նորակոչիկ զինծառայողներն անցան հանդիսավոր երթով, որից հետո նրանց տրվեց առաջին արձակման թերթիկը՝ հարազատների հետ ժամանակ անցկացնելու համար:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ


01/03/2018