30 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ հանրապետության բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում են տոնական միջոցառումներ: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի առիթով և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Բակո Սահակյանը «Գրիգոր Լուսավորիչ», «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով և «Վաչագան Բարեպաշտ», «Մխիթար Գոշ» և «Անանիա Շիրակացի» մեդալներով պարգևատրել է շարժման ակունքներում կանգնած անձանց, որոնց մի մասին՝ հետմահու: Իր խոսքում Բակո Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: «Այդ պարգևները ձեր ամենօրյա անձնվեր ծառայության և քրտնաջան աշխատանքի գնահատականն են»,- նշել է նախագահը: «Վաչագան Բարեպաշտ» մեդալով է պարգևատրվել նաև Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, Արցախյան շարժման և ազատամարտի մասնակից Զոհրաբ Ըռքոյանը:
…Միջոցառում էր կազմակերպվել նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում: Այն սկսվեց Արցախյան շարժման և հետագա պատերազմական տարիներին արված և դրանց մասին պատմող մոտ 50 լուսանկարների ցուցադրությամբ: Հեղինակը Զոհրաբ Ըռքոյանն է: Յուրաքանչյուր լուսանկար ունի պատմություն. ներկայացնում է որոշակի իրադարձություն և անհատի: Ցուցահանդեսի շարունակությունը Զ. Ըռքոյանի դստեր՝ Անահիտի՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհու գեղանկարչական աշխատանքներն էին, որոնք մինչ այդ ցուցադրվել էին Երևանում: Աշխատանքներից հատկապես ուշադրության արժանացավ Շուշիի ազատագրմանը նվիրված կոլաժը:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը պատմեց արցախցու՝ Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարիների կողմնակալ կարգավիճակի մասին, շարժման ոգու և Մայր հայրենիքին միանալու երազանք-ՄԻԱՑՈՒՄԻ մասին: Շեշտեց երիտասարդ սերնդի հայրենասեր, կիրթ ու գիտակից լինելու կարևորությունը: Վերջում ելույթ ունեցավ «Բերձոր» ժողգործիքների համույթը: Միջոցառման ընթացքում էկրանին ցուցադրվեց փաստագրական ֆիլմ՝ նվիրված 1988թ. Ստեփանակերտում ծավալված իրադարձություններին: Տոնական միջոցառմանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք, Բերձորի ու հարակից բնակավայրերի բնակիչներ, հյուրեր:
ՎԱՐՍԵՆԻԿ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Բանակ և հասարակություն