ՆՈՐ ԴԻՐՔԸ, ՓՈՐՁԱՌՈՒ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ, ԲԱՐԻ ԱՎԱՐՏԸ…
Դիրքը նախապատմություն ունի: Ժամանակին միջանցիկ գոտի էր. ասել է թե՝ բաց դուռ: Հակառակորդն այն օգտագործեց: Եվ որոշվեց՝ որպեսզի թշնամին այստեղ ոտք չդնի, պետք է դիրք դնել: Ամիսներ առաջ հիմքերը գցեցին, ու կառուցապատումն սկսվեց: Նմանը չունեցող բաղնիք սարքեցին: Գետնատնակ կանգնեցրին: Մարզագույքով ու ժամանակակից սարքերով հագեցրին: Ժայռ ջարդեցին, խրամատ բացեցին: Կրակակետեր ձեւեցին ու զինեցին: …Եվ դուռը փակվեց:
Դիրքում ամեն ինչ հուշում է նոր լինելու մասին. հարդարված ու ընդարձակ կացարան՝ եվրապատուհաններով, հրամանատարական առանձին կետով, ծանր զենքեր, ազդանշանային համակարգ, խնամված ու բարեկարգ ճաշարան, իսկ սուրճը ոչ թե վառարանին, այլ գազօջախին է եփվում… Մեր այստեղ եղած ժամին գետնատնակը փեթակ է հիշեցնում. զինվորականները քիչ առաջ են հանձնել հերթապահությունը: Անընդհատ ներս ու դուրս են անում, ասում-խոսում, բան են տանում, բան բերում:
Դիրքը նոր է, դիրքապահներն են փորձառու: Պայմանագրայիններ են՝ մոտակա գյուղերից: Դրա համար էլ ասում են.
-Ամեն մեկիս մի տան բանալի են վստահել:
Ու կարծես պարծենում են, որ այդպես է: Նման են խառնվածքով, նաեւ՝ հայացքով՝ մտազբաղ են: Նրանց պատմություններն էլ են միատեսակ. արտագնա աշխատանքի էին «ռուսաստաններում»: Հետո հասկացել են՝ հեռվից է ամեն ինչ հեշտ երեւում, «օտարության մեջ մեղր ու կարագ չեն բաժանում»:
-Մեր գեղի հետ ո՞ր քաղաքը կհամեմատվի,-ասում է քառասնամյա բարձրահասակ տղամարդը՝ Նվերը: Հետո կնճռոտում է ճակատը՝ ճիշտն ու սխալը իմացողի պես,-ավելի լավ է՝ ապրես հաց ու ջրով, բայց քո տանը:
Նվերի տունը Վերին Կարմիրաղբյուրում է: Տանը՝ երեք երեխաներ: Այգի էլ ունի. գինի է քամում, օղի թորում: Սահմանին ապրող տղամարդը ե՛ւ հայր պիտի լինի, ե՛ւ հողի մշակ, ե՛ւ զինվոր:
Արմենն էլ մեծ քաղաքի օդը «չվերցրեց».
-Մինչեւ չընկնես արտասահմաններ, չես իմանա՝ ինչքան երջանիկ էիր քո հայրենիքում,-համոզված ասում է նա: Արմենին սարերի կարոտն ու ընտանիքավորվելու ցանկությունն է նորից տուն բերել: Եվ ոչինչ, որ ադրբեջանցիներին կիպ-կպած են ապրում,-Էս դիրքից տիրություն ենք անում մեր ունեցածին:
Արթուր Ճաղարյանը՝ պաշտոնով ավագը, տարիքով ամենակրտսերը, ասում է, որ խրամատում գերագույն զգուշությամբ քայլենք. նոր դիրքում անակնկալները շատ են: Նա ցուցամատը մեկնում է աջ, մեկնում է ձախ ու ադրբեջանական բնակավայրերի անուններ տալիս: Մի քիչ այն կողմ էլ մեր գյուղերն են: Հիմա երկու կողմերն իրար հետ միջնորդավորված են խոսում՝ կրակոցների լեզվով:
-Մեկին երկու պատասխանում ենք: Նոր դիրքը տեսադաշտը բացել է, կապ ու կապանք կոտրել,- գոհունակ դեմքով նկատում է ավագ լեյտենանտ Ճաղարյանը:
Խրամաբջիջում Հենրիկն է հերթապահում: Հեռադիտակն ուղղել է դեպի հակառակորդը: Հայացքը չի կտրում շարքով ձգվող դիրքերից, նայում է ուշադիր, նայում է համառ: Խաղաղ է: Այսօր լրացավ դիրքապահի հիսուն տարին: Շնորհավորում եմ ու արանքում հարցնում, թե քանի երեխա ունի: Ասում է՝ վեց, «Երկու տղա, երկու հարս, երկու թոռ»: Հենրիկի աչքերն իմ տեսած ամենաանկեղծ աչքերն են. այնքան վճիտ են, այնքան մաքուր: Եվ թվում է՝ ավելի արտահայտիչ են դառնում, երբ ասում է. «Էս դիրքից նայում եմ՝ ոնց է առավոտը մեր գյուղ մտնում, ու սիրտս լիանում է»: …Թող միշտ խաղաղ լինեն առավոտները:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ: Վերադառնում ենք դիրքերից: Մեր մեքենան դուրս է գալիս ճանապարհից, տեղավորվում բաց դաշտում: Մեզ ընդառաջ է գալիս կնճիռներով ակոսված, բայց աշխույժ դեմքով ծերունին: Զինվորական գլխարկով է, ժիլետով, որի տակից երեւացող գունավոր շապիկը առանձնահատուկ կոկիկ տեսք է տալիս նրան: Ձախ ձեռքում երկար ու ուղիղ փայտ է պահել. ոչխարներն է դաշտ բերել: Արարատ դային է՝ մեր վարորդի պապը:
-Բարով եք եկել,- ամուր բռնում է ձեռքս: -Մարդ չի ուզում մեր էս սիրուն սարերից իջնի, է՜, դուք ինձ մի նայեք, տուն գնացեք, մի կտոր հաց կերեք, որ գործներդ հաջողվի: Աննման մածուն ունենք, կաթ ու պանիր,- շահագրգռում է Արարատ պապը: Մենք չեմ ու չում ենք անում, իսկ նա շարունակում է,- համ էլ՝ տնեցիք վաղուց Արսենին չեն տեսել,- ժպտում է, ապա գրկում է թոռանը: Նրա կնճռապատ դեմքը լուսավորվում է:
-Մեր ապրուստն էս հողերն են: Մեր բանակին վստահում ենք, թե չէ, ոչ մեկս էլ չէր համարձակվի դաշտ դուրս գալ,-ասում է ու նորից գործի անցնում:
Հազիվ անցնում ենք մի երկու կիլոմետր, եւ մեքենան նորից դանդաղեցնում է ընթացքը: Գյուղամեջն է: Մեզ ուղեկցող զորամասի հրամանատարի տեղակալը՝ փոխգնդապետ Զոհրապ Մկրտչյանը, մոտենում է քիչ հեռվում քանդակներ ծեփող փոքրիկներին: Նայում եմ նրանց ու չեմ ուզում հավատալ, որ մանկապարտեզը նկուղ ունի, իսկ դպրոցի պատուհանները քարածածկ են:
Փոխգնդապետը շարունակում է ընկերաբար զրուցել սահմանապահ գյուղի երեխաների հետ: Հետաքրքրվում է՝ ո՞ր հեքիաթն են հավանում: Եվ փոքրիկներից ամենափոքրը հանկարծ պատասխանում է.
-Էն, որ վերջում բարին հաղթում է…
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ