Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ



«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԶինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը: 1992թ. այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը փառահեղ ուղի է անցել… Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը:

 

Մեքենան ընթանում է Քարվաճառի հոյակերտ  ժայռերի միջով: Զարուհու աչքն անընդհատ ինչ-որ փոքր ու մեծ հիացմունքի կետեր է որսում. հայացքով շոյում  է այս պատմական տարածքի ամեն ծառն ու թուփը. «Տե՛ս, մամուռը ի՜նչ գեղեցիկ նախշերով է զարդարել քարը: Նայի՜ր ծառերի կարմիր արմատներին: Մի էս ժայռերի գեղեցկությո՜ւնը տես… Մեր տղաները այս հողերի համար են կենաց-մահու կռիվ տվել…»: Շունչներս պահած՝ ըմբոշխնում ենք բնության վայրի գեղեցկությունը: Երկար ճանապարհը կարճում են իր նորաթուխ զինվոր՝ Արմանի մասին Զարուհու ջերմ ու սրտառուչ պատմությունները: Արմանը «Ես եմ» նոր ծրագրին առաջին զինվորագրվածներից է. զորամասում հաջորդ օրը նրա և մյուս «Ես եմ»-ցիների երդման արարողությունն է: Միայնակ մայրը որդու հետ շատ դժվարություններով է անցել, բայց, արդյունքում՝ հիացմունքի արժանի որդի է մեծացել: Մտապատկերումս գծագրվում է բարձրահասակ, խարտյաշ, կապուտաչ ու կարմրաթուշ զինվորի պատկերը, որն անսահման հոգատար ու բարի մարդ է: Զարուհու հիվանդ մորը՝ իր տատիկին, տարիներ շարունակ երեխայի պես խնամել է: Այսպիսի մեկը վատ մարդ լինել չի կարող: Նա մինչև ծառայությունը լավ աշխատանք ուներ, լավ էր վարձատրվում: Իմանալով «Ես եմ» ծրագրի մասին՝ վճռել է՝ ծրագիրը հենց իր համար է: 

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԶինվորական երդման հանդիսավոր արարողության համար, ավանդույթի համաձայն, խորհրդանշական վայր է ընտրվել. տարածքի վրա հպարտորեն իշխում է մարտական սխրանքի խորհրդանիշ տանկը. «1992-ին այս ուղղությամբ հակառակորդի դեմ մղված ծանր մարտերում այս տանկը հերոսական ուղի է անցել, սակայն խփվել է Ստեփանակերտի արևելյան դարպասները պաշտպանելիս: Հերոսական անձնակազմի պատվին 1995թ. մայիսի 9-ին կանգնեցվել է տանկ-հուշարձանը»,- բացատրում է ՊԲ ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանը:

Տանկի մոտ երդման արարողության սկզբում ծաղիկներ խոնարհեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան մյուս հյուրերը: Մեկնարկում է յուրաքանչյուր զինվորի կյանքում ամենակարևոր արարողությունը: «Ես եմ»-ի զորակոչիկները թաքցնում են հուզմունքը. հպարտ, խրոխտ մոտենում են, կարդում երդման խորհրդանշական խոսքերն ու շարք վերադառնում բոլորովին այլ կարգավիճակով ու զգացողություններով՝ իրենք արդեն հայրենիքի երդվյալ պաշտպաններն են: 

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՏեր Անդրեաս քահանա Թավադյանը, օրհնության կարգ կատարելուց հետո  դիմեց զինվորներին. «Այսօր սկիզբ է դրվում մի նոր ծրագրի: Այստեղ հավաքվել ենք՝ տեսնելու, մասնակցելու և օրհնելու այս կարևոր գործի սկիզբը: Ես՝ որպես եկեղեցու հոգևոր սպասավոր, Աստծու պատվիրանն եմ բերել ձեզ՝ «Սիրի՛ր ընկերոջդ, ինչպես քո անձը»: Այս պատվիրանն է, որ կարևոր դեր պիտի ունենա ձեր ծառայության ընթացքում, որպեսզի «Ես եմ» ծրագրի մեջ «ես»-ը ամփոփի իր մեջ «մենքը», որովհետև դուք միասին եք և միասին  պետք է կարողանաք պահել այն դրախտավայրը, որ այսօր Աստված տվել է մեզ ի պահպանություն՝ Արցախ և Հայաստան աշխարհները»:  

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորանքի խոսքում ասաց. «Բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հիշարժան և խորհրդանշական արարողության առթիվ: Հիշարժան, քանի որ զինվորական երդումն իրոք խորհրդանշում է այն պահը, երբ ընտանիքում, օջախում հասակ առած երիտասարդը դառնում է իր ընտանիքի, իր հասարակության, իր պետության անվտանգության երաշխավորը: Առաջին անգամ  դուք երդվում եք ձեր ուսերին վերցնել ոչ միայն ձեր ընտանիքի, այլև՝ պետության և մեր ամբողջ հասարակության անվտանգությունը: Սա իրոք շատ հիշարժան, շատ պատվաբեր օր է: Ես ձեզ խոսք էի տվել, որ այսօր անպայման լինելու եմ ձեր կողքին և մեծ սիրով եմ կատարում իմ խոստումը, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, շնորհակալ եմ ձեր վստահության, ձեր վերաբերմունքի համար: Դուք այնքան վստահեցիք մեր զինված ուժերին, բանակին, պետությանը, որ պատրաստակամություն հայտնեցիք զորակոչվելու հենց այս ծրագրով: Անշուշտ, դա հեշտ ընտրություն չէ: Հատկապես ձեր տարիքում, երբ հարազատ միջավայրից, ընկերներից, ընտանիքից, սիրած աղջկանից հեռու ամեն օրը հաշիվ է:  Դուք իրոք ձեզ վրա մեծ պատասխանատվություն եք վերցրել: Վստահ եղեք, որ մենք էլ կանենք ամեն ինչ, որ ձեր այս ընտրությանը հետադարձ հայացք ձգելով, միշտ հպարտությամբ հիշեք: Խորհրդանշական է երդումը, որովհետև երբ դուք բարձրաձայն կարդում եք երդման  տեքստը և երդվում եք ձեր ծնողների, ձեր հրամանատարների, պետության առջև, գիտեք, որ ամբողջ պետությունը երդվում է ձեզ հետ միասին: Ձեր ծնողներն ու հարազատները ձեզ հետ երդվում են սպասել ձեզ և համբերությամբ տանել կարոտի դժվարությունները: Հրամանատարները երդվում են անել այնպես, որ դուք լինեք գիտակ և հմուտ, կարողանաք արհեստավարժ կատարել ձեր առջև դրված խնդիրը: Մեր ամբողջ ժողովուրդը երդվում է արժանի լինել ձեր ծառայության շատ պարտավորեցնող իրողությանը և ձեր ընտրությանը: Ես՝ որպես պաշտպանության նախարար, մտովի ձեզ հետ միասին երդվում եմ անել այն ամենը, ինչն ինձնից է կախված,  ու ինչը կախված է մեր երկրի ղեկավարությունից, որպեսզի ձեր հմտությունները, գիտելիքները պետք լինեն միայն տեսության մեջ: Բայց նաև երդվում եմ, որ եթե, Աստված մի արասցե, հերթական անգամ ապացուցելու կարիք լինի, որ մենք տերն ենք մեր երկրի, մենք ի  վիճակի կլինենք այդ խնդիրը պատվով և հաղթանակով կատարելու:

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ«Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմքում ընկած է այն միտքը, որ բանակը պետք է լինի ոչ թե հասարակության հայելին, այլ հասարակության դպրոցն ու դարբնոցը: Դուք այդ դպրոցի և դարբնոցի առաջին մարմնացած խորհրդանիշներն եք, որովհետև մեկ քայլ առաջ եք ձեր հասակակիցներից: Դուք բարդ որոշում եք կայացրել, իսկ բարդ որոշում կայացնելը առաջնորդին, գերազանցիկին, հաջողակ մարդուն միշտ տարբերում է միջակությունից: Որքան էլ բարդ է ձեր այս որոշումը, դուք պետք է հպարտ լինեք, ինչպես մենք բոլորս ենք հպարտ ձեր որոշմամբ: Ձեզ անվտանգ ծառայություն մաղթելով՝ իրականում մաղթում ենք հաղթանակ՝ ոգու հաղթանակ, հաղթանակ ձեր բոլոր մտահոգությունների նկատմամբ, հաղթանակ, որը ձեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին ևս մեկ անգամ կապացուցի, որ ձեր ընտրությունը ճիշտ էր և իմաստավորված: Բարի՜ ծառայություն ձեզ, խաղաղություն մեր երկրին, մեր ժողովրդին, փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը և ազատ Արցախին»: 

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՀրաձգային վաշտի նորակոչիկ, շարքային Մարտիրոսյանն իր հերթին, հուզիչ ու ոգեշունչ խոսք ասաց. «Մենք՝ նորակոչիկներս, այսօր հայրենիքի պաշտպանի սուրբ գործը հանձն ենք առել գիտակցաբար: Ես և իմ ծառայակից ընկերները բարձր ենք գնահատում զինվորականի պատիվն ու արժանապատվությունը: Գիտենք սիրել հայրենիքը, սրբացնել մեր զորամասը՝ իբրև մեր տունը, հարգել հրամանատարներին՝ ինչպես մեր ծնողներին և սատար կանգնել ու օգնել մեկմեկու՝ իբրև եղբայրներ: Մենք զորակոչվեցինք  մեր զինված ուժերի ամենակարևոր ու խորհրդանշական օրը՝ հունվարի 28-ին և այսօր այստեղ երդվեցինք անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Գիտակցում ենք մեր սուրբ գործի ամբողջ պատասխանատվությունը: Պատասխանատու ենք մեր ծնողների, ընտանիքների, մեր հայրենիքի և վերջապես՝ մեր ավագ սերնդի առջև, նրանց առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն բոլորիս: Մեր հերթին երդվում ենք՝ չխնայել մեր կյանքը հանուն հայրենիքի: Պաշտպանության նախարարի կողմից մեզ տրված հնարավորության շնորհիվ ընդգրկվեցինք «Ես եմ» ծրագրում, որը մեզ քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո ավելի ամուր մեկնարկային դիրք ունենալու հնարավորություն կտա: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ հայրենիքիս, հպարտ եմ, որ կրում եմ զինվորական համազգեստ ու ծառայում եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Ես և ընկերներս առաջնագիծ մեկնելու և մարտական հերթապահություն ստանձնելու օրերն ենք հաշվում: Համոզված եմ, որ տարիներ անց, նույն կազմով, արդեն կայացած, բոլորս կվերադառնանք տուն, դուռը կթակենք ու կասենք, «Մա՛մ ջան, ես եմ, արդեն տանն եմ»:

«ԵՍ ԵՄ»-Ը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՄիջոցառումից հետո տղաները հանձնում են կցագրված զենքերը և միանում հարազատներին. օրվա մնացած մասը  միասին են անցկացնելու: Գրիգորը, Միշան և Մհերն ընկերացել են զորամասում, հիմա էլ միմյանց հարազատներին են ներկայանում: Գյումրեցի Գրիգոր Թագվորյանը պատմում է. «Միշտ ուզում էի մարտական հերթապահություն անցնել, զգալ, թե դա ինչ է: Այս ծրագրի մասին իմացա ու որոշումս կայացրի: Չեմ զղջում, որ այսօր այստեղ եմ: Իմ պատկերացրած բանակից շատ ավելի լավն է իրականը: Մեծ հաճույքով եմ ծառայում: Ընկերությունը տղերքի հետ, փոխհարաբերությունները սպաների հետ. ամեն ինչ բարձրության վրա է»: Գրիգորը սովորում է Բժշկական համալսարանում. առաջին կիսամյակից եկել է բանակ. ետ կգնա, կշարունակի ուսումը: Արդեն ինքը կվճարի իր ուսման վարձը:

Միշա Մկրտչյանը նույնպես գյումրեցի է: Ասում է, որ ինքն ու ընկերները զորամասում շատ լավ են զգում: «Շատ ուշադիր են մեր հանդեպ, սպաներն էլ շատ լավ մարդիկ են, զգում ենք, որ անկեղծորեն հետաքրքրվում են, հոգում մեր մասին: Եթե մի բան այնպես չի լինում, ասում ենք, անմիջապես շտկվում է»: Միշան 17 տարի Մոսկվայում է ապրել: Եկել է, հասցրել է մի փոքր հայերեն սովորել ու հենց զինկոմիսարիատում էլ ծանոթանալով ծրագրին, որոշել է ծառայությունն այսպես անցնել: «Հաճախակի կարող ես տանը լինել, հոգում են տուն գնալ-գալու ծախսը, ծառայությունից հետո կարող ես սեփական գործն սկսել,- թվարկում է Միշան,- և ամենակարևորը՝ կարող ես սովորել՝ առանց ուսման վարձի մասին մտածելու»: Կսովորի Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

Մհերն էլ Արթիկից է. «Որոշեցի երեք տարի ծառայել ու «մի քիչ գումար ետ գցել». ուզում եմ ծառայությունից հետո սեփական գործ ձեռնարկել: Զորամասը շատ լավն է: Գոհ ենք հատկապես հրամանատարներից, նրանց վերաբերմունքից: Պայմաններն էլ շատ լավն են: Մենք էլ, մեր հերթին, ձգտելու ենք լավ ծառայել»:

Ուսումնական փուլից հետո ի՞նչ զգացողություններով են բարձրանալու դիրքեր հարցիս՝ տղաները պատասխանում են. «Մեծ հաճույքով»: «Հրամանատարությանը խնդրել էի, որ ինձ շուտ՝ ապրիլին թույլ տան դիրքեր բարձրանալ,- ասում է Մհերը,- բայց մերժեցին. ուսումնական փուլն ամբողջությամբ պետք է անցնեմ՝ հետո»: Իսկ ինչո՞ւ հենց ապրիլին». «Ուզում էի այդ օրերին տղաների կողքին լինել»,- բացատրում է  Մհերը:

Միշայի հայրը՝ Մհերն ասում է. «Խորհրդակցեցինք ընտանիքով ու հասկացանք, որ իրոք լավ ծրագիր է: Մեկ ամիս է, ինչ տղաս ծառայում է ու շատ գոհ է ամեն ինչից: Անընդհատ տեղեկություն ունենք իրենից: Հրամանատարական կազմը միշտ բարեխիղճ, պատրաստակամ է: Եթե ծրագիրը ինչպես սկսվել է, այնպես էլ շարունակվի, վստահ եմ, որ ցանկացողների թիվը գնալով կավելանա: Ծրագրի ընձեռած առավելություններն ակնհայտ են: Միշիկս նորածին քույրիկ ունի: Շատ լավ է, որ կարողանա շուտ-շուտ գալ, տեսնել քրոջը»:

Մայրը՝ Հերմինեն, նշում է.«Շատ հաճելի է, որ որդուս ուրախ, առողջ, ոգևորված եմ տեսնում: Միշան մարզիկ էր Մոսկվայում, ռադիոպիլինգացիա սպորտաձևի  վարպետի թեկնածու: Սա ռադիոսիրողական սպորտ է, որ թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր առումներով զարգացնում է: Անտառում մորզեի այբուբենով և ռադիոփարոսներով կողմնորոշվելով՝ դուրս  են գալիս տարածքից»:

Ռուսաստանից ծառայելու նպատակով հայրենիք են եկել նաև երկվորյակներ Սլավիկ ու Համլետ Նահապետյանները: Լսել են «Ես եմ»-ի մասին ու որոշել հենց այս ծրագրով ծառայության անցնել: Տղաների հայրը՝ Էդվարդ Նահապետյանը, և հորեղբայրը Արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Տղաներն ասում են՝ թեկուզ 4 տարով լիներ՝  մասնակցելու էին հենց «Ես եմ»-ին: Որոշել են ծառայությունից հետո շարունակել զինվորական գործը:

Մասիսցի Հակոբ ու Հարություն Հարությունյան եղբայրներն են: Հակոբը արդեն «Ես եմ»-ցի է, իսկ Հարությունը մեկ ամիս է, ինչ ծառայում է մեկ այլ զորամասում: «Ի՞նչ խորհուրդ ես տվել եղբորդ»,-հարցնում եմ Հարությունին: «Ավելի ճիշտ՝ ինքն է ինձ խորհուրդ տվել, որ անցնեմ «Ես եմ»-ի տարբերակին: Մեծ ցանկություն ունեմ ինքս էլ ընդգրկվելու այս ծրագրում: Ուզում եմ դիմել մեր պաշտպանության նախարարին»:

Արտյուշա Ավանեսյանի քույրը՝ Լիլիթն ասում է. «Ուրախ եմ, հուզված եմ, հպարտ եմ և մի տեսակ ավելի ապահով եմ զգում՝ զինվոր եղբայր ունեմ: Եղբայրս ճիշտ ընտրություն է կատարել»: «Արտյուշային բանակ ուղարկեցինք, իսկ քրոջը ամուսնացրինք գրեթե միաժամանակ»,- ասում են ծնողները:

Խաչիկ գյուղից են ընկերներ Գարիկ Հարությունյանն ու Արթուր Աբրահամյանը: «Ես եմ»-ցի ընկերոջ՝ Գարիկի երդման արարողությանը ներկա լինելու համար  մեկ այլ զորամասում ծառայող Արթուրին ազատ էին արձակել այդ օրը: Ի դեպ, Արթուրի եղբայրն ամուսնացած է Գարիկի քրոջ հետ. այսօր մի մե՜ծ ընտանիքով կնշեն հանդիսավոր օրը: 

«Կարոտը, ինչ խոսք, իրեն զգացնել է տալիս,-ասում է Գարիկը:- Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու շուտ-շուտ տեսնել հարազատներիս,- և ավելացնում է: -Մեծ պատասխանատվություն և հպարտություն է. ամիսներ անց, բարձրանալու ենք դիրքեր…»:

Արարողության ամբողջ ընթացքում հետևում էի Զարուհուն, որին մեր մեքենայով ուղեկցել էինք զորամաս, նրա որդուն՝ Արմանին: Զինվորը լիովին համապատասխանում է մոր նկարագրածին. հաղթանդամ, ժպտադեմ, կապուտաչ երիտասարդը՝ գլուխը վեր, հպարտ ու խրոխտ արտասանեց իր երդման տեքստը: Նրա դիմախաղում ու շարժուձևում այնքան մեծ խանդավառություն, ուրախություն ու վստահություն կա, որ խոսքերն ավելորդ են…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի և ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ 

Խորագիր՝ #08 (1230) 28.02.2018 - 06.03.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/03/2018