Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՈԼԻՆ ՎԱՆՔԻ ԼԵԳԵՆԴԸ



Երբ 1982թ. էկրաններին ցուցադրվեց «Շաոլինի վանքը» ֆիլմը, այն միանգամից մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն արեւելյան մարտարվեստի երկրպագուների, այլեւ հազարավոր մարդկանց մեջ: Բոլորին գերեց այդ վանքի վանականների վարպետությունը, ճկունությունը, ուժը, արժանապատիվ ապրելակերպը, եւ շատերը ցանկացան տիրապետել այդ մարտարվեստին: Ֆիլմին հետեւեցին նրա հաջորդ սերիաները` «Շաոլինի որդիները» եւ «Շաոլինի մարտարվեստները»:
Իսկ ի՞նչ է Շաոլինը, որտե՞ղ է այն, այդ ինչպե՞ս եղավ, որ բուդդայական վանականները, բացի հոգեւոր տեքստեր ուսումնասիրելուց, սկսեցին զբաղվել մարտարվեստով:

Շաոլինի վանքը Չինաստանի կենտրոնական Հընան նահանգում է, Սունշան լեռան վրա («Շաոլինսի» նշանակում է «երիտասարդ անտառի վանք»): Այստեղ 5-րդ դարի սկզբին դաոսյան վանք է եղել, սակայն դաոսականների նկատմամբ հալածանքներից հետո վանքը գրավում են բուդդայականները: Այն հիմնադրել է 495թ. հնդիկ բուդդայական վանական Բհադրան (Բուդդաբհադրա, չինական տարբերակը` Բատո կամ Բատուո)` չինական կայսր Սյաո Վըն-դիի հովանավորությամբ:
530-ականներին վանք է այցելում բուդդայականության առաջնորդներից հնդիկ վանական Բոդհիդհարման (չինական տարբերակը` Պուտիդամո կամ Դամո), որը Հնդկաստանից Չինաստան էր եկել բուդդայականություն տարածելու առաքելությամբ (բուդդայականությունն առաջացել է Հնդկաստանում մ.թ.ա. 5դ., սակայն տարածվել է երկրի սահմաններից դուրս, եւ այժմ բուդդայական է Հնդկաստանի բնակչության ընդամենը 1%-ը, իսկ Բուդդայի հարյուր հազարավոր հետեւորդներ Չինաստանում են, Թայլանդում, Մալայզիայում, Ճապոնիայում եւ այլուր): Նա Շաոլինի վանականներին փոխանցում է այնպիսի գիտելիքներ, որոնք հիմնովին փոխում են նրանց բուդդայական պրակտիկայի ուղղությունը, եւ այսպիսով ստեղծում է շաոլինյան ուշուի դպրոցը («ուշու» նշանակում է «մարտարվեստ»): Նրանք սովորում են մեդիտացիաների կատարելագործման եւ ֆիզիկական առողջությունը պահպանելու ձեւերը:

Լեգենդի համաձայն` Բոդհիդհարման 9 տարի նստում է պատի դիմաց` անձայն մեդիտացիայի մեջ խորհելով աշխարհաստեղծման փիլիսոփայական խնդիրների մասին: Արեւի լույսը նրա պատկերը խարում է այն պատին, որին ամեն օր ուղղված էր նրա դեմքը: Պատկերով քարը մինչեւ հիմա պահպանվում է վանքում եւ համարվում է նրա մեծագույն գանձերից մեկը: Մեդիտացիայի մեջ միայն մեկ անգամ է Դամոն քնում: Արթնանալով, նա շատ է բարկանում ինքն իր վրա եւ պոկում է թարթիչներն ու գցում գետնին: Բուդդան դրանք վերցնում է, հողում տնկում, եւ նրանցից թեյի բուրավետ թփեր են աճում, որը խմում են բուդդայականները` երկարատեւ մեդիտացիայի ժամանակ գիտակցությունը թարմացնելու համար:
9 տարի նստելուց հետո Դամոն չի կարողանում վեր կենալ, քանի որ ոտքերն ընդարմացել էին: Օգտագործելով վարժությունների հատուկ համալիր` նա վերականգնում է ոտքերի շարժունակությունը եւ վանականներին էլ խորհուրդ տալիս անձայն ինքնախոհության պրակտիկան համադրել ֆիզիկական վարժությունների հետ, որոնք էին` բռնցքամարտ, մարտարվեստ վանականների գավազանով եւ շնչառական-մեդիտատիվ վարժություններ: Համարվում է, որ Դամոն է առաջ քաշել «մարդու մեջ ֆիզիկականի եւ հոգեւորի համատեղման» կարեւորագույն սկզբունքը` հրաժարվելով մարմինը հյուծող ճգնավորական կյանքից:

Ժամանակի ընթացքում շաոլինյան մարտարվեստը կատարելագործվում է: Շաոլինից են սերում չինական Շաոլին ցյուանը, ճապոնական Սյորինձի կեմպոն, կարատեի տարբեր ձեւերը, կորեական տհեկվոնդոն: Ի դեպ, Չինաստանում Թան դինաստիայի ժամանակաշրջանում (7-10դդ.) պաշտոն ստանալու համար քննություն հանձնող յուրաքանչյուր անձ պետք է ցուցադրեր նաեւ ուշուի իր իմացությունը: Չինական ասացվածքի համաձայն` «Երկնատակի (Չինաստանի անվանումներից մեկը – Ն.Մ.) բոլոր մարտարվեստները դուրս են եկել Շաոլինի վանքից»: Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում այս ասացվածքը:

***
617-621թթ. Երկնատակում մեծ խռովություն էր: Զորավար Վան Շիչունը ապստամբում է Թան դինաստիայի կայսր Լի Շիմինի դեմ: Վարկածներից մեկի համաձայն` նա նույնիսկ առեւանգում է կայսեր որդուն: Կայսրը ստիպված փախուստի է դիմում: Թաքնվելով Շաոլին վանքի մոտակայքում` կայսրը վանականներից օգնություն է խնդրում: Մեկ այլ վարկածով` նա գետն է ընկնում, եւ վանականները նրան փրկում են: Կայսերը պաշտպանելու համար 13 վանականից բաղկացած ջոկատ է ուղարկվում: Այն ղեկավարում էր Շաոլինի ամենալավ ուսուցիչներից մեկը` Թանծունը, որը կարողանում էր ձիու վրա նստած` փայտով կռվել: Վանքին է մոտենում Վան Շիչունի ջոկատը եւ փորձում հրդեհել այն, սակայն վանականները մարտի են բռնվում եւ պարտության մատնում հարձակվողներին, թեպետ Վանին հաջողվում է փախչել: Շաոլինցիները հետապնդում են նրան եւ մեկ օր անց գտնում ընտրագույն զինվորների շրջապատում: Եվ նորից մարտ է սկսվում: Ապստամբները զինված էին թրերով, նիզակներով, շղթաներով, իսկ վանականները` միայն ծանր գավազաններով, սակայն վերջիններս կարողանում են ոչ միայն հաղթել Վանի պահակազորին, այլեւ գերի վերցնել: Լի Շիմին կայսրը նորից գահ է բարձրանում:

Կայսրը չի մոռանում Շաոլինի վանականների ծառայությունները: Վանքին տրվում է 40 ցին (250հա) հող, բարձրագույն հրամանով վանականներին թույլատրվում է միս ուտել եւ գինի խմել: Իր այս թույլտվությունը կայսրը բացատրում է նրանով, որ միսն ու գինին մարտիկներին ավելի շատ ուժ կտան, քան բուդդայական կանոններով ամրագրված բանջարեղենային խոհանոցը: Այս կապակցությամբ ժողովրդի մեջ նունիսկ լեգենդ է տարածվում, թե հենց շաոլինյան մարտիկներն են ստեղծել «Հարբածի բռունցք» (ծույցյուան) ոճը: Այդ ժամանակից Շաոլինի վանքին թույլատրվում է ունենալ 500-հոգանոց հատուկ «վանականական զորք» (սընբին), ջոկատի ղեկավար Թանծունին շնորհվում է «Մեծն զորավար» տիտղոսը:
Շաոլինցիները համարում են, որ հենց այս շռայլ պարգեւներից հետո է վանքը ստանում «մարտարվեստների առաջին վանքը Երկնատակում» բարձր անունը: Այժմ վանականները զբաղվում են ոչ միայն բռնցքամարտով եւ փայտով կռվելով, այլեւ զգալի բազմազանություն են մտցնում` սովորելով կռվել ձիու վրա, կեռ թրերով, նիզակներով: Սկսում է ձեւավորվել յուրահատուկ շաոլինյան ոճը, որը հիմնված է կոշտ հարվածների, ուղիղ գծով շարժման, մոտ եւ միջին հեռավորության վրա մարտ մղելու, արմունկներով եւ ափերով մեծ քանակությամբ հարվածներ հասցնելու վրա:

Վանականական մարտարվեստը երկար ժամանակ տղամարդկանց մենաշնորհն էր համարվում, սակայն այս օրենքը խախտվեց 9-րդ դարում: Այս մասին էլ մի լեգենդ կա: Մի անգամ վարպետ ռազմիկ Ֆուխուն (898-970թթ.), որը «իր շնչով հակառակորդին գետին էր տապալում, կարող էր հանգիստ ինքնախոհության մեջ գտնվել 10 օր, իսկ շարժվելիս տան հիմքերը կարող էր գցել», Շաոլին վերադառնալու ճանապարհին մի ռազմիկ կնոջ է տեսնում` հսկայական աղեղը ձեռքին: Վախենալով վանականի ահարկու տեսքից` կինը նետ է արձակում նրա վրա, սակայն Ֆուխուն բռնում է նետը եւ հետ շպրտում դեպի կինը: Թեպետ նետը միայն թեթեւակի քերծում է կին-ռազմիկին, սակայն նա, երեք անգամ ծնկաչոք խոնարհվելով վարպետի առջեւ, խնդրում է իրեն աշակերտ վերցնել: Նրանք միասին վերադառնում են վանք, եւ Ֆուխուն փոխանցում է նրան իր գիտելիքները, սովորեցնելով «տեղաշարժվել թեթեւ, ինչպես ծիծեռնակը, հարձակվել, ինչպես հետ-առաջ անող մաքոքը», 100 քայլից անվրեպ նետահարել, կռվել շղթայով եւ ծայրին ծանրություն ամրացված պարանով:

Շաոլինի վանքում աստիճանաբար ձեւավորվում է ուսումնական ծրագիր, որը անփոփոխ էր մինչեւ 20դ. սկիզբը: Ծրագիրը բաղկացած էր չորս հիմնական մասերից. 1) բուդդայականության կանոնների, մեդիտացիայի հիմունքների, ինքնախոհության ուսուցում, 2) մարտարվեստ, ֆիզիկական առողջության պահպանում, ձիարշավ, 3) բժշկություն, մերսման հիմունքներ, բուժական բալզամների, քսուքների, թուրմերի պատրաստում եւ օգտագործում, թույների, հանքանյութերի, կենդանիների ներքին օրգանների կիրառում, 4) «քաղաքացիական գիտություններ», այդ թվում` գեղագրություն, տաղաչափություն, դասական գրականություն եւ գեղանկարչություն: Մինչեւ հիմա շաոլինցիների համար ամենամեծ գովասանքը հետեւյալն է. «Չորս գիտություններում հմտացած մարդ»: Աշակերտները կոչվում են ուսեն, իսկ իսկական վարպետները` ուլին (մարտական աղվես):

***
Շաոլինի վանքը Հընան նահանգի մայրաքաղաք Ճընճոուից 100կմ հեռավորության վրա է: Կարելի է ասել, որ այս քաղաքն ապրում է վանք այցելող զբոսաշրջիկների հաշվին, որոնց թիվը բազմապատկվել է Շաոլինի մասին ֆիլմերի թողարկումից հետո: Այժմ այս վայրում բացվել է մարտարվեստների ավելի քան 50 դպրոց, որտեղ ուսում է ստանում 50 հազար հոգի ինչպես Չինաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
Վարժանքը սկսվում է առավոտյան ժամը 5-ից եւ տեւում 6 ժամ, իսկ կեսօրից հետո 6 ժամ էլ տեւում է տարբեր առարկաների, ինչպես նաեւ բուդդայական տեքստերի ուսուցումը: Չէ՞ որ մարմինը եւ հոգին պետք է ներդաշնակ լինեն: Ամենօրյա կերակրացանկը շատ պարզ է. բրինձ, սոյայի կաթնաշոռ դոֆու, վարունգ եւ սմբուկ: Ահա թե որտեղ է հարկավոր ոգու ուժը: Իսկ ինչ վերաբերում է կայսր Լի Շիմինի` միս ուտելու թույլտվությանը, ապա տեղի վանականներն ասում են, որ դա միայն լեգենդ է, իրականում իրենց կերակրացանկը բուսական է:
Ոչ բոլորը կարող են դիմանալ մարտարվեստի դպրոցի խիստ կանոններին:

Պատմում են, որ մի անգամ ԱՄՆ-ից Շաոլին վանքի Ուշուի ակադեմիա է գալիս տարիքով մի չինուհի, որը որոշել էր կյանքի վերջում ըմբռնել «ներքին արվեստի» գաղտնիքները եւ չան-բուդդիզմի իմաստությունը: Ողջ կյանքում ապրելով հարմարավետ պայմաններում` նրա համար շատ դժվար է լինում մերվել վանականական պարզ կյանքին` մի քանի հարկանի մահճակալներ, ջեռուցման բացակայություն նույնիսկ ձմռանը, իսկ ամենաահավորը` ընդհանուր արտաքնոց` շատ թույլ լուսավորությամբ: Մի քանի օր անց միակ լամպն էլ է վառվում, եւ այդ քարե կառույցը թաղվում է սառը խավարի մեջ: Անհարմար զգալով ուսուցչից նոր լամպ խնդրելու` նա դիմում է ավագ աշակերտներից մեկի միջնորդությանը: Աշակերտը վազում է ուսուցչի մոտ.
– Ուսուցիչ, հյուրը խնդրում է նոր լամպ դնել, այնտեղ ոչինչ չի երեւում:
– Իսկ ի՞նչ կա այնտեղ տեսնելու, – տարակուսում է ուսուցիչը, – նա ինչպես միշտ փորձում է տեսնել ոչ այն, ինչի համար եկել է:
Նույն օրը ամերիկուհին լքում է ակադեմիան:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


31/08/2011