Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ



ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Հրաշապատում կամ
զարմանալի պատմություններ» գրքից

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՏԱՂԸ
Այս պատմությունն ինձ պատմել է Արսեն անունով մի տղա, որ ապրում էր կարծեմ նախկին Սևանի շրջանի Ցամաքաբերդ գյուղում։
– Ծնողներս արդեն երեք աղջիկ ունեին եւ նոր երեխայի էին սպասում,- այսպես սկսեց իր պատմությունը նա։ -1962 թվականն էր։ Մայրս հղի էր, եւ հասկանալի պատճառով ծնողներս շատ էին ուզում, որ տղա ծնվի։ Եվ մատաղ են խոստանում Սեւանա վանքին։ Մատաղի օրը մեր ողջ գերդաստանր գալիս Է եկեղեցի։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին վանքը, մասնավորապես՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին, թանգարան էր։ Նրանք բարձրանում են եկեղեցի, իրենց ուխտն անելուց հետո իջնում են ներքեւ՝ լճի ափ՝ ճաշակելու մատաղը։ Հայրս որոշում է միսը ընդունված կարգով եփելու փոխարեն խորոված անել։ Միսը կրակին դնելուց երկու րոպե չանցած՝ հայտնվում են երկու կանայք։ Հայրս եւ ներկա գտնված բոլոր բարեկամները վկայում են, որ կանայք իջնելիս են եղել վերեւից՝ կղզու գագաթից։ Բայց մերոնք գիտեին, որ վերեւում որեւէ մարդ չկա… Կանայք նաեւ տարօրինակ տեսք են ունեցել. երկար սպիտակ սավաններ եւ շատ թախծոտ ու վշտահար դեմք։ Նրանց աչքերն ասես ճպռոտ լինեին…

-Այս ի՞նչ եք անում,- հանդիմանում են կանայք,- բա մատաղը խորոված կանե՞ն։ Այս ծուխն առ Աստված է բարձրացել…
-Ոչինչ, քույրիկ,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է հայրս,- ի՞նչ տարբերություն, թե ինչպես կուտենք գառան միսը։ Դուք էլ համեցեք։
«Տեսնես որտեղի՞ց իմացան, որ մենք մատաղ ենք արել,- մտածում է մայրս, հետո գլխի ընկնելով, որ ինչ-որ բան այն չէ, եւ որ կանանց տեսքը շատ է տարօրինակ, հարցնում է.

– Քույրիկ, դուք հաստատ կիմանաք։ Այս մեկն է՞լ է աղջիկ։
– Չէ՛, այդ մեկը տղա է,- պատասխանում են նրանք։
Իսկ մերոնց հետ սեղան նստելու հորդորներին պատասխանում են.
– Մեր աչքերը ծխից ու արցունքից փակված են, լվացվենք՝ նոր։

Մոտենում են լճին, երեսներին ջուր են ցողում եւ մերոնց ապշահար հայացքի առաջ անհետանում, ինչպես որ անակնկալ հայտնվել էին։
Հետո ծնվում եմ ես։ Մինչ օրս ապրում եմ աշխարհում։ Եվ այդ դեպքը մինչեւ հիմա հիշում ու պատմում են ոչ միայն իմ ծնողները, այլեւ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ տարօրինակ մատաղին եւ ականատեսը եղել հրաշքի…,- խորհրդավոր տոնով եզրափակեց նա։

Վարդան Եղիազարյան
Կոտայքի մարզ, գյուղ Գողթ

ՓՈՔՐԻԿ ԹԱԹՈՒԼԻ ԹՌԻՉՔԸ
Իջեւանցի 13□ամյա Գոհար Օթարյանին հանդիպեցինք Դիլիջանի մանկական առողջարանում՝ 2006 թվականի ապրիլին։ Նրանց հավատավոր ընտանիքը ութ երեխա ունի։ Նրանք հավատում են Աստծուն, ապրում քրիստոնյայի կյանքով, եւ Աստված պահպանում է նրանց։ Հաճախ է ողորմածաբար ներում եւ հաճախ է փրկում չարից ու փորձանքից։

– Իսկ այն դեպքը, որ տեղի ունեցավ անցած տարի եղբորս երկու տարեկան Թաթուլի հետ, իսկական հրաշք էր,- ժպտալով ասաց աղջիկը։- Այդ օրը ես խաղում էի շենքի բակում։ Կարծես մեկն ինձ ասաց. «Հապա վերեւ նայիր»։ Նայեցի եւ ի՞նչ։ Սարսափեցի։ Փոքրիկ Թաթուլը բարձրացրել էր մեր իններորդ հարկի բնակարանի պատշգամբի լուսամուտին ու ներքեւ էր նայում։ Ահից չկարողացա ձայն հանել, իսկ երեխան ընկավ։ Ինձնից անկախ վազեցի ընդառաջ եւ թեւերս պարզեցի։ Երեխան հանգիստ (ասես չէր ընկել այդքան բարձրից) պառկեց թեւերիս։ Առաջին պահ չհասկացա, որ հրաշք կատարվեց։ Պատկերացրեք՝ իններորդ հարկից, մոտ 25□27 մետր բարձրությունից 5-6 կիլոգրամանոց ինչ□որ բան ընկնի, եւ դուք փորձեք բռնել։ Նախ՝ չեք կարողանա, հետո էլ եթե նույնիսկ բռնեք, ահավոր ցավ կզգաք։ Մի խոսքով։ Ո՛չ ինձ բան պատահեց, ո՛չ երեխային։ Թաթուլիկին տարանք Երեւան, ստուգեցին, պարզվեց՝ լրիվ առողջ է։
Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, փոքրիկ Թաթուլը ուրախ վազվզում է, իսկ լսողները չեն հավատում, որ նա 9□րդ հարկից ներքեւ է ընկել ու ողջ մնացել Աստծո ողորմածությամբ։

Ն. Վարդանյան,Հ. Ազնավուրյան
Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի
4□րդ լսարանի սաներ

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Հոգևոր-մշակութային


31/08/2011