ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ. ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն հարևան երկրներին և ամբողջ աշխարհին:
Միջազգային հանրության կողմից անտեսված վերջին բռնակալը ցեղասպան Ադոլֆ Հիտլերն էր, որը սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ ներխուժելով տասնյակ երկրներ և սպանելով միլիոնավոր մարդկանց: Ցավոք, արևմտյան ղեկավարները փորձում են գոհացնել Էրդողանին, դրանով իսկ ստեղծելով մի հրեշի… Տարօրինակ է, որ իսլամական աշխարհում ոմանք հարգանքով են վերաբերվում նրան, իսկ շատ արևմտյան երկրներ Թուրքիային համարում են իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը: Ավելի վատ, Ռուսաստանը ևս փորձում է իր կողմը գրավել Էրդողանին՝ նրան Արևմուտքից և ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:
Էրդողանի անհավասարակշիռ հոգեվիճակի վառ օրինակ է նրա արտառոց հրապարակային հայտարարությունը՝ տեղադրված Թուրքիայի նախագահի կայքում՝ «Թուրքիան արդարության համար համաշխարհային պայքարի դրոշակակիրն է» վերնագրով:
Առողջ դատողությամբ որևէ մեկը նման հայտարարություն չէր անի: Ինչպե՞ս կարող է Էրդողանը նման կեղծ հայտարարություն անել, երբ հարյուրավոր լրագրողներ և տասնյակ հազարավոր պրոֆեսորներ, փաստաբաններ, դատավորներ և հանրային աշխատողներ բանտարկված են: Բացի թուրք ժողովրդի նկատմամբ ներկայիս անարդարություններից, Էրդողանը հերքում է նաև անցյալի զանգվածային անարդարությունները, ինչպես հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը:
Ավելի վաղ «Արդարություն և զարգացում» կուսակցության Էսքիշեհիրի նահանգային կոնգրեսում Էրդողանը անամոթաբար հայտարարել է նաև, թե` «Թուրքիան ապահով ապաստան է ճնշվածների և մղձավանջ՝ ճնշողների համար»: Եթե Թուրքիան այսպիսի «ապահով ապաստան» է, ապա ինչո՞ւ են բազմաթիվ թուրքեր փորձում փախչել երկրից և ապաստան գտնել Եվրոպայում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը ձերբակալման հրաման տալիս փախածների համար և ճնշում գործադրում եվրոպական երկրների վրա՝ թուրք լրագրողներին, մտավորականներին և իրավապաշտպաններին արտահանձնելու համար:
Իրեն կարգելով համաշխարհային ղեկավար, Էրդողանը լայն ցանց է գցել՝ միջամտելով հեռու ու մոտ շատ երկրների ներքին գործերին. «Թուրքիան հույսի աղբյուր է Ղրիմի մեր եղբայրների և քույրերի, Թուրքեստանի ճնշվածների և Կովկասի, Սարաևոյի ու Աֆրիկայի մեր ընկերների համար… Եթե մենք սայթաքենք, ապա Ալ Քուդսը (Երուսաղեմ) կընկնի, Պաղեստինը, Ռախինը (շրջան Մյանմայում) և Սոմալին կընկնեն»:
Էրդողանի ամպագոռգոռ ելույթից մի քանի օր անց թուրք ընդդիմադիր լրագրող Ուզայ Բուլութը քննադատական մեկնաբանություն գրեց «Վաշինգտոն փոստ» թերթում՝ «Թուրքիայի բռնության երանգներով արտաքին քաղաքականությունը» վերնագրով:
Ուզայը հիշեցրել է ընթերցողներին, որ «Օսմանյան կայսրության կողմից հսկայական տարածքների բռնազավթումը և իսլամի նվաճողական դրոշը դեռևս ազդեցություն ունեն Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա` ներառյալ նրա զավթումներն ու էթնիկ զտումները»:
Հայտնի թուրք մեկնաբանը հատկապես շեշտել է Էրդողանի միջամտության քաղաքականությունը Հյուսիսային Սիրիայում (Աֆրին) և Կիպրոսում: Ուզայը նշել է, որ Թուրքիան 1974թ. զավթելով Հյուսիսային Կիպրոսը, այժմ սպառնում է Կիպրոսի Հանրապետության մնացած հատվածին: Էրդողանն ասել է. «Կիպրոսի քաջությունը կշարունակվի մինչեւ նրանք տեսնեն մեր բանակը, նավերն ու ինքնաթիռները»: Թուրքիան անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասնյակ բանաձևերը, որոնք պահանջում են զորքերի դուրսբերումը Հյուսիսային Կիպրոսից:
Էրդողանը նաև նախազգուշացրել է եվրոպական ընկերություններին, որոնք գազի հանքավայրեր են հետազոտում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Կիպրոսի Հանրապետության տարածքային ջրերում: Այս ամսվա սկզբին Ուզայը գրել է. «Թուրքական ռազմանավերն արգելափակել են իտալական ENI էներգետիկ ընկերությանը պատկանող նավասարքը՝ Կիպրոսի ջրերին հասնելու և գազի հետազոտման աշխատանքներն սկսելու համար»:
Էրդողանը խոստովանել է իր զավթողական քաղաքականությունը` զուգահեռներ անցկացնելով Աֆրինի, Կիպրոսի և Էգեյան ծովի հունական կղզիների միջև, որոնք հաճախ դառնում են թուրքական սպառնալիքների և պահանջների թիրախ: Էրդողանը անամոթաբար հայտարարել է. «Մեր իրավունքները նույնն են ինչպես Աֆրինում, այնպես էլ Էգեյան ծովում և Կիպրոսում: Երբեք չմտածեք, որ բնական գազի հետազոտումը Կիպրոսի ջրերում և շահագործման փորձերը Էգեյան ծովում դուրս կմնան մեր ռադարներից»:
Էրդողանի գլխավոր խորհրդականներից Յիգիթ Բուլութն ավելի ծայրահեղ քայլերի գնալով՝ հոխորտանքով սպառնացել է Հունաստանին Իմիա կղզու առնչությամբ, որը թուրքերը անվանում են Կարդակ: Նա զգուշացրել է. «Աթենքը կարժանանա Թուրքիայի ցասմանն առավել, քան Աֆրինը: Մենք կկոտրենք վարչապետի (Հունաստանի) և ցանկացած նախարարի ձեռքերն ու ոտքերը, որոնք կհամարձակվեն ոտք դնել Էգեյան ծովի Կարդակ կղզի: Այս տարածաշրջանում չկա ոչ մի զինված ուժ, որը կարողանա դիմակայել թուրքական զինված ուժերին: Այնպես որ, բոլորը պետք է իրենց տեղն իմանան: Իմպերիալիստները կհամաձայնեն, որ այս հողում բոլորը թուրքեր են, այս հողում ազգը իսլամական «ումմա» (ազգ) է, և նրանք կհամբուրեն այն ձեռքը, որը չեն կարող կտրել»:
Մեկնաբան Ուզայը տեղեկացրել է, որ Էրդողանն անձամբ սպառնացել է Կիպրոսին ևս մեկ ռազմական ներխուժմամբ. «Ճիշտ այնպես, ինչպես մենք խափանեցինք դավադրությունները (Սիրիայում) «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջոցով և շուտով Մանբիջ և այլ շրջաններում, այնպես էլ կարող ենք և կխափանենք բոլոր նրանց դավադրությունները, որոնք սխալ հաշվարկներ են անում մեր հարավային սահմաններում: Մեր ռազմածովային և օդային ուժերը աչալրջորեն հսկում են տարածքը՝ ցանկացած պահի միջամտելու համար»:
Թուրքիայի հարևանները պետք է տեղյակ լինեն, որ Էրդողանը մտադիր է վերականգնելու օսմանյան տարածքները: Նա բացահայտորեն սպառնացել է. «Նրանք, ովքեր կարծում են, որ մեր սրտերից ջնջել ենք այն հողերը, որոնցից մենք հարյուր տարի առաջ հեռացել ենք արցունքն աչքներիս, սխալվում են»:
Ուզայը հոդվածի վերջում արդարացիորեն մատնանշել է, որ արևմտյան երկրներն են հիմնականում պատասխանատու Էրդողանի չվերահսկվող վարքագծի համար. «Միջազգային անտարբերությունն ի պատասխան թուրքական հարձակողականության խրախուսում է Էրդողանին՝ Արևմուտքի «դաշնակից» նախագահին, սպառնալու Կիպրոսին ևս մեկ ռազմական հարձակմամբ… Սա Արևմուտքի ակնհայտ թուլությունն ու շփոթմունքն է բռնի թուրքական գերակայության առջև»:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Տարածաշրջան