Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՄ. Մանուշյանի անվան դպրոցի աշակերտների նամակները` ուղղված հայ զինվորին:

 

Բարեւ, հայ զինվոր, մեր ազգի պարծանք: Մենք գիտենք, որ շատ դժվար է ձեր ծառայությունը սահմանում, սակայն, վստահ ենք, որ դուք պատրաստ եք դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգության: Ձեր ուսերին դրված է մեծ պատասխանատվություն: Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, թող ձեր ծառայությունն անցնի առանց պատերազմի, եւ դուք փառքով վերադառնաք հայրենի տուն: Հիշեք` դուք կատարում եք ամենակարեւոր գործը` պաշտպանում եք հայրենիքը:

Հա՛յ զինվոր, ի՛մ եղբայր,

Ես սիրում եմ քեզ:

 

VII դասարան

ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

♦♦♦

 

Քաջազուն, հերոսական եւ դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…

Հավատում ենք ձեզ, քաջ զինվորներ, մենք կհաղթենք մեր համբերությամբ, մեր անձնվիրությամբ, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպատժենք մեր որձաքարե ոգով, վկան` Արցախի Հանրապետությունը:

Միայն բանակի գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն:

 

VII գ դասարան

ՀԱՄԼԵՏ ԴՐՄՈՅԱՆ

 

♦♦♦

 

Հպարտ եւ պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ Հայոց սահմանը հսկում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես հայ զինվորը:

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հայ զինվորի անձնազոհ կեցվածքի եւ հպարտ քայլվածքի համար: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, որովհետեւ ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին ու ուժին:

Խնդրում եմ, ձմռան ցրտին չմրսե՛ք, արկերի ձայնից չընկճվե՛ք ու կրակոցներից հեռո՛ւ եղեք:

Ծնողներս հաճախ են կարդում լուրեր, որտեղ խոսվում է մեր թշնամիների ռազմական տեխնիկայի ծավալման մասին: Շատ զենք ունենալը դեռ չի նշանակում ուժեղ լինել: Ես վստահ եմ, որ ուժեղ եւ խելացի մարդիկ միշտ հաղթում են:

Սիրով` VIIբ դասարանի աշակերտուհի

 

ՌԻՄԱ ՂԱՐԻԲՅԱՆ

 

♦♦♦

 

Բարեւ, իմ հայ զինվորներ: Ես գիտեմ, որ հիմա մեր երկրում պատերազմական վիճակ է, եւ դուք գիշեր-ցերեկ պաշտպանում եք մեր երկիրը: Ամեն վայրկյան դուք ձեր կյանքն եք վտանգում մեզ եւ մեր երկիրը պաշտպանելու համար: Դուք անքուն եք մնում, որպեսզի ես հանգիստ քնեմ: Այս ամենի համար ես շատ երախտապարտ եմ:

 

Պայքարում են մեր հայ քաջերը,

Սահմանին կանգնած մեր զինվորները,

Պաշտպանում են մեր հայրենիքը

ՈՒ կանգուն պահում հայոց երկիրը:

 

VIII ա դասարան

ԼՈՒԻԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

♦♦♦

 

Բարեւ, սիրելի՛ զինվոր: Ես շնորհակալ եմ քեզ քո ծառայության համար: Քո խիզախության համար: Քո դիմացկունության համար: Շնորհակալ եմ, որ ես ու իմ ընտանիքը ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Ուզում եմ, որ դու միշտ առողջ լինես, ուշադիր եւ զգույշ եւ շուտ վերադառնաս քո հայրենի տուն:

 

IV ա դասարան

ՀԱՅԿ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

 

♦♦♦

 

Ողջյո՜ւն, սիրելի՛ զինվոր: Ինչպե՞ս ես, հույս ունեմ՝ լավ ես: Ես շատ եմ ուզում, որ դու լավ լինես, քանի որ դու ես մեր սահմանների պաշտպանը, մեր խաղաղությունն ապահովողը: Գիտեմ, որ քեզ համար շատ դժվար է, բայց նաեւ գիտեմ, որ դու շատ քաջ ես եւ այդ դժվարությունները կարող ես հաղթահարել հերոսաբար: Ոչինչ, դու անփորձանք ավարտիր քո ծառայությունը: Միշտ հիշեք` մենք գալու ենք փոխարինելու ձեզ, որ մեր երկիրը միշտ լինի պաշտպանված: Ես քեզ, ընկերներիդ ցանկանում եմ բարի ծառայություն ու բարի վերադարձ:

 

V գ դասարան

ՄՀԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

♦♦♦

 

Բարեւ, սիրելի՛ զինվոր: Հայ զինվորն ունի հատուկ ծրագիր եւ այն կատարում է մեծ պատվով ու պատասխանատվությամբ: Մեր հայրենիքը ունի պատմություն, որի համար արժե կռվել: Գիտեմ, որ գիշեր ու ցերեկ դուք անվախ ու անձնազոհ կանգնած եք սահմանին, կռիվ եք տալիս հակառակորդի հետ հանուն հայրենի ամեն մի թիզ հողի: Թող խաղաղություն լինի, զինվորները վերադառնան ու շենացնեն հայրենի օջախները:

 

V գ դասարան

ԱՐԱՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ

 

♦♦♦

 

Քո գործը, զինվո՛ր, սուրբ է ու աստվածահաճո: Դու մեր սահմանների արծիվն ես, զինվո՛ր, տարածում ես թեւերդ հայոց աշխարհի վրա եւ բարի քուն ապահովում մեզ համար: Քո հայացքը սեգ է ու հպարտ, որովհետեւ դու հասարակ զինվոր չես, այլ զինվորն ես Հայոց բանակի: Մենք քեզ սպասում ենք, զինվո՛ր: Ողջ ու առողջ տուն վերադարձիր ու վստահ եղիր, որ Հայոց սահմանները նորակոչ զինվորներն էլ են նույն պատասխանատվությամբ ու քաջությամբ պաշտպանելու:

 

VIII ա դասարան

ԱՆԴՐԵԱՍ ՍՐԱԲՅԱՆ

 ♦♦♦

Սիրելի՛ հայ զինվոր, ցանկանում եմ քեզ խաղաղ ծառայություն, երկար կյանք եւ թող քո բոլոր երազանքները կատարվեն: Շնորհակալ եմ, որ դու կանգնած ես սահմանին եւ պաշտպանում ես մեզ թշնամուց: Իմ մորեղբայրը նույնպես զինվոր է եւ ծառայում է հայոց բանակում, ու երբ նա մի քանի օրով գալիս է տուն, մեր ուրախությանը չափ ու սահման չի լինում: Ցանկանում եմ, որ քո հարազատներն էլ այդպիսի ուրախություն ապրեն:

 

V գ դասարան

ՏԱՐՈՆ ԱԶԱՏՅԱՆ

 

♦♦♦

  

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

 Մեր լեզուն

 

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։_

 

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,

Հղկել են այն դարեր, որպես մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,

Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

 

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, _

Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ_

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։__

 

Այդ նրանից է,  որ մեր այսօրվա  ոգուն

Այլևս չի կարող լինել պատյան

Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,

Ո՛չ  Նարեկի մրմունջը մագաղաթյա:_

 

Եվ ո՛չ անգամ  Լոռու պայծառ  երգիչ

Թումանյանի բարբառը գեղջկական,_

Բայց նա կգա _  լեզուն այս երկաթյա բերքի

Եվ խոհերի այս խո~ր ու երկրակամ…

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Բանակ և հասարակություն


07/03/2018