ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ
Զորամասի մոտակայքում բիստրո ունենալը կամ մանր-մունր իրեր վաճառելը վատ բիզնես չէ: Ամեն զորամասի մոտ «բուտկա» կա` սովորաբար կին աշխատողներով: Մեզ դրսում սպասում էին երկուսը, երկուսն էլ Ց-ով, Ցողիկի խանութն էր և Ցոլոյի խցիկը: Ցողիկի մոտ կգտնես ամեն ինչ` պոնչիկ, կոլա, սիգարետ, սուրճ: Տարածքի սեփականատեր, տնօրեն ու վաճառող Ցողիկ տատը մեզ տեսնում է` դեմքը շողշողում է:
Ցոլոն ավելի համեստ կարողության տեր ու ավելի անբարեկարգ վաճառակետի առևտրականն է: Գործի գալիս է, երբ ցանկանում է, սովորաբար կեսօրին, իր ջորի ֆուրգունով: Ապրանքի մի մասը չի էլ տեղավորում բուտկայում, վաճառում է հենց բեռնախցիկից: Կրպակի ու մեքենայի դռները փակում, հեռանում է մութն ընկնելուն պես: Նրա սպառողն էլի մենք ենք, բայց մեզանից ավելի առատաձեռն հաճախորդներ էլ կան` մոտակա հիմնարկների պահակները: Հավաքվում են, գարեջուր խմում, մի շիշ էլ թևի տակ դրած՝ հեռանում:
Զինվորների համար նրանք աչքի լույս են մինչև զորացրվելը: Ցողիկն էլ, Ցոլակն էլ մեզ ընդունում են ժպիտով, սպասարկում արտահերթ, ճանապարհում առանց գումար վերցնելու: Պարտքի տետրը զինվորական գրանցամատյանի պես մի բան է, բոլորն էլ ինչ-որ մի պահի հայտնվում են, հետո ջնջվում: Ցողիկը մինչև հիմա ինձ տեսնելիս Ռուբենի անունն է տալիս: Նա զորացրվել է իմ զորակոչվելուց օրեր առաջ: Պարտքը հայրենիքին տվել է, տատիկին` ոչ: Ցողիկն էլ խնդրում է գտնել նրան, հորդորել ու պահանջել, որ վերադարձնի 10.000-ը: Հին ծառայողների միջոցով երկու անգամ փոխանցեցի խնդրանքը, այդպես էլ չեկավ, ես էլ մոռացնել տվեցի, ենթադրում եմ՝ մինչև այսօր Ցողիկի աչքը Ռուբենի ճամփին է:
Մինչև այսօր ու երբևէ պարտքով չեմ սնվել, ծխել, առավել ևս՝ պատիվ տվել զինակիցներիս` սա պարտադրելով նաև նորակոչիկներին: Ի դեպ, արդեն մալադոներ ունեմ: Ծառայության վեցերորդ ամսին սկսվեց ձմեռային զորակոչը, եկան շատերը, առանձնահատուկ են երեք հրացանակիրները` Ռաֆոն, Արմանը, Սաքոն:
Նրանց ընդունելիս խոր շունչ քաշեցի` ինչ-որ մեկից առաջ եմ, մնաց 18 ամիս, մանավանդ, երբ բանակի օրը` հունվարի 28-ին, խրախուսեցին` ստացա կրտսեր սերժանտի կոչում: Հրամանատար եմ: Ավելի շատ ցանկալի էր կոչումը, էմբլեմը համազգեստին ամրացնելը, քան հենց սերժանտի գործառույթներն իրականացնելը:
Առաջին օրը քնեցին անտեղյակությամբ ու վախվորած՝ բոլորիս հետ շփվելով գրեթե «դուք»-ով: Արթնացան կասկածելի տրամադրությամբ, մտավախությամբ, իբր հիմա իրենց տանջելու են: Առաջին օրերին հաճույքով, հետո սովորական ռիթմով ներկայացրինք զորամասի նիստուկացը:
Նորակոչիկներից Սաքոն` փոքրամարմին տղա, դեռ դպրոցավարտ, անգլերենի լավ իմացությամբ, աչքի էր ընկնում հնարքներով, մեր ֆոկուսնիկն էր: Նաև ռեկորդակիր էր, ռուբիկ-կուբիկ էր հավաքում 14 վայրկյանում: Առաջին զինվորական խախտումն արեց հրապարակավ, մեր աչքի առաջ, բայց բոլորիցս թաքուն:
Հողաթափերով, գլխարկը ծուռ դրած և վստահ քայլերով դուրս եկավ զորանոցից ու նույնպիսի հանգստությամբ շարժվեց դեպի դուրս: Սպաների խառնված ու արտահերթ բղավոցների ետևից վազեցինք, Սաքոյին հետ բերեցինք ծառայողական կյանք: Մեր անեկդոտն էր դարձել: Առաջին օրերին լավ չէր քնում, լավ չէր սնվում, նեղվում էր բատինկաներից, որոնում բուժկետը, ֆելդշերին: Մի քիչ էլ սիմուլյանտ էր: Խորամանկությանը չափը չկար:
Ռաֆոն երաժիշտ էր, իմ գաղափարական հակառակորդն էր: Ամենազուսպն ու պատրաստակամ պատանին էր սկզբում, ամիսներ անց դարձավ ամենաանկարգապահը: Մի քանի օր: Մինչև ռազմականը միջամտեց, ոստիկանները հիշեցրին զինվորի պահվածքի մասին: Ճիշտ է, երբ ասում են, որ մեկը սխալ է գործում, տուժում են բոլորը: Ռաֆոյին բացատրում էինք, որ ցանկացած խախտում հարվածի տակ է դնում բոլորիս:
Հրաշալի եռյակը եզրափակում էր Մաքսիմանյանը: Արմանին այդպես էի դիմում: Հետաքրքիր տղա էր, երևանցի, 3-րդ մասից, ամեն ինչ տեսածի ու ապրածի վարքով, իրականում՝ միամիտ, սիրած աղջկա սպասող, հոլիվուդյան աստղերի ֆեյք սոցէջերը հավանող, օրը սպանող: Նրան կարելի է համոզել ցանկացած ապատեղեկատվություն` իրականի պես ներկայացնելով: Մի անգամ համոզել էի, որ Քանյե Ուեսթը բալետի հայտնի պարող է, Ղազախստանի սիմվոլը, 1800-ականների խորհրդանիշը: Հայերի փեսան մարմնավորել է Ռուզվելտի կերպարը` Առաջնորդները սերիալում: Խոսում էի շատ համոզիչ տոնով, վստահ արտասանելով կապ չունեցող անուններ, ինքն էլ հավատում էր առանց մեկ րոպե վարանելու:
Նորակոչիկների գալը մոռացնել տվեց ծառայությունը, զորացրման սպասումը: Հներով քննարկում էինք նորեկների վարքը, ծիծաղում: Կապտյորկայում պատմում էինք դեղնակտուցների վերջին արկածների մասին: Նորակոչիկներին բանակում երբեմն դեղնակտուց են ասում, մինչև դրսևորվեն: Նրանք էլ շուտով դարձան մերոնքական, մեզ հետ ծիծաղում էին, մեզ հետ կիսվում, նույնիսկ փորձում բանավիճել:
Ծառայության մեկ քառորդն ամենապատմականն է, նորից դառնում ես հին, հնից դառնում հիմնական, հիմնականից` կարդինալ: Ընկերությունդ ամրանում է, զտվում, նորերի գալուն հաջորդում է հների հեռանալը: Ավելի ես թեթևանում, արդեն մնաց ևս երկու հերթափոխ: Հունվարի վերջին Հովոն զորացրվեց: Օրացույցով: Սա նշանակում է, որ եկած օրն էլ տուն է գնում, ի դեպ, հիմա գրեթե չկան դեպքեր, երբ զինվորը ավելի է ծառայում, եթե տույժեր չունի` 2 տարին լրանալուն պես, թղթերը վերցնում, տուն է վազում:
Հովհաննեսն առավոտյան 10-ին իրերը հավաքեց, պատրաստվեց, նստեց մահճակալին: Շարային մասում զինգրքույկը կնքեցին: Շունչը պահած՝ վերցրեց, խոր արտաշնչելով դուրս եկավ շենքից: Ուղեկցեցինք մինչև դարպասը: Ամբողջ ընթացքում ծափերով, հռհռալով, թեև օրն ուրախալի էր միայն ու հիմնականում իր համար: Դռների մոտ մի երկու անգամ օդ շպրտեցինք, հետո գրկախառնվեցինք: Զորամասի չգրված օրենք կա, պիտի վերջում մի հատ հետևին խփես, որ առաջին հերթին հետ չգա, երկրորդն էլ` տարոսը քեզ լինի: Արեցինք, ճամփեցինք:
Ձմեռային ծառայության առավոտյան հնչեց հրամանը` մաքրել տարածքը ձնից: Բահերն առանք, քթներիս տակ փնթփնթալով, գլուխ պահելով, մեկս մյուսի վրա գցելով, մտանք շարահրապարակ, մինչև ծնկները ջուր, ամբողջ մարմնով քրտնած, քթներս մաքրելով, բահից պլոկված ձեռքերով, գործն արեցինք: Մութն ընկավ, ձյունը էլի դրեց: Էլ ոչ մեկը ցանկություն չուներ ո՛չ ժպտալու, ո՛չ խաղալու, ո՛չ էլ, առավել ևս, դուրս գալու: Փաթաթվեցինք պառավոներին, տեղումները չտեսնելու տալով՝ քնեցինք: Հաջորդ առավոտ պլացը մաքրեցինք հերթով, հնաբնակների սրտով ու բանակ գալու հակառակ հաջորդականությամբ` նորերը, հետո մենք:
ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ
Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ազգային բանակ