ԱՐՑԱԽՑԻ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Անահիտ Ըռքոյանը իմ ընկերոջ՝ Զոհրաբ Ըռքոյանի դուստրն է: նրա հայրը ավելի քան քսան տարի «Հայ զինվոր» թերթի արտահաստիքային թղթակիցն է՝ Քաշաթաղի նորօրյա պատմության հավատարիմ վավերագրողը: Վերջին անգամ Անահիտին տեսել էի, երբ դպրոցական էր: Տարիներ են անցել, եւ ահա նա ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, սովորում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի երրորդ կուրսում ու իր առաջին անհատական ցուցահանդեսը նվիրել է ազգային ազատագրական շարժման 30-ամյակին: Երբ նայում էի Անահիտի նկարները, ամենավառ զգացողությունը, որ ունեցա, ազատությունն էր եւ այն վստահ ինքնատիպությունը, որ ամփոփված էր վառ գույների ու ընդգծված ձեւերի մեջ:
Իմ մանկության տունը
Իմ պապերի, իմ հոր ծննդավայրը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղն է: Բայց ես արցախցի եմ: Երբ առիթ է լինում պատմելու իմ կենսագրությունը, ես սկսում եմ այն պահից, երբ պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտած հայրս թողեց պատասխանատու քարտուղարի պաշտոնը համալսարանի պաշտոնաթերթում, մեր երեւանյան բնակարանը եւ կնոջն ու երկու աղջիկներին առած՝ գնաց ապրելու կիսավեր ու գրեթե անբնակ Բերձորում: Ես վեց ամսական էի այդ ժամանակ: Հետո ծնվեց քույրս՝ Գայանեն: Երբ նկարում եմ մանկությունս, երբ տուն եմ նկարում, կտավի վրա կենդանանում է իմ մանկության կիսաքանդ ու անշուք տունը` ձորի մեջ, շրջապատված բլուրներով, որոնք գարնանը կանաչում էին, ձմռանը դառնում ճերմակ-ճերմակ: Ու ընկուզենին, որի ճյուղերը հասնում էին գետնին, ու երբ քրոջս հետ խաղում էինք բակում, պատսպարում էին մեզ անձրևից ու արևից: Քաղաքի ավերակ, լքված տները… ու մեր ուրախությունը, երբ մի վերաբնակեցված ընտանիք հերթական փոքրիկ լույսն էր վառում Բերձորի գիշերային համայնապատկերին:
Հայրս հազվադեպ էր տանը լինում: Նա Քաշաթաղի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալն էր ու առավոտից իրիկուն շրջում էր շրջանի դպրոցներով, անձամբ ճանաչում էր բոլոր աշակերտներին: Մորս ասում էր. «Եթե ուզում ես՝ բնակավայրն ապրի, պիտի գյուղում դպրոց հիմնես: Հայ մարդը կդիմանա հացի պակասին, բայց իր զավակին անուսում չի թողնի»: Հայրս պաշտում էր Քաշաթաղը, Բերձորը` հողը, մարդկանց: Գիտեր ամեն ծառ ու թուփ, քար ու քարափ: Նա ժամանակին կռվել էր այս հողի համար, հետո որոշել էր գալ ու ապրել իր ազատագրած հողի վրա… Ընկերների հետ դպրոցներ էր հիմնում եւ գյուղից գյուղ ընկած փնտրում, գտնում, հաշվում էր Քաշաթաղի պատմական հուշարձանները: Տարիներ անց նրա տքնանքն ամբողջացավ «Քաշաթաղի հուշարձանները» երկմասանոց ալբոմում եւ «Արծիվները ամպերի մեջ» փաստավավերագրական գրքում: Իմ կենսագրությունը պատմելիս ես չեմ կարող չհիշատակել այս ամենը, որովհետեւ իմ մտածելակերպը, առաքինությունները, արժեհամակարգը ձեւավորվել-ուղղորդվել են հորս ազդեցությամբ, նրա կառուցած աշխարհում:
Գանձ որոնողը
Փոքր ժամանակ ես «պեղում էի» Բերձորի կիրճերը ու գանձ էի որոնում: Ես մտածում էի, որ իմ նախնիները` արքայական տոհմից, ինչ-որ բան թողած կլինեն ինձ համար, ինչ-որ գեղեցիկ, հնամենի, խորհրդանշական բան, որը կկապի անցյալն ու ներկան ու ինձ կդարձնի մեր դարավոր պատմության մի մասնիկը: Ես գանձ չգտա, բայց հողի, բնության, աշխարհի հետ աղերսվելու տենչը մնաց: Ու սկսեցի նկարել: Իմ նկարները ինձ շրջապատող իրականության, աշխարհի արտացոլանքն են իմ հուզաշխարհում ու մտապատկերում, որոնց ձեւերն ու իմաստները բխում են իմ ներքին ակունքներից: Աշխարհը բազմազան է ու խայտաբղետ, եւ յուրաքանչյուր աչք, յուրաքանչյուր հոգի այն տեսնում է յուրովի, իսկ նրանք, ովքեր տաղանդ ունեն վերարտադրելու բնությունը, նկարում, պատմում, բառ, գույն, հնչյուն են դարձնում իրենց տեսածը` յուրաքանչյուրը յուրովի: Եվ սա ի վերուստ տրված ամենամեծ պարգեւն է` ընկալումների, զգացողությունների ազատությունը, մյուսներից տարբեր լինելու քո իրավունքը: Ինչպես սիրել հայրենիքն ու կողքի մարդուն: Մենք գանձ որոնող սերունդ եք: Մեծերը պիտի կարողանան ավելի քիչ քարոզել, ավելի քիչ խմբագրել մեզ ու չխանգարել` օգնելու անվան տակ: Պաթոսով լի, անձնվեր ու ռոմանտիկ ավագներին հաջորդել են ավելի պրագմատիկ ու ինքնուրույն երիտասարդները` իրենց վառ ու մեծերի համար երբեմն տարօրինակ գույներով, կարծրատիպերից ձերբազատված, կաղապարներից դուրս ու ցանկանում են գրել իրենց պատմությունը: Ոչ ավանդական սանրվածքն ու ավանգարդ երաժշտությունը չեն որոշում մարդու հավատարմությունն արմատներին կամ հայրենասիրությունը: Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ սերնդակիցները պակաս քաջ ու անձնազոհ չէին, քան իրենց նախնիները: Մենք գիտենք ու սիրում ենք մեր մշակույթը, բայց պարտադիր չէ, որ աշխարհին նայենք մեր նախնիների աչքերով: Հարգելով ու գնահատելով ավանդականը՝ մենք ուզում ենք ձևավորել 21-րդ դարի քաղաքացու մեր կերպարը ու նոր խոսք ասել արվեստում: Եվ սա բոլորովին էլ չի նշանակում հեռանալ արմատներից կամ մերժել ավանդականը: Իմ սերունդը չի սպասում, որ ծնողները «դասավորեն» իր ապագան. մենք այսօր տքնում ենք, կրթվում, աշխատում, որ կարողանանք պատասխանատվություն վերցնել մեր ու մեր երկրի ապագայի համար: Ես անչափ գոհ եմ հորիցս: Նա ինձ երբեք չի պարտադրել, չի քարոզել: Նա պարզապես ապրել է իմ կողքին: Ու ես նրանից սովորել եմ, թե ինչպես պիտի սիրել հայրենիքն ու մարդուն:
Ի պատիվ Արցախյան շարժման 30-ամյակի
Իմ առաջին անհատական ցուցահանդեսը, որը բացվեց Թեքեյան մշակութային կենտրոնում, նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին: Ներկայացված էին Թերլեմեզյանի անվան քոլեջում և Ակադեմիայում սովորելու տարիներին արված իմ աշխատանքները: Արցախյան շարժումը ինձ համար ազգի արժանապատվության, քաջության, ազատության խորհրդանիշն է: Արցախյան շարժումը մեր պապերի, նախնիների նվերն է երիտասարդ սերնդին` ապրելու անկախ հայրենիքում, մտորելու, գործելու ազատ ու առանց ճնշումների: Իմ ներկայացրած 50 աշխատանքներից միայն մեկն էր թեմատիկ, մյուսները տարբեր էին` գրաֆիկա, դիմանկար, բնանկար, զանազան իմպրովիզներ… Եվ դրանցից յուրաքանչյուրը սեփական հողի վրա իմ սերնդի ազատ ու անկաշկանդ լինելության հավաստումն էր` որպես ազատագրական շարժման հաղթանակի արգասիք ու շարունակություն: Եվ ազատագրական պայքարում կյանքը զոհած նվիրյալների հիշատակին մեր պարտքը կատարելու միայն մի տարբերակ կա` առավել պաշտպանված, հզոր ու երջանիկ դարձնել մեր երկիրը: Իմ սերունդը առանց խուճապի ու առանց ներքին ցնցումների հասկացել է, որ մեր պատմությունը ամենահաղթականն ու ամենահերոսականը չէ, ու մեր մշակույթի նման էլի գեղեցիկ ու բարձր մշակույթներ կան աշխարհում: Մենք սա հասկացել ենք եւ ուզում ենք ամեն ինչ անել, որ ամենալավը լինենք մի օր:
Ես հպարտ եմ
Իմ արմատները Գեղարքունքի մարզի Գեղհովիտ գյուղում են, ես մայրաքաղաքում երեքսենյականոց բնակարան ունեմ, բայց եթե ինձ արցախցի եմ համարում, ուրեմն ուսումնառությունս ավարտելուց հետո պիտի վերադառնամ Արցախ, ապրեմ հայրենի հողի վրա, Արցախին նվիրեմ գիտելիքներս, ուժս, աշխատանքս… Ես հողը սիրելու ուրիշ ձև չգիտեմ: Ես էլ մյուս երիտասարդների նման սիրում եմ մայրաքաղաքային շքեղ կյանքը, հարմարավետությունը, բայց Բերձորը իմն է՝ իր բոլոր դժվարություններով, իր անշուք, հասարակ տներով, սակայն շքեղ ու հարուստ բնությամբ ու այն հրաշալի, հայրենասեր մարդկանցով, որոնք Հայաստանի տարբեր ծայրերից մայրաքաղաք վազելու փոխարեն, եկել, լույս են վառել Բերձորի տներում ու իրենց սիրով ջերմացնում են Արցախի հողը: Բերձորն իմն է՝ իր մանուկներով, որոնք տաղանդավոր են, համարձակ են ու բազում երազանքներ ունեն: Ի վերջո, ես պարտք ունեմ հորս և նրա մարտական ընկերների առաջ, որոնք զենքով ու կյանքով են պաշտպանել Արցախը: Արցախում ծնվել, մեծանալը դեռ արցախցի կոչվելու երաշխիք չէ: Այդ իրավունքը պետք է նվաճել նվիրումով, տքնանքով, սիրով…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Հոգևոր-մշակութային