Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԳնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը Արցախյան պատերազմում փառավոր մարտական ուղի անցած, բազմաթիվ հաղթանակներ գրանցած զորամասերից  է, որ պատերազմից հետո բազմիցս ՊԲ մասշտաբով լավագույնն է ճանաչվել: Այն այսօր էլ հպարտորեն ու պատվով պահպանում է լավագույնի համբավը: Օրերս զորամասում կայացավ «Ես եմ» ծրագրով զորակոչված զինվորների երդման հանդիսավոր արարողությունը, որից առաջ զրուցեցի հրամանատարի հետ:

-Պարո՛ն Թևոսյան, երկրորդ տարին է, ինչ Ձեր հրամանատարությամբ գործող զորամասը ՊԲ-ում լավագույնն է ճանաչվում: Եվ պատահական չէ, որ նոր ու կարևոր այս ծրագիրը՝ «Ես եմ»-ը, մեկնարկեց հենց այս զորամասում: Ո՞րն է, ըստ Ձեզ, լավագույն զորամասի կոչման գաղտնիքը:

-Առաջինը, իհարկե, կանոնադրային բոլոր պահանջների հստակ ու հետևողական կատարումն է: Երկրորդը, որ նույնպես չափազանց կարևոր է, բոլոր սպաների, զինծառայողների, զինվորների համակարգված ու բարեխիղճ աշխատանքն է: Մի ձեռքը ծափ տալ չի կարող. բոլորն այս գործում իրենց  սիրտն են դրել: Յուրաքանչյուրս փորձել ենք մեր բաժին քարը դնել: Այո՛, վստահ եմ, որ լավ արդյունքի նախապայմանը հենց թիմային աշխատանքն է: Որևէ գաղտնիք չկա:

-Պարո՛ն գնդապետ, կա՞ լավագույնի այս նշաձողը պահելու խնդիր:

-Իհարկե, ամեն ինչ հետզհետե ոչ թե հեշտանում է, այլ դժվարանում,-ժպտում է հրամանատարը,- ինչպես, ասենք, դպրոցում, երբ  լավ սովորող աշակերտին են դիմում, երբ ոչ ոք չի պատասխանում: Մեզ մոտ եկող նոր զինծառայողին ասում են. «Լավագույն զորամաս ես գնում», իսկ երբ թեկուզ ինչ-որ աննշան վրիպում է նկատվում, հիշեցնում են, որ լավագույնն ես, իրավունք չունես սխալվելու: Իհարկե, պատասխանատվությունը մեծ է, երբ նշաձողը կա, և դու գիտես, որ նվազագույնը, ինչ որ պետք է անես, այն պահելն է: Բանակում չկա նման բան՝ հասար այս կետին, ու վե՛րջ. բանակը միշտ պետք է առաջ ընթանա՝ երբեմն կախված հակառակորդի գործողություններից, նրա ձեռք բերած նոր զինատեսակներից, երբեմն էլ՝ մեր իսկ ձեռք բերած նոր սպառազինությունից: Ամեն նոր օր կատարելագործվելու պահանջ է առաջացնում, և դու պետք է անընդհատ ձգտես ավելիին: Մեր անձնակազմի յուրաքանչյուր անդամ հպարտանում է զորամասի ձեռքբերումներով և ձգտում է նորից արժանանալու լավագույնի կոչմանը:

-Ինչպես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, ապրիլյան քառօրյայում նույնպես այս զորամասը նշանակալի ներդրում է ունեցել:

-Չեմ սիրում այդ մասին խոսել: Մենք ընդամենը կատարել ենք մեր խնդիրը: Ընդ որում՝ ամբողջ բանակի համատեղ աշխատանքով՝ բանակի հրամանատարի գլխավորությամբ: Մեծ օժանդակություն ենք ստացել այլ զորամասերից. հատկապես հրետանայինից, տանկայինը ամեն պահի պատրաստ է եղել օգնության հասնելու: Հրետանու ուժերով ի սկզբանե տապալել ենք թշնամու հարձակման փորձը:- Գնդապետ Թևոսյանը ցույց է տալիս կադրեր, որոնցում հստակ երևում են թշնամու մոտեցող տանկերը, որոնք շատ չանցած շարքից դուրս են բերվում մեր հրետանու հուժկու հարվածներից:-Չէին սպասում. շատ արագ հուսալքվեցին ու նահանջեցին: Իսկ մեր տղաներն անհամբեր էին, կազմ ու պատրաստ՝ իրենք էլ էին ուզում մի բանով մասնակցել. «Բա ինչո՞ւ առաջ չեկան», հարցնում էին: Ասացի. «Մեր հրետանին չթողեց»… Այդ չորս օրերի ընթացքում մեր դիրքերի վրա  շուրջ 18000 ական է պայթել, արդյունքում՝ միայն երեք վիրավոր ենք ունեցել: Ինժեներական կառույցների ամրության շնորհիվ մեր զորքը հրաշալիորեն պաշտպանված էր:

-Այդ օրերին եղել եք մեր զինվորների կողքին, պարո՛ն հրամանատար, հետևել նրանց վարքին: Ի՞նչ կասեք մեր այսօրվա զինվորի հոգեկերտվածքի մասին:

-Կասեմ, որ մեր զինվորն ամենալավ զինվորն է: Երբ պահը գալիս է, նրանք ցույց  են տալիս իրենց հզորությունը: Քառօրյայի գործողությունները ցույց տվեցին, որ զինվորի ոգին բարձր է: Ոչ ոք այս ընթացքում  չլքեց իր դիրքը, չվախեցավ: Բոլորը պատրաստ էին ցանկացած զարգացման:

Թշնամին սկսեց դիվերսիաներով, որպեսզի, իր կարծիքով, վախ սփռի մեր զորքի մեջ: Բայց շուտով հասկացավ, որ ավելի շատ ինքն է տուժում, ավելի մեծ կորուստներ ու վնաս է կրում, քան մենք: Հետո արդեն անցան ականանետային կրակին: Հաշվեցին իրենց կրակածի քանակն ու մեր վնասը, համեմատեցին մեր կրակածի ու իրենց վնասի ծավալները, հասկացան, որ այստեղ նույնպես անզոր են: Այս բոլոր տվյալները պաշտոնապես Ադրբեջանում չէին հայտարարվում, բայց մենք, իհարկե, ամեն ինչ իմանում էինք: Ապրիլին արդեն փորձեցին ավելի խոշոր գործողություններով հաջողության հասնել, ու էլի իրենց մեծ հիասթափություն էր սպասում: Տեսան, որ մարտի մեջ նետված իրենց ուժերը համամասն չէին շահածի հետ: Այն, ինչ հաջողել են անել, ընդամենը մի վաշտի խնդիր էր, այն դեպքում, երբ օգտագործել են թե՛ «Սպայկը», թե՛ անօդաչուները և թե՛ խոշոր տրամաչափի այլևայլ զինատեսակներ: Նույն վախկոտ թուրքն է. ամեն ինչ ունի, բայց չի կարողանում ինչպես հարկն է գործածել: Միակ ուժը հատուկ նշանակության ստորաբաժանումներն էին, բայց դրանց ետևից զորքը չգնաց, վախեցել, կանգնել էին:

-Անցնենք մեր այսօրվա հերոսներին, որոնք ժամեր անց իրենց զինվորական երդումն են տալու: «Ես եմ»-ցիներն արդեն որոշ ժամանակ է, ինչ զորամասում են: Ի՞նչ կպատմեք նրանց հետ տարվող աշխատանքների մասին: Ինչպիսի՞ն է նոր համալրումը:

-Ասեմ, որ ոչ մի առանձնահատուկ տարբերություն չկա. նույն զորակոչված զինվորն է, նույն մոտեցումն է զինվորի պատրաստությանը, նույն երդման արարողությանն ենք պատրաստվել: Այժմ ընթացքի մեջ է զինվորի պատրաստության շրջանը. ուսումնական փուլը մեկնարկել է: Մեկ ամիս է, ինչ զորամասում են տղաները: Թերևս միակ տարբերությունն այն է, որ այս զորակոչիկների հետ ավելի հեշտ է: Հեշտ է այն առումով, որ եկել են տրամադրված, լիովին գիտակցում են, որ երեք տարվա իրենց ծառայությունն առաջնագծում են անցկացնելու: Այս առումով գրեթե գաղափարական աշխատանքի կարիք չկա:

-Ի՞նչ կասեք այս նոր ծրագրի մասին և ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Իսկապես շատ լավ ծրագիր է: Սա ոչ միայն մեծ օժանդակություն է բանակին, այլև այս զինվորների հետագա կյանքի համար հրաշալի հնարավորություններ ընձեռող  պետական ծրագիր է: Այն 5 մլն դրամը, որ ծառայության վերջում ստանալու են «Ես եմ»-ով անցածները, կնպաստի, որ մեր երիտասարդներն ավելի ամուր հաստատվեն իրենց հողի վրա, սեփական գործը ձեռնարկեն, կամ էլ հիմնավոր գիտելիք ձեռք բերեն: Սա դրական մեծ քայլ  է դեպի առաջ:  Շատ տեղին, ժամանակին ու խելամիտ ծրագիր է: Մենք էլ մեր հերթին կանենք հնարավորը, որ դրա իրագործումը հնարավորինս հարթ ընթանա, առավելագույնս արդյունավետ լինի:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/03/2018