Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ



ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸՀամաշխարհային կինոյի լեգենդ, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոբելյանի կապակցությամբ Արտավազդ Փելեշյանին պարգևատրեց «Պատվո նշան» շքանշանով:

 

Արվեստը բացակա իրականության տարբերակն է, նույնքան համոզիչ, որքան ներկա իրականությունը: Ես մոնտաժում եմ ֆիլմի ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Ֆիլմի կեսը բացակա պատկերներ են: Դրանք ապրում են քո ենթագիտակցության մեջ: Եթե առնես վիրաբուժական դանակն ու հերձես ֆիլմը, բացակա պատկերները չես գտնի, բայց դրանք արտացոլվում են քո ենթագիտակցության մեջ: Ու դա է պատճառը, որ ամեն անգամ ֆիլմը դիտելիս քեզ թվում է, թե նոր բան ես տեսնում:

 

Քանի բացակա պատկեր կա մեկ ֆիլմում: Մեկ, տասը, հարյուր: Եվ ո՞րն է ավելի ներկա՝ էկրանից հնչող երաժշտությունն ու աղմո՞ւկը…պատկերն ու շարժո՞ւմը, թե՞ դրանց շարունակությունը քո ներսում՝ քո հուզաշխարհում ու քո ենթագիտակցության մեջ: Այնքանը, որքան տեսար: Այնքանը, որքան զգացիր: Այնքանը, որքան հասկացար:

…Սրանք ձեռքեր են` իրար մոտ, ձիգ, լարված: Էկրանին ուրիշ ոչինչ չկա, միայն մարդկային ձեռքեր են, որոնք համառորեն փորձում են կառչել ավտոբուսի վերին բռնակից: Նրանց յուրաքանչյուր ճիգի հետ ասես բռնակն ավելի ու ավելի է հեռանում, դառնում անհասանելի: Հետո արթնանում է բացակա պատկերը: Ու քո ներսում աղոթք է հնչում, որովհետև ձեռքերը դառնում են երկինք ուղղված աղերս…

…Հետո էլի ձեռքեր են` վիրաբույժի, հանքափորի, բռնցքամարտիկի,  բանվորի: Ու հանկարծ մի պատկեր (կա՞ր, թե՞ թվաց)՝ նստարանին կծկված կինը  ձեռքերով ափերի մեջ է առել գլուխը:

 

Ես չեմ ներդաշնակում պատկերը երաժշտության հետ: Այլ համադրում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ: Երբ ինձ հարցնում են, թե ո՞րն է իմ ֆիլմերի ֆենոմենը, ես ասում եմ՝ չգիտեմ: Ես սկզբից անում եմ, հետո միայն մտածում, թե ինչու այդպես արեցի: Եվ այն, ինչ մարդիկ համակարգ են անվանում, իմ աշխատանքի իմաստը գտնելու և Ամբողջը տարրալուծելու փորձ է:

 

Հետո ձեռքերից «ծնվում են» ահռելի ինքնաթիռներ, որ ասես ուր-որ է՝ ճեղքելու են էկրանը: Աչքիդ առաջ պահ առ պահ ահագնացող մեքենաներ, որոնք նշան բռնած գալիս են տակով անելու քեզ՝ իր ստեղծողին: Ու վախենում ես: Ոչ թե քեզ, այլ այն կնոջ ճակատագրի համար ես վախենում, որը նստարանին միայնակ նստած՝ ափերի մեջ էր առել գլուխը: Վախենում ես, որ, ինչպես Պիկասոյի հայտնի կտավում, հզոր ձեռքերը կարող են ծածկել մարդուն… Ու մի օր ոչ ոք չի նկատի նստարանին կծկված կնոջը:

Ձեռքերն ամենուր են: Ձեռքերն ինքնաթիռ են վարում, ձեռքերը ծաղիկ են նվիրում, ձեռքերը դագաղ են բռնել: Ու երաժշտության ներքին դրամատիզմը ավելի են սրում տագնապդ. ո՞րն է հանգրվանը, ո՞ւր են տանում ձեռքերը մեզ…

Սուրացող մեքենայի պատուհանից երևում է կնոջ կիսադեմը: Ու հանկարծ մի քանի վայրկյան, մի ակնթարթ՝ կինը ձեռքը հպում է այտին: Մաքրում է արցունքը: Նկատեցի՞ք այդ վայրկյանը: Քաոսում տեսա՞ք ձեռքի այդ փոքրիկ շարժումը: Ուրեմն՝ երկինք հառած ձեռքերը դատարկ չեն մնացել:

 

Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են «սխալներով»: Ես չեմ միացնում պատկերները, ես բաժանում եմ դրանք, որովհետև լիցքավորված պատկերների երկխոսությունը ավելի ուժեղ է հեռվից ու ավելի ուժեղ է կապը իրենց անջատող պատկերների հետ:

 

Ես փնտրում եմ տարվա հինգերորդ  եղանակը: Ես փնտրում եմ «սխալը»` հինգերորդ եղանակը, որ չկա ֆիլմում: Մարդը գոյության կռիվ է տալիս ջրի տարերքի դեմ, ահարկու ալիքների շրջապտույտի մեջ ամուր գրկած մի մեծ ոչխար՝ իր ավուր հացը՝ կյանքից ավելի թանկ: Մարդը սահում է սպիտակ ձյուների միջով՝ ոչխարը գրկի մեջ, թավալգլոր իջնում է լեռն ի վար: Անկում, անկում, անկում: Հետո կռիվ է հողի հետ: Մեր հողն է: Եթե անգամ աչքերդ չճանաչեն, սիրտդ կտեսի, կասի, որ մերն է: Սև, քարքարոտ, չտրվող: Այդուամենայնիվ, էկրանին գրվում է՝ սա քո հողն է: Իսկ ես փնտրում եմ հինգերորդ եղանակը, որ չկա ֆիլմում: Գուցե շատերի համար վառվող կրակներն ու հարսի ամոթխած, երկչոտ պարը տարվա հինգերորդ եղանա՞կն են: Գուցե սա իմ սխալն է: Բայց ես փնտրում եմ հինգերորդ եղանակը իմ ներսում: Որտեղ հողը ծաղկում է, հողը շնչում է տաք, ու արև է կաթում հողին… Որտեղ մարդու գրկում մարդ է՝ տարվա միակ եղանակը:

 

Իմ ֆիլմերը բառեր չունեն: Բառերը պահանջում են անհրաժեշտ տևողությամբ պատկերներ, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Բառերը կաշկանդում են ինձ, այդ պատճառով էլ ես հրաժարվել եմ բառերից: Պատկերը, գործողությունը, երաժշտությունը, աղմուկը կարող են ավելին ասել, քան բառերը:

 

Բառեր չկա՞ն: Բայց ես լսել եմ բոլոր բառերը: Ավելին, ես բանաստեղծություն եմ լսել՝ աշխարհի ամենագեղեցիկ ու ներդաշնակ բառերով, երբ կադրում երկիր մոլորակի բնակիչներն էին՝ երկինք թևածող երամներով, մարգագետիններն ակոսող հոտերով ու անսահման ջրերում լողացող վտառներով: Ես լսել եմ աշխարհի ամենախեղճ ու տխուր բառերը, երբ էկրանին «առաջնորդների» սուտ ու սնամեջ ճառերի հանգույն ամբոխների շնչակտուր ու անիմաստ վազքն էր: Ես լսել եմ աշխարհի ամենակոպիտ ու դաժան բառերը, երբ իջել է «դիրիժորական փայտիկն», ու ամբոխները բախվել են իրար՝ միմյանց ոչնչացնելու անհեթեթ մոլուցքով: Ու փլատակների կողքին փոքրիկ աղջկա հարցական ու ցավոտ հայացքում պահված բառերը սիրո պոեմ են հյուսում, ու ես հասկանում եմ, որ հենց սա է լռության պոեզիան: Կինոպոետի լռությունը…

 

Կինոն գրականությունից, երաժշտությունից ու կերպարվեստից չի սնվում, այլ սնվում է այն ակունքից, որից սնվում են գրականությունը, երաժշտությունն ու կերպարվեստը:

Ես ոչինչ չեմ բեմադրում, ես պարզապես ընտրում եմ վիճակներ ու վայրեր, որոնք թելադրում են մարդկանց անելու այն, ինչ ես եմ ուզում, որ անեն: Ես պատկերում եմ մարդկանց այն պահին, երբ նրանց շարժումն ընդհատվում է:

Այսօրը հավերժության մեջ է: Իմ «մենքը» ամբողջ մարդկությունն է: Ու յուրաքանչյուր մարդ: Դու ստեղծում ես, որ ազատվես ինքդ քեզնից: Ու ամեն ինչ պիտի լինի այնպես, ինչպես պիտի լինի:

Թեկուզ՝ եթե լինում է «հակառակը»:

 

…Գնացքը շարունակում է իր խելահեղ վազքը: Թվում է՝ անիվների ռիթմիկ չխկչխկոցը երբեք չի դադարի: Գնացքը կգնա անվերջ, ու պատուհանից մեկը մյուսին հաջորդող պատկերները չեն ավարտվի: Գնացքը սուրում է ժամանակի ռելսերին: Մեկը ծիծաղում է, մյուսը քնած է: Գնացքը սահում է լույսի ու խավարի մեջ՝ մի տիրական ու անբեկանելի պարտադրանքով: Վե՞րջը: Կյանքը մի փոքրիկ, մարող լույս է համատարած խավարում, մի աննշմար սպիտակ կետ: Բայց… սա վերջը չէ: Վերջ չկա: Վերջը սկիզբ է մի ուրիշ չափագրության մեջ: Ու սպիտակ փոքրիկ կետը ծավալվելով դառնում է վառ, մեծ ու պայծառ լույս, որը կլանում է գնացքը ու ձուլում իր կուրացուցիչ ճերմակությանը:

 

Հայաստանում խավար էր, ու ես նկարեցի լույսի մասին:

 

Սպիտակի սահքը խավարի միջով՝ դժվար, դանդաղ, համառ: Ամբողջական մնալու ջանքով, վերածնվելու վճռականությամբ: Հին, ինչպես աշխարհը, անվախճան, ինչպես կյանքը ու գեղեցիկ, ինչպես ամեն սկիզբ: Սկիզբ, որ վերջի շարունակությունն է կամ դրա հերքումը: Էկրանին աշխարհի ամենապարզ, ամենակրկնված, ամենածանոթ…. ամենաառեղծվածային ու խորախորհուրդ արարումն է՝ մարդու ծնունդը: Ամենամեծ հրաշքը: Ու կադրը գտնված է հանճարեղորեն: Երկու դեմք` նույն դեմքը` մոր և աղջկա՝ որպես անվախճան կյանքի ներբող: Որպես Լույսի հաղթանակ:

 

Այն, ինչ ուզում եմ նկարել, ձեզ համար է, ես այդ ֆիլմերը վաղուց եմ տեսել:

Իմ ամենաջերմ մաղթանքը փոխանցեք սահման պահող զինվորին: Թող հաջողությունը միշտ ուղեկցի նրան ու, որ ամենակարևորն է, թող զինվորը խաղաղություն բերի երկրին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/03/2018