ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՐԱԶՈՎ ՋՐՑԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՏԵՐ ԴԱՐՁԱ
Երբ մենք սկսեցինք ընկերություն անել, Նարեկը չորս տարեկան էր: Ու գիտեր բոլոր հարցերի պատասխանները։ Խոսում էր ամեն ինչից՝ աղբահանության թերություններից մինչեւ աղջիկների կարճափեշ զգեստները, ավտոմատների ու ատրճանակների մի ամբողջ զինանոց ուներ եւ ուզում էր պաշտպանության նախարար դառնալ (հիմա էլ է ուզում)։
Նարեկը բանակի սիրահար է։ Նա սկսեց «հետաքրքրվել» ինձնով, երբ առաջին անգամ տեսավ համազգեստս։ Հիացմունքից բերանը բաց էր մնացել։ Սեւ, խոշոր աչքերը փայլում էին։ Հետո ամեն օր գալիս էր մեր տուն ու ժամերով, ամենայն մանրամասնությամբ տնտղում ուսադիրներս, փորձում զինվորական գլխարկներս ու ճտքակոշիկներս։ Մենք դարձանք մտերիմ ընկերներ, երբ դերձակը իմ հին զինվորական համազգեստը վերաձևեց Նարեկի հագով:
-Պիտի պաշտպանության նախարար դառնամ, որ բոլոր զինվորների հրամանատարը լինեմ։ Կրակելով գնանք ու Մասիսը հետ վերցնենք։ Սասունն էլ, Արդահանն էլ։
Նարեկը գիտեր Արեւմտյան Հայաստանի բոլոր տեղանունները ու երբեմն փորձելու համար ինձ հարցնում էր՝ Սասունին ամենամոտ քաղաքը ո՞րն է։ Երբ ինչ-որ բան «չէի իմանում», այնպիսի ցնծությամբ էր ծիծաղում վրաս։ Նարեկի մյուս նախասիրությունը Աստվածաշունչն էր: Նա սիրում էր եկեղեցի գնալ։ Երեւի հազարերորդ անգամ ինձ ստիպել էր կարդալ Մանկական Աստվածաշունչը։ Մենք միասին էինք գնում Դավթաշենի Սրբոց նահատակաց եկեղեցին։ Նարեկը միշտ գրպանում մոմի փող ուներ, ասում էր, որ ամեն մարդ պիտի ինքը վճարի իր մոմի համար. «Կարգն այդպես է»։ Մոտենում էր մոմավաճառ կնոջը՝ տիկին Փիրուզին, ու ասում.
-Մի հատ մեծ մոմ տուր,- եւ մեկնում էր 100 դրամանոցը։
Տիկին Փիրուզը շատ էր սիրում Նարեկին։ Նա գիտեր բանակի հանդեպ Նարեկի թուլությունը ու հարցեր էր տալիս, զվարճանում Նարեկի պատասխաններից։
– Բանակում ի՞նչ կա, Նարե՛կ;
– Հեչ, զորակոչ է:
– Բա էս Ղարաբաղի հարցը ե՞րբ է լուծվելու:
– Արցախ ասա, Ղարաբաղ մի՛ ասա…
….Նարեկը հաջորդ օրը հինգ տարեկան էր դառնալու: Առավոտյան եկավ, թե՝ արի գնանք եկեղեցի: Սովորականի պես ամեն մեկս մեր մոմն առանք, վառեցինք: Մեկ էլ Նարեկը, որ դեռ գիրկս էր՝ վառվող մոմերով լի սեղանին հասնելու համար, ասաց.
– Փիրուզը լացում էր…
– Քեզ քանի անգամ եմ ասել՝ Փիրուզ մի՛ ասա:
– Փիրուզ տատիի էս մի աչքից արցունք էր գալիս:
Ես նայեցի մոմավաճառ կնոջը: Արցունք չտեսա, բայց տխուր էր:
– Համ էլ՝ ինձ չպաչեց, -շարունակեց Նարեկը: Ես բռնեցի Նարեկի ձեռքը, ու մենք մոտեցանք տիկին Փիրուզի՝ մոմերով լի սեղանին:
– Նարեկն ասաց, որ լաց եք եղել:
– Ես տեսել եմ, – հաստատեց Նարեկը,- որ դեռ մոմը չէիք տվել, էդ ժամանակ…
-Փոքր տղաս բանակ պիտի գնա,- ասաց կինն ու կրկին արցունքոտվեց: – Պարզվում է՝ տղայիս գլխացավերը ճնշումից են: Երբեք մտքովս չի անցել՝ չափել ճնշումը։ Ո՞վ է տեսել 17-18 տարեկան տղան ճնշում ունենա։ Հիմա զորակոչվելու ժամանակն է, ու պարզվում է՝ ճնշում ունի։ Մեծ տղաս բանակ գնաց, ծառայեց, հետ եկավ: Ո՞վ տրտնջաց, ո՞վ դժգոհեց: Առողջ տղա էր, պիտի սահման պահեր: Բա ո՞նց: Բայց փոքրիս համար շատ անհանգիստ եմ:
Բարձրահասակ, հաղթանդամ, լայնաթիկունք տղա է։ Որ տեսքին նայես, մտքովդ չի անցնի, թե հիվանդ է։ Բայց շուտ է հոգնում։ Գլուխն էլ պարբերաբար ցավում է։
….Կնոջ մազերը ճերմակ էին։ Եթե 18 տարեկան տղա ունի, ուրեմն այդքան էլ մեծ չէ՝ մտածեցի, պարզապես շուտ է ճերմակել ու տարիքից մեծ է երեւում։ Լացը զսպելու ճիգից ծնոտն ու ուսերը դողդողում էին:
-Ճնշումով բանակ չեն տանի, կտեսնեք, որ տարկետում կտան,- ես չէի կարող այդպես չասել. միայն թե՝ մոր աչքերում հույս տեսնեի, միայն թե՝ չարտասվեր։
-Ախր, չգիտեք։ Տղաս շատ հայրենասեր է, թասիբով ու հպարտ։ Ասում է՝ բժիշկներին չեմ ասելու, որ ճնշում ունեմ, չեմ ասելու, որ գլուխս ցավում է։ Դե, եթե չասի, ո՞նց են իմանալու, որ հիվանդ է, ո՞նց են տարկետում տալու։ Ես գիտեմ իմ տղային, նա չի ասի, որ հիվանդ է, հպարտությունը թույլ չի տա։
-Բժիշկները կստուգեն ու կհասկանան։ Անպայման կչափեն ճնշումը։ Առանց ասելու էլ կհասկանան, որ հիվանդ է. – ես գտա ելքը:
-Հա՞…, -կինն այնպիսի հուսավառ հայացքով նայեց վրաս, ասես իմ խոսքերից ինչ-որ բան էր կախված։ – Բայց մեր տերն ո՞վ է, ո՛չ ծանոթ ունենք, ո՛չ փող։ Որ առողջ լիներ, թող գնար ու ծառայեր։ Բայց, որ հիվանդ է…-, կրկին մռայլվեց կինը: -Գոնե ժամանակ տային, բուժվեր, հետո զորակոչեին…
-Չեն տանի,- կրկնեցի ես ավելի վճռական ու համոզված։
-Կտանեն,- հանկարծ ասաց Նարեկը։ Մենակ էս էր պակաս։
Ես սաստող հայացքով նայեցի նրան։
-Կտանեն, որովհետեւ բոյով տղաներն ուժեղ են լինում, իսկ բանակում ուժեղ տղաներ են պետք, որ հաղթեն թուրքերին,- պակասը լրացրեց ու սեւ, կլորիկ աչքերը հառեց վրաս, – արի գրազ։
Էս ինչ փորձանք էր։ Ես սեղմեցի Նարեկի ձեռքը.
-Սո՛ւս մնա։
-Դե, եթե այդքան վստահ եք, որ տղայիս տարկետում կտան, Նարեկի հետ գրազ եկեք,- ասաց մոմավաճառ կինը։ Ու ես մի պահ չհասկացա՝ լո՞ւրջ է ասում, թե՞ կատակում է։
-Տեսնենք՝ գրազն ո՞վ կտանի։
Լուրջ էր ասում։ Կառչել էր փոքրիկ հույսին։ Ու այնքան տխուր էր ժպտում։
-Ինչի՞ վրա,- հարցրի Նարեկին։
-Ջրցան ատրճանակի,- անմիջապես պատասխանեց Նարեկը (ասես նախապես որոշած լիներ ) ու մեկնեց ձեռքը։
Ես սեղմեցի Նարեկի փոքրիկ ափը, իսկ մոմավաճառ կինը «կտրեց» գրազը։
…Երբ Նարեկը բերեց ջրցան ատրճանակը, այնքան տխուր էր, որ սիրտս կտոր-կտոր եղավ։ Այդուամենայնիվ, ատրճանակը վերցրի։ Ինքն էր գրազն առաջարկել. թող սովորի պատասխանատվություն կրել իր ասածի ու արածի համար։ Բայց հաջորդ օրը մի ավելի մեծ ու «բազմաֆունկցիոնալ» ավտոմատ գնեցի ու նվիրեցի նրան։ Ուրախությունից գժվել էր։ Մի ամբողջ ճակատամարտ բեմադրեց մեր տանը, սեղանի տակից, բազմոցի հետեւից կրակելով ինձ ու մորս վրա և գոռալով.
-Ուռա՜, Մուշն ազատագրեցինք։
-Տիգրանակերտը վերցրինք, ուռա՜…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Հոգևոր-մշակութային