ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍՊԱՐԱՊԵՏ
Մարտի 5-ին մարդաշատ էր Սպարապետ Վ. Սարգսյանի անունը կրող զորամասը, որտեղ առավոտյան ժամը 09:00-ին մեկնարկ տրվեց հայրենիքի նվիրյալ, պետական և քաղաքական գործիչ Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքին:
Նախ՝ զորամասում երկրապահ կամավորականների, հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների մասնակցությամբ կայացավ միտինգ: Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սերոբյանը ներկայացրեց Սպարապետի կյանքի հերոսական ուղին՝ հավաստիացնելով, որ ամենօրյա պատվախնդիր ծառայությամբ անսասան կպահեն հայրենիքի սահմանները, քանզի հենց այդ էր պատգամում Սպարապետը:
Միտինգից հետո զորամասի հրամանատարի գլխավորությամբ արարողությունը շարունակվեց Արարատ քաղաքում Վ. Սարգսյանի հուշարձանի մոտ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետին հուշարձանին: Արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի ղեկավար կազմը, ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և ուսուցչական կոլեկտիվներ:
Այնուհետեւ միջոցառումների մասնակիցները այցելեցին Սպարապետի տուն-թանգարան, հանդիպեցին Գրետա մայրիկին, վերհիշեցին Վ. Սարգսյանի հերոսական կյանքի ուղու առավել կարևոր դրվագները: Միջոցառումների շարքը եզրափակեց զորամասի ակումբում կազմակերպված համերգային ծրագիրը. ՀՀ ԶՈՒ երգի ու պարի համույթը, ճանաչված երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը իրենց կատարումներով մեծ ոգևորություն հաղորդեցին միջոցառման մասնակիցներին:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ