Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ



ՆՇՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸՍպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Շնորհալի զինծառայողների ուժերով ենթակա զորամասերում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններներ՝ հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ, որոնք գեղագիտական բարձր ճաշակով ներկայացվեցին անձնակազմերին: Ներկայացվեցին նաեւ Վազգեն Սարգսյանի կյանքի ու կենսագրության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր, նրա խորիմաստ ու հեռատես ասույթները, հուշեր, իրապատումներ: 

Մարտի 5-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում Սպարապետի ծննդյան օրը նշվեց խորհրդանշական եռամիասնությամբ՝ ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորում, Գորիսի քաղաքապետարան, Երկրապահ կամավորականների միության Գորիսի մասնաճյուղ: Այստեղ էին 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ԵԿՄ Սյունիքի և Գորիսի մասնաճյուղերի ղեկավարությունը՝  Սուրիկ Բաղդասարյանի և Արայիկ Ղասումյանի գլխավորությամբ, զինվորական հանդերձանքով, խրոխտ ու սլացիկ, կազմ ու պատրաստ պատանի երկրապահները՝ Արթուր Հովսեփյանի ղեկավարությամբ:

ՆՇՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸՀրապարակը վաղուց այդքան մարդաշատ չէր եղել: Հրապարակում հպարտ կեցվածքով շարված էին գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողները, ԱԻՆ-ի Գորիսի մասնաճյուղի փրկարարական ջոկատը, պատանի երկրապահները՝ զինղեկների ղեկավարությամբ:

Զորամասի հրամանատարն արձակեց զորահանդեսը սկսելու հրաման: Հրապարակ բերվեց «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» շքանշանակիր զորամասի մարտական դրոշը, զորամաս, որի կազմավորման գործում մեծ է եղել Վազգեն Սարգսյանի դերը:

Միջոցառման հանդիսավոր մասն սկսվեց Սպարապետի՝  հայ ազգի միասնության մասին խոսքերի բարձրաձայնումով, որին հաջորդեց Գորիսի հոգևոր առաջնորդ Տեր Ահարոն քահանայի աղոթքն առ Աստված՝ Սպարապետի անմահ հիշատակի ոգեկոչմամբ եւ հայոց ազգի հավերժության եւ բարգավաճման խնդրանքով:

ՆՇՎԵՑ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸԵԿՄ վարչության անունից ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ:

1-ին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանն իր ելույթում կարևորեց բանակաշինության գործում Վազգեն Սարգսյանի ունեցած ահռելի ներդրումը, Մահապարտների գնդի ստեղծումը, ազգային արժանապատվության՝ Սպարապետի մատնանշած  հայեցակարգը:

Այնուհետեւ հրապարակը տրամադրվեց պատանի մարզիկներին: Գորիսցի տասնյակ կարատեիստներ  ինքնապաշտպանական հնարքներով ապացուցեցին, որ հայոց բանակի ապագան կայուն, հաստատուն, ֆիզիկապես առողջ երիտասարդներով համալրված զինվորներինն է:

«Հզոր բանակ, հզոր երկիր,  հզոր ժողովուրդ»,- Սպարապետի այս պատգամով և հրապարակում շարված զինվորների կուռ շարքերի հպարտ քայլքով եզրափակվեց միջոցառումը:

 ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ 

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Ազգային բանակ


15/03/2018