ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՕԴԱՅԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
Զրույց զորամասի հրամանատար, գնդապետ ՌՈՒԲԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԻ հետ
-Պարոն գնդապետ, ութ տարվա ընդմիջումից հետո Ձեր ղեկավարած ՀՕՊ զորամասը միանգամից երկու փոխանցիկ պատվադրոշներով պարգեւատրվեց. լավագույնն եք զորատեսակի կազմում, ինչպես նաեւ ճանաչվել եք «ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորատեսակի հատուկ զորքերի զորամաս»: Սպասո՞ւմ էիք նման արդյունքի:
-Անակնկալ էր: Չնայած հաշվետու ժամանակաշրջանում մեզ բարձր է գնահատել ստուգող հանձնաժողովը, լավագույնն էինք նաեւ մի շարք հավաքների արդյունքներով: 2017թ. ամբողջությամբ եւ բարձր մակարդակով ենք իրականացրել մարտական պատրաստականության պլանով նախատեսված միջոցառումները: Այնուամենայնիվ, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե մենք գնահատականի համար ենք ծառայում. կեղծ ձեռքբերումները գրոշի արժեք չունեն: Եթե տեխնիկան հանենք, ու հանկարծ չաշխատի, ուրեմն, ամոթ մեզ: Եվ բոլորովին կապ չունի՝ մարտկոցն է պատճառը, վառելիքը, թե մեկ այլ բան, առաջին մեղավորը միշտ ես եմ: Այնպես որ՝ ճակատս պարզ է: Հիմա, իհարկե, ավելի պահանջկոտ եմ՝ հանկարծ լավագույնի «ծանրության» տակ չմնանք: Զորամասը «քուն չունեմ» ռեժիմով է իրականացնում ծառայությունը: Երեկ գիշեր, ժամը 11-ին, օրինակ, տեխնիկան ոչ մարտունակ էր, ձեռքներս ծալած նստեինք, սպասեինք, թե ե՞րբ է լուսանալու: Իրավունք չունենք: ՀՕՊ-ը պաշտպանական զորատեսակ է, եւ րոպեների հապաղումը կարող է բախտորոշ լինել: Ձգտում ենք ամեն ինչ անել ճիշտ եւ ժամանակին: Սպան գիտի, եթե զեկուցել է խնդրի մասին, ուրեմն պիտի նաեւ լուծում առաջարկի, մինչեւ ինժեներների խումբ կուղարկեմ: Ի դեպ, ձեր ոտքը բարով էր. րոպեներ առաջ տեղեկացրին՝ անսարքությունը վերացված է, տեխնիկան՝ նորից մարտունակ: Անկեղծ ասած՝ կարեւորում եմ նաեւ խրախուսումը: Կարծում եմ՝ կադրերն են երաշխավորում յուրաքանչյուր առաջընթաց: Իմ զինծառայողը չպետք է հիասթափվի, չպետք է մտածի՝ «ո՞ւմ համար եմ անում, ինչի՞ համար»:
-Զորամասը կատարում է շուրջօրյա մարտական հերթապահություն՝ վերահսկելով ինչպես երկրի ներսում կատարվող թռիչքները, այնպես էլ՝ դրսից եկողները։ Այսօր պատրա՞ստ ենք կանխելու հակառակորդի օդային հարձակումը:
-Մարտական հերթապահություն իրականացնող դիվիզիոնները բացազատված են բարձրադիր վայրում՝ միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Հակաօդային պաշտպանությունը էշելոնացված է՝ հիմնական ուժերը դասավորված են այնպես, որ հնարավոր լինի լիովին հսկել բավականին մեծ մասշտաբի տարածք: Ղեկավարումն իրականացվում է միացյալ հրամանատարական կետից: Այստեղ աշխատանքը գրեթե կանգ չի առնում, մշտական են հաղորդագրությունները, հեռախոսազանգերը, պլանշետի վրա թռչող օբյեկտների տեղաշարժերի նշումները: Մեր ռելիեֆը լեռնային է, անհրաժեշտ է անդադար հետախուզություն: Ցանկացած ճեղք, օդային միջանցք (ցույց է տալիս քարտեզի վրա) խիստ վերահսկվում է: Մենք գիտենք, թե հակառակորդը որ օրը ինչ միջոցներ օդ բարձրացրեց, որ ուղղությամբ տեղաշարժեց, անգամ գիտենք՝ ով է ղեկին, ով է կառավարում: Բնականաբար, մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը փորձելու է վերցնել «անպատժելի» բարձրություն եւ ուղղություն: Հետեւություններն արված են, համապատասխան ուղղությունները՝ ուժեղացված: Ապրիլին էլ հակառակորդը հրաժարվեց օդուժը կիրառելուց, որովհետեւ հայտնաբերվել էր, հասկացել էր՝ ուղեկցվում է, բռնվել է, այդ էր պատճառը, որ խոցման գոտի չմտավ: Չպիտի թերագնահատենք թշնամուն, այլեւս առաջվանը չէ: Պարզապես մի քանի քայլ առաջ պետք է լինենք: Մեր օպերատիվ հերթապահները, մարտական հաշվարկները միշտ տեղում են: Անհրաժեշտության դեպքում՝ հրաման կստանան, հաշված վայրկյանների ընթացքում կհայտնաբերեն եւ կոչնչացնեն մեր երկրի օդային տարածք ներխուժած ցանկացած թռչող սարք: Անհոգ եղեք. հյուսիսարեւելյան օդային դարպասները հուսալի պաշտպանված են:
-Հետաքրքիր է՝ պետական սահմանի խախտման դեպքեր արձանագրվե՞լ են:
-Իմ ղեկավարման այս երեք տարիների ընթացքում` ո՛չ:
-Պարոն գնդապետ, իսկ ի՞նչ մարտական տեխնիկայով եք համալրված:
-Հերթապահությունում ընդգրկված են արդիականացված հատուկ միջոցներ, լուրջ համակարգեր, որ պատսպարում են օդային սահմանը տարբեր բարձրություններում ու հեռավորություններում: Նորարարական մի շարք տեխնոլոգիաների փորձարկումն արդեն ավարտվել է: Հետախուզության նոր միջոցներ ունենք, սակայն փակագծերը բացել չեմ կարող: Մեր սպառազինությունն ունակ է չեզոքացնելու հակառակորդի ամենասանձարձակ քայլերը: Պակաս կարեւոր չէ անձնակազմի վարժվածությունն ու ներդաշնակումը: Ծանրակշիռ պատասխանատվությունը դիվիզիոնների հրամանատարական կազմերի ուսերին է: Գոհ եմ նրանց ծառայությունից, բոլոր կադրերը համապատասխան մասնագիտական կրթություն ստացած սպաներ են, շատ լավ են տիրապետում մարտական տեխնիկային: Ունենք փորձառու ինժեներներով հագեցած ստորաբաժանում, որ լավագույնն է բանակում: Ունենք սպաներ, որ գիտական կարեւոր աշխատանքներ են կատարում եւ համագործակցում են ռազմարդյունաբերական գործարանների հետ:
-Ի դեպ, անձնակազմի համալրվածության ցուցանիշով Ձեր զորամասը երրորդն է զինված ուժերում:
-Զորամասը համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով: Ընտրում ենք մենք: Հիմա մեկ տեղի համար վեց թեկնածու է պայքարում: Կողմնակի միջամտությունը, սուբյեկտիվ գործոնը բացառված է: Տեխնիկան բարդ է, եւ նախապատվությունը հիմնականում տալիս ենք նրանց, ովքեր իրենց պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացրել են ՀՕՊ զորամասերում, տիրապետում են մասնագիտությանը: Չնայած անհնար է ռազմական գործը պատկերացնել առանց ամենօրյա ուսումնական աշխատանքի: Պայմանագրային զինծառայողների հետ աշխատանքը հեշտ է՝ հասուն, պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ են: Բոլորին ճանաչում եմ անուն-ազգանունով, գիտեմ նրանց կենսագրությունը, մղումները: Բոլոր հարցերում հարյուր տոկոսանոց փոխըմբռնում կա: Այդուհանդերձ, ես անընդհատ հիշեցնում եմ՝ եթե համազգեստ ես կրում, ուրեմն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինես պատերազմի:
-Զինվորի չափանիշը միշտ իր հրամանատարն է: Դուք զբաղեցրել եք տարբեր պաշտոններ՝ սկսելով դասակի հրամանատարից: Ձեր ծառայության ութ տարիները կամովին անցկացրել եք սահմանի ամենաբարդ հատվածում: Դուք կարմիր դիպլոմով ավարտել եք ՌԴ ռազմական ակադեմիան, դասախոսել եք ռազմական համալսարանում: Ձեր ծառայողական կենսագրությունը, ինչ խոսք, տպավորիչ է:
-Լավ տեղեկացված եք (ժպտում է): Կարծում եմ՝ մարդու թիկունքը իր անցած ճանապարհն է: Ես որպես սպա կայացել եմ սահմանին: Երբ հակառակորդի հետ մնում ես դեմ դիմաց, երբ քիթդ հանում ու տեսնում ես վտանգը, հասկանում ես՝ թերանալու իրավունք չունես: Իհարկե, կարեւոր է նաեւ, թե ովքեր են եղել քո հրամանատարները, ովքեր են ուղղություն տվել, հսկել քո քայլերը: Տասնհինգ հրամանատար եմ ունեցել` Վահագն Միքայելյան, Սեյրան Սարոյան, Էնրիկո Ապրիամով… Յուրաքանչյուր ղեկավարից էլ մի բան սովորել եմ՝ համարձակություն, կազմակերպվածություն, պատասխանատվություն, լավատեսություն: Երբ գեներալ-լեյտենանտ Ապրիամովը, այն ժամանակ գնդապետ, ԱԿՍ ինքնաձիգը ուսին բարձրանում էր Օմար՝ դիրքն ստուգելու, ես հաճույք էի ստանում, ես ինձ անպարտելի էի զգում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ