Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՄարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման զորամասերում:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի  առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ինչպես նաև բարձրաստիճան այլ զինվորականների և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ծանոթացել է զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, մի շարք շենք-շինությունների վերանորոգման, սպայական հանրակացարանների և ռազմական նշանակության այլ օբյեկտների կառուցման ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Զորամասերում կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական և շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՎիգեն Սարգսյանը հանդիպել է նաև զորամասերի սպայակազմի հետ, խոսել զինված ուժերում արդեն սկիզբ առած, ինչպես նաև առաջիկայում ծրագրվող կառուցվածքային լուրջ բարեփոխումների մասին, անդրադարձել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերին և ակնկալվող արդյունքներին: Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում ռազմակրթական ոլորտում սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության աճն ապահովելու և զինված ուժերն առավել բանիմաց ու հմուտ սպաներով համալրելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման և ընդհանրապես՝ նրանց սոցիալական պաշտպանության հարցերը երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Մասնավորապես՝ տեսանելի ապագայում կյանքի կկոչվի չափազանց կարևոր նախաձեռնություն, ըստ որի՝ զիծառայողներին հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության կընձեռվի:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բարեփոխումների գլխավոր նպատակը մեկն է. առավել բարձր նշաձողի հասցնել զինված ուժերի պատրաստության և մարտունակության աստիճանը, որակական նոր լուծումներ գտնել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների լուծման հարցերում։

Խորագիր՝ Նորություններ


17/03/2018