ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչներին, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա եղել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:
Ողջունելով այգեպարցիներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և դրա վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետևողական աշխատանքն է:
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում, ըստ ոլորտների և գերատեսչությունների, քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Անդրադարձ է եղել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել աշխուժացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին: Իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաև համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ վստահեցնել, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում ևս տալու է դրական ու շոշափելի արդյունք: