Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏԸ՝ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ



Ձեռք բերելով ազատ ու անկախ ապրելու իրավունք եւ ձգտելով դառնալ միջազգային հանրության վստահելի անդամ ու գործընկեր, մեր երկիրը՝ ժողովուրդն ու իշխանությունները, մշտապես ջանքեր են գործադրում, որ մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հաստատվի կայուն խաղաղություն, երկրների եւ ժողովուրդների միջեւ վիճահարույց հարցերը կարգավորվեն ոչ թե ուժի, սպառնալիքի, այլ երկխոսության, փոխադարձ հարգանքի, միջազգային օրենքների եւ իրավունքների միջոցով։ Բանակաշինությունը, որ պետականաշինության անքակտելի մասն է կազմում, լիովին համահունչ է երկրի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Մեր ազգային բանակը ոչ թե կենտրոնացել-մտասեւեռվել է հարեւանների հետ պատերազմելու, նրանց շրջափակելու, նրանց հոգեւոր-մշակութային արժեքները սեփականելու, կենսական տարածքները զավթելու գաղափարի վրա, այլ՝ երկրի սահմանները արժանապատվորեն պաշտպանելու, ժողովրդի խաղաղությունը ապահովելու՝ միաժամանակ հաջողությամբ համագործակցելով գործընկերների, միջազգային կարեւոր ռազմաքաղաքական կազմակերպությունների հետ եւ իր ավանդը ներդնելու համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։ Ասվածի վկայությունն են հայ խաղաղապահների առաքելությունները Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում, նաեւ բանակի տարբեր ստորաբաժանումների, սպաների եւ մասնագետների մասնակցությունը ինչպես ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության», այնպես էլ ՀԱՊԿ ծրագրերով անցկացվող զորավարժություններին։
Եվ երբ հայոց ազգային բանակը համարում են տարածաշրջանում ամենամարտունակը, նկատի է առնվում ոչ միայն Արցախյան ազատամարտում տարած հաղթանակները, այլեւ տարբեր զորավարժություններում ցույց տված բարձր արդյունքները, բանակում է՛լ ավելի ճկուն եւ արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով կատարվող բարեփոխումների ընթացքը։ Բոլորովին վերջերս Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի տարածաշրջանի համազորային զորքերի Չեբարկազ զորավարժարանում տեղի ունեցավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ զորախմբի «Համագործակցություն-2010» զորավարժությունը, որի ընթացքում հայկական վաշտը կրկին բոլորին ապացուցեց, որ մենք՝ հայերս, խորությամբ ենք տիրապետում ռազմարվեստի գաղտնիքներին, ի զորու ենք հուսալիորեն պաշտպանել մեր հայրենիքը եւ արժանիորեն զորակցել մեր դաշնակիցներին։
Այժմ վաշտը վերադարձել է հայրենիք, հարազատ զորամաս, որի հրամանատարն է գնդապետ Բ. Ջանվելյանը եւ, շարունակելով պարապմունքները, նախապատրաստվում է տարեվերջյան քննություններին։ Այցելելով զորամաս՝ մենք հետեւեցինք դասակների կազմերով անցկացվող պարապմունքներին, զրուցեցինք վաշտի հրամանատարական կազմի սպաների, ջոկերի հրամանատարների եւ շարքային զինվորների հետ։
***
Վաշտը փոխգնդապետ Վաչիկ Կրոյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային գումարտակի կազմում է։ Փոխգնդապետ Կրոյանը փորձառու սպա է, տարիներ շարունակ գլխավորել է սահմանի պաշտպանությունն իրականացնող գումարտակներից մեկը, ապա, տեղափոխվելով այստեղ, նշանակվել է գումարտակի հրամանատար, կարճ ժամանակում ցույց է տվել բարձր արդյունքներ, եւ այժմ գումարտակի բոլոր ստորաբաժանումներն առանձնանում են մարտական բարձր պատրաստականությամբ։ Զորամասում մենք չհանդիպեցինք ո՛չ գնդապետ Ջանվելյանին, ո՛չ էլ փոխգնդապետ Կրոյանին։ Նրանք մասնակցում էին զորամիավորման կազմով ընթացող հրամանատարաշտաբային զորավարժությանը եւ գտնվում էին լեռներում բացազատված հրամանատարական կետում։
-Մեզ Չելյաբինսկ առաջնորդեցին պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթեւոսյանը, նույն վարչության շտաբի պետ գնդապետ Ս. Բադասյանը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Հակոբյանը։ Մեկնեցինք հոկտեմբերի 12-ին, վերադարձանք 29-ին,- ասաց վաշտի հրամանատար կապիտան Նորայր Աբրահամյանը։ -Մեզնից բացի, զորավարժությանը մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ստորաբաժանումները։ Ռուսաստանը մասնակցում էր գումարտակի կազմով։ Զորավարժությունն սկսվեց հոկտեմբերի 25-ին եւ շարունակվեց մինչեւ 28-ը, թեման տեռորիզմի դեմ պայքարն էր։ Առաջին փուլում հրաձգությունը կատարվում էր առանց մարտական փամփուշտների, իսկ երկրորդ փուլում հրաձգությունը մարտական արկերով եւ փամփուշտներով էր։ Մենք այնտեղ ստացանք տասը ՀՄՄ-2։ Զորավարժության սկզբում մեզ տրված կոորդինատներով քարտեզի վրա որոշեցինք «տեռորիստների» մոտավոր տեղը, այնուհետեւ աննկատ առաջանալով՝ «գերիներ» վերցրինք, որոնցից էլ ճշտեցինք մեզ անհրաժեշտ տվյալները եւ պատրաստվեցինք հարձակման։ Հենց այս հարձակումն էլ կատարվեց մարտական հրաձգությամբ, որին մասնակցեց ՀՄՄ-2-ի վեց անձնակազմ։ Ճիշտ այդքան թիրախ էր նախապատրաստված մեր վաշտի ՀՄՄ-2-ների համար, եւս ութ թիրախ նախատեսված էր ՀՀՆ-7-ի համար, իսկ հետեւակի համար նախատեսված էր 58 թիրախ։ Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի դասակը ուղղաթիռներով տեղափոխվեց պայմանական հակառակորդի թիկունք։ Դեսանտն իրականացվեց ո՛չ պարաններով, ո՛չ էլ պարաշյուտներով։ Տղաներն ուղղակի թռչում էին ուղղաթիռներից, դիրքավորվում եւ անցնում գրոհի։ Դասակն արժանացավ «գերազանց» գնահատականի եւ ճանաչվեց լավագույնը։
Առաջադրանքն ամբողջությամբ կատարեց նաեւ ավագ լեյտենանտ Սերգեյ Գրիգորյանի դասակը, որը հակառակորդից առգրավեց երկու միավոր զրահատեխնիկա եւ վերցրեց չորս գերի։ Ընդհանուր առմամբ մեր վաշտը շատ բարձր արդյունք ցույց տվեց՝ խոցելով բոլոր թիրախները եւ ճանաչվեց լավագույնը վաշտերի մեջ, պարգեւատրվեց գավաթով, որի վրա գրված է. «Լավագույն ստորաբաժանմանը՝ կրակային պատրաստությունից»։ Պետք է ասեմ,- շարունակեց կապիտան Ն. Աբրահամյանը,- որ զորավարժությունը շատ օգտակար էր ու հետաքրքիր։ Նախ՝ մենք շփվեցինք այլ երկրների զինվորականների հետ, ծանոթացանք նրանց հնարավորություններին, ռազմական տեխնիկային եւ միմյանց հետ համագործակցելու, համատեղ առաջադրանքներ կատարելու փորձ ձեռք բերեցինք՝ միաժամանակ մասնակցեցինք մարտական եւ մշակութային միջոցառումներին, ինչը նույնպես կարեւոր է։ Թեեւ վաշտն այս տարվա իր գլխավոր քննությունը հանձնել է եւ հանձնել է գերազանց, սակայն մենք շարունակում ենք մարզումները։ Տղաներից շատերը մոտ ժամանակներս կզորացրվեն, նրանց տեղը կզբաղեցնեն ուրիշները, եւ հաջորդ ուսումնական տարվա հենց սկզբից պարապմունքները կշարունակվեն ամբողջ ծավալով։
***
Զրուցում ենք ավագ լեյտենանտ Տ. Պողոսյանի դասակի ավագ սերժանտ Հայրապետ Եգորյանի ջոկի զինվորների հետ.
-Սկզբից հուզվում էինք, իսկ երբ սկսվեց զորավարժությունը, ամեն ինչ մոռացանք եւ առաջադրանքի հաջող կատարման մասին էինք մտածում։ Եվ երբ պարզվեց, որ ամենալավը մեր ցույց տված արդյունքն էր, դարձյալ հուզվեցինք, բայց այս անգամ արդեն հպարտությունից, ուրախությունից, հազիվ էի ինձ զսպում, որ լաց չլինեմ,- ասաց սերժանտ Եգորյանը։
Վաշտի լավագույն դիպուկահարը շարքային Անդրանիկ Խաչատրյանն է։ Կատարելով դասակի հրամանատարի առաջադրանքները՝ նա խոցել է բոլոր թիրախները։
-Ծնունդով երեւանցի եմ, ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը եւ եկել բանակ։ Արդեն ծառայել եմ մեկուկես տարի, մայիսին կզորացրվեմ եւ կընդունվեմ համալսարան,- ասաց նա։ Այստեղ էին նաեւ գնդացրորդներ Արայիկ Կարապետյանը, Արսեն Արսենյանը եւ նշանառու Տարոն Կարապետյանը։
-Հաստատ չեմ հիշում, բայց երկու հատից ավելի փամփուշտ եմ կրակել,- ասաց Տարոնը եւ ավելացրեց,- ՀՄՄ-2-ի յուրաքանչյուր նշանառու այդքան կրակել է։ -Այս անձնակազմում են եղել նաեւ նռնականետորդի օգնական շարքային Սեյրան Սողոմոնյանը, ավագ հրաձիգ եֆրեյտոր Տիգրան Դումանյանը, հրաձիգ շարքային Արման Աբրահամյանը եւ շարքային Վարդան Սահակյանը։ Նա ՀՀՆ-7-ից 23 արկ է արձակել։ Զրահամեքենայի մեխանիկ-վարորդը շարքային Սուրեն Խաչատրյանն է, որն իր հմտությամբ նպաստել է առաջադրանքի հաջող կատարմանը։
Ավագ լեյտենանտ Սերգեյ Գրիգորյանի դասակից են ՀՄՄ-2-ի հրամանատար ավագ սերժանտ Սամվել Հովհաննիսյանը, նշանառու օպերատոր եֆրեյտոր Արսեն Թովմասյանը եւ մեխանիկ-վարորդ եֆրեյտոր Հայկազ Ղազարյանը։ Զորավարժության ժամանակ անձնակազմը գործել է հենց այս կազմով։
Սամվելը կրծքին ուներ «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները։
Ներկայանալով` իր մասին ասաց, որ սիսիանցի է, տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ագրարային համալսարան, երրորդ կուրսից էլ զորակոչվել է բանակ։
-Մեկ ամսից կզորացրվեմ, ուրախ եմ, որ ծառայությունս այսպիսի հաղթական վերջաբան ունեցավ, բայց ես միշտ պատրաստ եմ վերադառնալ եւ պաշտպանել մեր երկիրը։
Երեւանցի Արսեն Թովմասյանը դեռ մեկ տարի ունի ծառայելու։ Նա մայիս ամսին է ուսումնական զորամասից տեղափոխվել այստեղ եւ արդեն պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։
Եֆրեյտոր Հայկազ Ղազարյանը Տավուշի Ծաղկունք գյուղից է, դպրոցն ավարտելով` ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան եւ զորակոչվել բանակ, պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Ասաց, որ իր վարած ՀՄՄ-2-ը շատ լավ վիճակում էր, եւ զորավարժության ընթացքում որեւէ խնդիր չառաջացավ։
Նկատելի է, որ զորամասում ըստ արժանվույն են գնահատում զինվորականների ծառայությունը։ Գրեթե բոլորն էլ ունեն կրծքանշաններ։ Եֆրեյտոր Արման Հարությունյանը, որը երկրորդ անգամ էր մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժությանը, կրում էր բոլոր երեք՝ «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները։
-Նաեւ երեք պատվոգիր ունեմ,- հպարտ-հպարտ ասաց նա։
Սանհրահանգիչ ավագ սերժանտ Տիգրան Հովակիմյանը նույնպես կրում է «Քաջարի մարտիկ» եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանները։
-Գորիսցի եմ, սովորում եմ «Հայբուսակ» համալսարանում, բարեբախտաբար զորավարժության ընթացքում մեր տղաներից ոչ ոք չհիվանդացավ, եւ ես առանձնապես անելիք չունեցա,- ասաց նա։ Տիգրանը նույնպես շուտով կզորացրվի։
Երեք կրծքանշան ունի նաեւ ղեկավարման դասակի ավագ նշանառու-օպերատոր սերժանտ Վազգեն Համբարյանը, որն իր ծառայության մեկուկես տարվա ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժությանը։ Տիգրանն արմավիրցի է, կոնսերվատորիայի շրջանավարտ։ Լինելով դուդուկահար՝ նա նվագել է զորավարժության մասնակիցների համատեղ ուժերով կազմակերպած համերգին։
Ազգային բանակի երեք կրծքանշանով եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված շքերթի մասնակցության մեդալով է պարգեւատրվել դասակի գնդացրորդ շարքային Ալեքսան Ալեքսանյանը։ Նա հասակ է առել Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, 2008-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, մեկ տարի անց զորակոչվել ազգային բանակ։ Ունենալով ֆիզիկական հրաշալի տվյալներ եւ շարային պատրաստությունից ցույց տալով գերազանց արդյունքներ՝ Ալեքսանն ընդգրկվել է Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթի մասնակիցների հայկական զորախմբում եւ պարգեւատրվել ՌԴ պաշտպանության նախարարի կողմից։
-Ծառայությունս, իրոք, շատ հետաքրքիր է անցնում։ Բանակ գալով երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի մեծ միջոցառումների կմասնակցեմ։ Զորավարժության ընթացքում երկու անգամ եմ կրակել, ամեն անգամ 160 փամփուշտ։ Ինչ ասեմ, ինձ բախտավոր մարդ եմ համարում, որ օտար երկրում մեր բանակի հեղինակությունը բարձր պահելու հնարավորություն ունեմ,- ասաց Ալեքսանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Ազգային բանակ


10/12/2010