Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ



ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸԶրույց ջութակահար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԼՄԱԶՅԱՆԻ հետ

 

-Պարոն Ալմազյան, երաժշտության բնագավառում Ձեր հաջողություններին դեռ կանդրադառնանք, կփորձենք հասկանալ, թե ինչպես 22 տարեկան տղան հաղթեց մրցույթը, եւ նրան վստահեցին, ոչ ավել, ոչ պակաս, Մորավիայի ֆիլհարմոնիկում առաջին ջութակ նվագելու պատասխանատվությունը: Իսկ մինչ այդ ես ուզում եմ՝ խոսենք այն մասին, որ Ձեր թռիչքն սկսվել է Հայաստանից` այն կրթության հենքով, որ Դուք ստացել եք Երեւանի Չայկովսկու անվան դպրոցում ու կոնսերվատորիայում:

-Թռիչքի համար մարդուն հենարան է պետք` ամուր, անդավաճան, հարազատ: Ու որքան էլ բարձր թռչես, կա մի ամուր թել, որով դու կապված ես քո արմատներին, որը անդադար քեզ հետ է ձգում, որը քեզ սնող երակն է:

-Հայրենի՞քը:

-Քո պատմությունը: Քո հոգու բաղադրությունը: Քո սերերը, կարոտները:

-Պատմեք Ձեր պատմությունը:

-Հազիվ թե հիմա կարողանամ հոգուս տաք թրթիռներից ամբողջական պատում հյուսել: …Մեր բակը: Ես արդեն 22 տարի Բելգիայում եմ ապրում, բայց իմ տունը մեր բակում է: Մեր բակը իմ տունն է: Դուք երբեւէ ապրե՞լ եք արտերկրում:

-Ո՛չ: Ես միշտ իմ ծննդավայրում եմ ապրել:

-Տունը կացարան չէ, ճոխություն ու հարմարավետություն չէ, տունը սեր է, մտերմություն: Տունը հարազատ ձայներն են, ընկերներիդ սիրելի դեմքերը: Այն պահերը, երբ սիրահարված ես… Գիտեք, իմ առաջին գումարը վաստակել եմ «Տիրում» կրակելով: Ես շատ լավ եմ կրակում, անվրեպ նշանառու եմ:

-Իսկ ե՞րբ էիք ջութակ նվագում: Մեկը, որի ընտանիքում երկու ջութակահար կար, կարո՞ղ էր խուսափել օրը գոնե 8 ժամ պարապելուց:

-Ես շատ քիչ էի պարապում, երբեք ջանք չեմ թափել ինչ-որ բանի հասնելու համար, ինձ ամեն ինչ հեշտ է տրվել, բայց ես խոր ակնածանք ունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր տքնանքով, ուժերի գերլարումով նվաճում են թիզ առ թիզ, քայլ առ քայլ:

Ինձ երբեք ոչինչ չեն պարտադրել: Ես ընկերներիս հետ չափչփում էի փողոցները, անհագ կարդում էի ու երազում էի բալալայկա նվագել: Մի օր պապս ինձ տարավ իր ընկերոջ՝ լեգենդար Պետրոս Հայկազյանի մոտ, որ ստուգի լսողությունս: Նա ասաց` լսողություն ունի, բայց վնասված մատների պատճառով չի կարող ջութակ նվագել (ես փոքր ժամանակ տաք արդուկով վառել էի մատներս): Ինձ ասացին` չես կարող: Ու ես ընդունեցի մարտահրավերը: Պետրոս Հայկազյանը դարձավ ջութակի իմ առաջին ուսուցիչը: Ես բախտ ունեցա աշակերտելու այդ անզուգական մասնագետին ու մեծ ուսուցչին: Մեր բարեկամությունը շարունակվեց մինչև նրա կյանքի վերջը: Պետրոս Հայկազյանը մահացավ օրեր առաջ՝ 94 տարեկանում:

-Դուք այդքան մեծ սիրով ու ակնածանքով պատմում եք Ձեր ուսուցչի մասին, իսկ իմ միտքը դեռ անցյալի հետ է: Այդքան փոքր տարիքում որքա՜ն պատվախնդիր եք եղել…

-Ես մինչ այսօր ապացուցում եմ, որ կարող եմ: Իմ հաջողություններին նպաստել է նաև այն, որ ուսուցիչների հարցում բախտս բերել է: Կոնսերվատորիայում ինձ դասավանդում էր Վիլի Մոկացյանը, որին նույնպես հիշում եմ երախտագիտությամբ ու ջերմորեն: Բուհում սովորելու տարիներին ես առաջին ջութակ էի նվագում «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախմբում: Կոնսերվատորիան ավարտեցի գերազանցությամբ ու հաջորդ օրը մեկնեցի Չեխիա: Մորավիայի ֆիլհարմոնիկում որոշ ժամանակ առաջին ջութակ նվագելուց հետո սկսեցի աշխատել Գերմանիայի Ազգությունների ֆիլհարմոնիկում: Այդ նվագախմբի հետ ես շրջեցի աշխարհով մեկ: Հետո Բելգիայի Թագավորական օպերային թատրոնի մենակատարն էի: Զուգահեռ սովորել եմ Բրյուսելի կոնսերվատորիայում` Իգոր Օյստրախի դասարանում, դասեր եմ առել այնպիսի հռչակավոր դեմքերից, ինչպիսիք են Էդուարդ Վուլֆսոնը, Միշա Քեյլինը… Ես նվագել եմ շատ ու շատ հայտնի անունների հետ, եղել եմ հեղինակավոր նվագախմբերի մենակատարը:

…Բայց մի օր ես կանգ առա: Ինքս ինձ ասացի`դու չկաս հանճարների փոքրիկ աստղաբույլում: Ինչո՞ւ ես անում մի բան, որն ուրիշներն ավելի լավ են անում:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ-Մեկը պողոտա է բացում, մյուսը՝ փողոց, երրորդը` փոքրիկ արահետ: Բայց` նոր, ինքնատիպ, յուրօրինակ: Ու նրանց ոտնահետքերը առաջնորդում են հազարավորների:

-Մենք նույն բանն ենք ասում: Ես որոնում էի իմ փոքրիկ արահետը` չտրորված, անակնկալներով ու բացահայտումներով լի: Եվ ծնվեց «Almazian Symphony» նվագախումբը:

-Այո՛, «Almazian Symphony»-ն բացառիկ երեւույթ է` մոդելի արտաքինով 20-25 աղջիկներ` ու վիրտուոզ կատարում: Որտեղի՞ց եք գտել նրանց:

-Մրցույթ եմ հայտարարել: Ես ուզեցի համատեղել գեղեցկությունն ու երաժշտականությունը, հմայքն ու արհեստավարժությունը:

-«Almazian Symphony»-ն հռչակեց Ձեր ազգանունը աշխարհով մեկ:

-Ոչ թե իմ ազգանունը, այլ իմ հայկականությունը: Իմ բոլոր բուկլետների, ազդագրերի վրա կա Հայաստան բառը: Հայաստանն իմ այցեքարտն է, իմ անձնագիրը: Ես հանդուրժում եմ, երբ համերգների ժամանակ իմ անուն-ազգանունը սխալ են արտասանում, բայց Հայաստան բառը պիտի արտաբերեն հստակ ու ճիշտ: Իմ անունը մոռացվելու է, բայց Հայաստան բառը դաջվելու է նրանց գիտակցության մեջ` որպես իմ հոգու օրրան ու իմ ներշնչանքի աղբյուր:

-Երբ Էմիր Կուստուրիցան Հայաստանում էր, ասաց, որ Դուք միակն եք իր ընկերների մեջ, որի հետ մտերմացել է հանդիպման առաջին պահից: Նա Ալմազյան անհատի հե՞տ է ընկերացել, թե՞ նրա արվեստի:

-Ես Էմիր Կուստուրիցայի հետ 5 րոպեանոց հանդիպման թույլտվություն էի ստացել, որի ընթացքում պիտի նրան փոխանցեի իմ նվագախմբի կատարումների տեսանյութը: Հինգ րոպեն ձգվեց 6-7 ժամ: Մենք միասին գնացինք կրակելու: Խոսեցինք կինոյից, երաժշտությունից, Հայաստանից, Եղեռնից: Տեսանյութը դիտելուց հետո Էմիր Կուստուրիցան առաջարկեց, որ «Almazian Symphony»-ն բացի իր առաջին` «Kustendorf and Music Festival» փառատոնը: Այդ ժամանակ իմ նվագախումբը մի քանի ամսվա պատմություն ուներ: Մենք նվագեցինք համաշխարհային արվեստի առաջին դեմքերի համար ու մեծ հաջողություն ունեցանք:

Ես կարծում եմ` իմ անհատականությունն ու իմ արվեստը միահյուսված են, եւ Էմիրի հետ մտերմությունը խարսխված է մեր ներքին աշխարհի ներդաշնակության վրա:

-Որտե՞ղ եք սովորել այդ գեղեցիկ հայերենը:

-Ջանք եմ թափել: Իմ լեզուն իմ ինքնությունն է, մայրենի խոսքի կատարելությունը իմ պատիվն է, հայրենիքի հանդեպ իմ սիրո ու պատասխանատվության արտահայտությունը:

-Ինչպե՞ս ծնվեց Էմիր Կուստուրիցային Հայաստան բերելու միտքը: Մինչ այդ բոլոր փորձերը ձախողվել էին:

-Իմ ծննդյան օրը մեր բակի տղաները ինձ անհավանական անակնկալ արեցին` մեծ խմբով եկան Սերբիա (ես այդ ժամանակ Սերբիայում էի): Ծնունդս նշեցինք Էմիրի տանը` նրա գյուղում: Հենց այդ ժամանակ էլ ընկերներիցս մեկը ասաց` Էմիրին տանենք Հայաստան: Էմիրը սիրով համաձայնեց: Նա Հայաստանից գնաց հիացած: Տպավորված էր մեր մշակույթով, բնությամբ, իր պատմությանը տեր լինելու` մեր ժողովրդի կամքով, նրա կենսունակությամբ ու տաղանդով…

Եվ նա Հայաստան եկավ երկրորդ անգամ` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ-Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմում Դուք փորձել եք Ձեր դերասանական վարպետությունը հայ դերձակի դերում: Խաղացել եք Մոնիկա Բելուչիի հետ: Դատելով Ձեր նկարներից` լավ բարեկամներ եք: Հնարավո՞ր է, որ Մոնիկա Բելուչիին նույնպես տեսնենք Հայաստանում: Յուրաքանչյուր աշխարհահռչակ արվեստագետի այցելություն Հայաստան աշխարհին մեր մշակույթի, մեր խնդիրների մասին պատմելու առիթ է: Ես հիշում եմ` երբ Թուրքիայում միջազգային փառատոնի ժամանակ Էմիր Կուստուրիցայի ներկայությամբ սերբերին մեղադրեցին խորվաթների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու համար, աշխարհահռչակ ռեժիսորն ասաց. «Եվ դո՞ւք եք խոսում այդ մասին, երբ մեկ ու կես միլիոն հայ եք կոտորել»: Այդտեղ էին բազմաթիվ լրագրողներ` աշխարհի տարբեր երկրներից, որոնք Կուստուրիցայի խոսքերը հնչեցրին մոլորակով մեկ:

-Մեծ ծրագրեր ունեմ` կապված Մոնիկա Բելուչիի հետ, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Ես առիթը բաց չեմ թողնի յուրաքանչյուրին մեծ հպարտությամբ ներկայացնելու մեր մշակույթը, մեր երկիրը, որովհետեւ մենք անզուգական ենք, ինքնատիպ, վառ ու տաղանդավոր: Մեզ հարգում են ամբողջ աշխարհում, քանի որ հայը, որ բնագավառում էլ գործի, ձգտում է առավելագույնին եւ շահեկանորեն տարբերվում է ինքնակատարելագործվելու մղումով:

Ի դեպ, «Ծիր կաթին» ֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է իմ նվագախումբը, կան հատվածներ նաեւ Նարեկ Հախնազարյանի կատարումներից:

-Կուստուրիցան ասում էր, որ սերբերեն եք շփվում: Ճի՞շտ է, որ Դուք ութ լեզու գիտեք:

-Ճիշտ է: Բայց ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել: Մի բան պիտի խոստովանեմ` ցավով, ամոթով…

-Ամոթո՞վ…

-Այո՛, որովհետև հարցազրույց եմ տալիս Բանակի թերթին, բայց… ինքս չեմ ծառայել: Կոնսերվատորիայի վերջին կուրսում հաղթեցի մրցույթը ու միջպետական պայմանագրով գնացի աշխատելու Չեխիայում, հետո Եվրոպայում ուսումնառությունս զորակոչային տարիքը բաց թողնելու առիթ դարձավ: Բայց մի օր ես պիտի այս բեռը ցած դնեմ իմ ուսերից: (Ասացի, չէ՞, որ ես լավ նշանառու եմ): Երազում եմ կանգնել առաջնագծում, զգալ զենքով հայրենիքը պաշտպանելու հպարտությունն ու բերկրանքը: Ես ինձ ու իմ ընկերներին համարում եմ հայ մշակույթի դեսպաններ արտերկրում, մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը՝ որ երկրում էլ ապրենք, այլապես մեր ամբողջ վաստակը կլիներ անիմաստ ու ապարդյուն: Բայց ես երազում եմ մի օր «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» բառերն ասել զինվորի նման:….Իսկ մինչ այդ, խորին խոնարհումս հայ դիրքապահին` այն տղաներին, որոնք կյանքի գնով պաշտպանում են իմ տունը, իմ բակը, իմ սիրելիներին, իմ պատմությունը: Ես պարտք եմ ձեզ: Մի քանի ժամից Բրյուսել եմ թռչելու: Ամեն անգամ Հայաստան գալիս թվում է` երբեք չեմ բացակայել երկրից, արտերկրում ապրած տարիներն ասես չեն էլ եղել. ոչ մի կապվածություն, ոչ մի կարոտ: Իսկ Հայաստանից հեռանալիս սիրտս այստեղ եմ թողնում: Շնորհակալություն, տղե՛րք, որ ինձ հայրենիք եք նվիրել:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Հոգևոր-մշակութային


21/03/2018