ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ինչպես ամբողջ Ազգային բանակում, այնպես էլ գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում կարևորվում է կիրակնօրյա միջոցառումների շրջանակներում ցուցադրական պարապմունքների անցկացումը:
Միջոցառումներն սկսվեցին ռազմահայրենասիրական թեմայով զրույցով` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան: Դասընթացը վարող ստորաբաժանման հրամանատար սպան ներկայացրեց Սպարապետի կյանքի ու գործունեության մասին ուշագրավ դրվագներ, որոնք ուղեկցվեցին բանակաշինության գործում Սպարապետի ունեցած մեծ դերակատարության մասին հարցուպատասխաններով:
Այնուհետև անձնակազմը շարվեց շարահրապարակում, եւ հայտարարվեց կիրակնօրյա միջոցառումների մարզական ուղղվածության մասին: Անցկացվեցին ցուցադրական պարապմունքներ: Բացազատվեցին ուսումնական կետեր: Հաշված րոպեների ընթացքում զորամասի տարածքը վերածվեց մարզական փոքրիկ ավանի, որտեղ տարբեր ուսումնական կետերում անզիջում մրցապայքարի մեջ մտած թիմերից կամ անհատ մասնակիցներից յուրաքանչյուրն ուզում էր վաստակել հաղթանակի դափնին: Հարյուրավոր ժամկետային զինծառայողներ մրցակցային մթնոլորտում իրենց ուժերը փորձեցին զորամասի մարզական ավանում, շարահրապարակում, զորանոցի հարակից տարածքում: Կշռաքարերի բարձրացում, բազկամարտ, վազք, ձգումներ պտտաձողի վրա, սեղանի թենիս, շաշկի, շախմատ, պարանի ձգում, ֆուտբոլ, վոլեյբոլ մարզաձևերից անցկացվեցին անհատական և թիմային մրցումներ:
Բազազատված տեղամասերից մեկում անցկացվեց «զենքի ոչ լրիվ քանդում-հավաքում» մրցույթը, վարժ ու գերազանց կատարեցին և մրցանակային տեղեր գրավեցին շարքայիններ` Ռուստամյանը, Քլոյանը, Ոսկանյանը:
Իրենց զինակից «չեմպիոն» ընկերներից ոչնչով ետ չմնացին մյուս հաղթողները՝ սերժանտներ Ռոբերտ Պետրոսյանը, Ռոբերտ Հակոբյանը, շարքայիններ` Վահան Եղիազարյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսան Պետրոսյանը, Տիգրան Ղազարյանը, Ռոմիկ Սարգսյանը: Թիմային մրցումներում պարզ դարձավ, որ ստորաբաժանումները համախմբված կարողանում են համոզիչ հաղթանակ տանել՝ պարանի ձգում, ֆուտբոլ, վոլեյբոլ մարզաձևերից: Հաղթեցին երեք տարբեր դիվիզիոններ:
Օրվա վերջում շարահրապարակում տեղի ունեցավ կիրակնօրյա միջոցառումների արդյունքների ամփոփում, եւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորները զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանի, զորամիավորման ֆիզպատրաստության և սպորտի ծառայության պետ, մայոր Մանվելյանի, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանի, զորամասի ֆիզպատրաստության և սպորտի պետ, մայոր Հ. Այվազյանի կողմից արժանացան շնորհակալության, պատվոգրերի, կրծքանշանների:
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում կիրակնօրյա միջոցառումների շրջանակներում անցկացված ռազմահայրենասիրական թեմայով զրույցներն ու մարզական ցուցադրական պարապմունքները ցույց տվեցին, որ մեր զինվորները խելացի են, գիտակից, գաղափարապես պատրաստված, հոգեպես և ֆիզիկապես առողջ ու կոփված:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ