ՌԱԶՄԱՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԳԱՂԱՓԱՐԻ ՆԵՐՔՈ
Մարտի 10-ին «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը: Այդ օրը կենտրոնում էին Արցախի հերոսներ՝ Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներ, դպրոցականներ, զինվորական, մշակութային, հասարակական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Կենտրոնի հիմնադիրը` Գևորգ Գևորգյանը, որ 14 տարեկանից որպես հետախույզ ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին, վստահ է, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը շղթայական կապ պետք է ունենա՝ դպրոց, երեխա, ծնող, բանակ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ռազմամարտական ծրագիրն իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով: Կենտրոնի սաներին ուսուցանելու են կրակային պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ, միաժամանակ` հայկական մարտարվեստ, հայ ազգային մշակույթ:
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած «Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հասարակական կազմակերպության», ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի ղեկավարած Նկարիչների միության հետ: Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել ռազմամարտական, մշակութային ուղղվածության համատեղ ծրագրեր:
«Այս կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մեր մարմնակրթությունը հիմնված է հայկական տառերի հիմքի վրա, այսինքն՝ յուրաքանչյուր շարժում ուրվագծում է հայոց այբուբենի տառերը: Բայց խնդիրն այն է, որ սա ոչ միայն մարմնակրթական կենտրոն է, այլև հայրենասիրական երիտասարդական կենտրոն, որտեղ տարբեր տարիքի, սեռի ու տարբեր համոզմունքներ ունեցող մարդիկ համախմբվում են և իրենց գործն են կատարում պետականաշինության համար»,-ասաց Գ. Գևորգյանը:
Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ տեղի ունեցավ ռազմամարտական ուսուցման հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը:
«Մենք՝ հայերս, որպես քրիստոնյա ազգ, մկրտվելով, արդեն իսկ Քրիստոսի երկնային բանակի զինվորներն ենք դառնում: Առավել ևս՝ մեր հայրենիքի, մեր պետության զինվորը պիտի լինենք՝ անկախ սեռից, տարիքից, դիրքից և պաշտոնից: Եթե այս գաղափարը բոլորիս մեջ լինի, մենք կունենանք աշխարհի ամենաանվտանգ երկիրն ու կդառնանք ամենաասպետական ազգը: Գևորգ Գևորգյանի այս նախաձեռնությունը հենց դրան է միտված: Եվ մենք մաղթում ենք իրեն կատարյալ հաջողություն: Թող օրհնյալ լինի այս մարզասրահի նախաձեռնողը և նրանք, ովքեր մարզվելու են և դառնալու են մեր ազգի ապագա պաշտպանները»,-ասաց սրբազանն` ընդգծելով, որ սա «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչմանն ուղղված կարևոր քայլ է:
Գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի հերոս Արկադի-Տեր Թադևոսյանը Գևորգ Գևորգյանի հրամանատարն է եղել: Շնորհավորելով իր զինակցին` գեներալը նշեց, որ պատերազմում իր տեսակով առանձնացած Գևորգը, որ տարիքով ամենափոքրն էր ազատամարտիկներից, այսօր կարողանում է կուտակած գիտելիքների ու հմտությունների պաշարը փոխանցել մատաղ սերնդին, ինչը շատ կարևոր է:
Միջոցառմանը ներկա գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն էլ նշեց, որ Գևորգ Գևորգյանը հավատով է հաղթել, քանի որ 14-15 տարեկան պատանի լինելով, գնում էր կատարելու ամենավտանգավոր առաջադրանքները. «Ոչ ոք չէր հավատում, որ նա կվերադառնա, իսկ նա վերադառնում էր»: Գեներալը ցանկություն հայտնեց, որ կենտրոնում հնարավորինս շատ սան մարզվի, և ի սրտե հաջողություն մաղթեց կենտրոնի աշխատանքներին:
Գեւորգ Գեւորգյանն ընդգծելով պաշտպանության նախարարի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորման գործում` շնորհակալություն հայտնեց Վիգեն Սարգսյանին այսօրինակ ձեռնարկները խրախուսելու ու նախաձեռնություններին աջակցելու համար եւ հավելեց. «Ես սա կարեւորագույն ձեռքբերում եմ համարում, երբ երկրի պաշտպանական գերատեսչությունը «Ազգ-բանակ» հայեցակարգ է առաջադրում` համախմբելով հասարակությանը բանակի շուրջ: Մենք բոլորս միասին հնարավորինս պետք է մեր ներուժը ուղղենք այդ հայեցակարգի տարածմանն ու արմատացմանը:
Ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվող այս կենտրոնի հիմքում հայրենիքի նվիրյալ լինելու և հայոց բանակի արժևորման գաղափարն է»,- ասաց Գևորգ Գևորգյանը: Դասընթացներ, դպրոց-բանակ հանդիպումներ, ռազմագիտական բաց դասեր, ընտանիք-դպրոց փոխկապակցված քննարկումներ և էլի շատ ու շատ այլ միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում: «Եթե մենք բոլորս միասնական լինենք ու երբեք ոչինչ չխնայենք մեր բանակի համար, հավատացա՛ծ եղեք, կունենանք առավել կատարյալ ու հզոր բանակ: Միասնականությունն է մեր անվտանգության երաշխավորը»,-նշեց կենտրոնի հիմնադիրը:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն