ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՂԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է
Գնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող զորամասը 2017թ. արդյունքների ամփոփումից հետո ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասերի մեջ ճանաչվել է երկրորդը: Մարտական հերթապահություն կատարող լավագույն գումարտակը նույնպես այս զորամասի կազմում է: Մեկ տարի առաջ էլ զորամասը ճանաչվել էր լավագույնը զինված ուժերում:
-Պարոն գնդապետ, դժվա՞ր է անընդհատ բարձր նշաձող պահելը:
-Որևէ գործ սկսելիս երբեք չենք մտածում գնահատականի ու մեր արածը ցուցադրելու մասին: Նախորդ տարվա արդյունքներն ամփոփելիս վերջին օրն ենք իմացել մեր կարգավիճակի, բարձր արդյունքի մասին:
Զորամասային օղակի ծառայությունն ամփոփվում է հնարավոր բոլոր ուղղություններով՝ մարտական պատրաստականության, մարտունակության վիճակ, կարգապահություն և այլն: ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բոլոր վարչությունների հանձնաժողովները պարբերաբար այցելել են մեր զորամաս, ստուգել ծառայության ընթացքը, տարբեր ստորաբաժանումների և անհատապես յուրաքանչյուր սպայի ու զինվորի պատրաստվածության մակարդակը: Վերջնական արդյունքը ստացվել է այդ ստուգումների, ամփոփիչ քննությունների արդյունքների և մեր ամենօրյա գործունեության համադրումով: Հատուկ որևէ գործողություն մեր անձնակազմը չի կատարել, միայն օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները, ու նաև ցուցադրել է մասնագիտական գործառույթների կատարման հմտությունները: Բոլորն էլ հստակ գիտակցում են, որ օրվա աշխատանքը, օրվա միջոցառումը որակյալ կատարելու դեպքում է գործը առաջ գնում, մարտունակությունն էլ ավելի ամրապնդվում: Զորամասում օրն սկսվում է հստակ խնդիրների առաջադրումով և ըստ ենթակայության դրանց փոխանցումով: Արդեն օրվա վերջում այդ ամենն ամփոփվում է, և հասկանալի է դառնում կատարվածի ծավալն ու մակարդակը: Պարզապես անհրաժեշտ է կատարել ամենօրյա գործը, որի մեջ մտնում է նաև հոգատար վերաբերմունքը ենթակաների, զինակից ընկերների, նույնիսկ առաջին հայացքից ոչ կարևոր թվացող ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ:
Հաջողությանը մեծապես նպաստել է զորամասի գրագետ սպայակազմը: Անբարեխիղճ, գործին չտիրապետող, մասնագիտական զարգացման չձգտող սպան մեզ մոտ տեղ չունի: Սպաների գերակշիռ մասը մեր կադրային ճիշտ աշխատանքի արդյունքում համապատասխան պաշտոններ են զբաղեցնում և ունակ են իրենց գործը կատարելու: Հատկապես ուզում եմ նշել ստորաբաժանումների հրամանատարներին: Նրանք հասել են այն մակարդակին, որ առանց նյարդայնանալու, ավելորդ իրարանցման որոշակի խնդիրներ են առաջադրում, և գործը գնում է առաջ: Ամեն ինչ արվում է կանոնադրության պահանջներին համապատասխան:
-2014-2015թթ. Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում բավական թեժ էր: Ի՞նչ իրավիճակ է սահմանին այժմ:
-Ճիշտ եք: Մի քանի անգամ հարկադրված էինք պատժիչ գործողություններ իրականացնել հակառակորդի նկատմամբ: Մի քանի խոշոր կրակակետ լռեցրինք, որից հետո այնպիսի խուճապի էին մատնվել, որ շատ տեղամասերում անպաշտպան էին թողել սեփական գյուղերը: Այժմ սահմանային վիճակը համեմատաբար հանգիստ է: Վստահաբար կարող եմ նշել, որ վերջին ամիսների ամենախաղաղ շրջանն է: Լարվածություն չկա, կա զգոնություն: Առաջնագծի մեր զինվորը հստակ հասկանում է սահմանի հուսալի պահպանության կարևորությունը: Կարիք լինի, թե ոչ, մենք առաջնագծում ենք: Ամեն դեպքում, հարաբերական խաղաղության պայմաններում էլ պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Հակառակորդը երբեմն փորձում է գնալ թեժացման, բայց նման քայլերը միշտ զսպում ենք: Նրանց անկանոն կրակոցներին պատասխանում ենք մեկ-երկու դիպուկ կրակոցով, ու վե՛րջ, ամեն ինչ խաղաղվում է: Վերջերս էլ թեթև պատժիչ գործողություն իրականացրինք հենակետերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող մեր զինծառայողներից մեկի վիրավորվելուց հետո: Դրանից հետո լուռ են: Մեր զորամասի պատասխանատվության գոտում սահմանին թելադրողը մեր զինվորն է:
-Դիրքերում նկատեցի, որ ինժեներական կահավորման մեծածավալ աշխատանքներ են կատարվել:
-Առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործումն անընդհատ է: Առկա են պաշտպանիչ պատեր, հաղորդակցման լրացուցիչ ուղիներ, թաքստոցներ և այլն: Մեր զինվորը պետք է պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում կրակ վարի: Մարտական հերթապահություն կատարող զինծառայողի անվտանգության ապահովումն առաջնահերթ է:
-Այդ համատեքստո՞ւմ է նոր հենակետի կառուցումը:
-Նաև: Նոր հենակետը առավել նպաստավոր դիրք զբաղեցնելու նպատակով է կառուցվել: Այնտեղից հակառակորդի միանգամից երեք դիրք մեր տեսադաշտում է: Ամբողջությամբ վերահսկում ենք ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները: Թեև, պետք է նշեմ, որ հին դիրքը քիչ ավելի հետ էր, պարզապես այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Պաշտպանական ամբողջ երկայնքով հակառակորդը միջինը 200 մետր հեռավորության վրա է: Նման պայմաններում անընդհատ պետք է գործ անել ու ավելացնել կրակային խոցման հնարավորությունները:
-Ինչքանո՞վ է առաջնագիծը համալրված անհրաժեշտ զինատեսակներով, Ձեր նշած կրակային խոցման միջոցներով:
-Նշեմ, որ մեր որևէ դիրք մարտունակության խնդիր չունի: Կռվելու, մարտ վարելու բոլոր հնարավորությունները կան՝ գնդացրային փակ խրամաբջիջներ, հրետանային կրակից պատսպարվելու թաքստոցներ, ապահով և պաշտպանված կրակակետեր և այլն: Դիրքերում տեղադրված են տարբեր տրամաչափի կրակային խոցման միջոցներ: Դրանց կիրառման անհրաժեշտությունը որոշվում է իրավիճակին համապատասխան: Պարբերաբար զորամասի զինանոցը համալրվում է նոր զինատեսակներով: Վերջերս, օրինակ, ստացել ենք հզոր «Կորդ» գնդացիրներ, որոնք արդեն առաջնագծում են: Ունենք շատ լավ կրակային համակարգ: Իրական պայմաններին մոտ պարապմունքների ընթացքում զինծառայողներին սովորեցնում ենք համագործակցելով համակցված կրակ վարել, կիրառել այն զինատեսակը, որն առավել նպատակահարմար է մարտի վարման ընթացքում: Պակաս կարևոր չէ կրակային միջոցների քողարկված լինելը և հակառակորդին խաբելը: Այդ խնդիրների ճիշտ իրագործման դեպքում հենակետը վերածվում է անառիկ ամրոցի.- հրամանատարը սխեմայի վրա ցույց է տալիս տարբեր տրամաչափի գնդացիրների, նռնականետների, հրետանային միջոցների տեղակայման ձևերը, մանրամասնում կիրառման սկզբունքներն ու մեթոդները, ինչից պարզ է դառնում՝ նույնիսկ մի մասի ամբողջապես համակցված կրակի դեպքում հակառակորդի պաշտպանական համակարգերը կոչնչացվեն րոպեների ընթացքում:
Ընդհանրապես, մեր ստորաբաժանումները պարբերաբար մեկնում են առաջնագիծ, տեղում վարժանքներ անցկացնում՝ սովորելով կիրառման շրջանում անցնել պաշտպանության, տեղանքը ճիշտ օգտագործել ու ճիշտ զինատեսակ ընտրել: Կրակային խոցման տարբեր միջոցներ մշտապես դիրքերում են, բայց հակառակորդի կողմից հավանական տեղաշարժերի մասին տվյալներ ստանալուց հետո մենք զբաղեցնում ենք լրացուցիչ կրակային դիքեր, առաջնագիծն ուժեղացվում է՝ չսպասելով իրավիճակի թեժացման:
-Մեր այցելած բոլոր դիքերում ծառայություն էին իրականացնում պայմանագրային զինծառայողները:
-Առաջնագծում շուտով ժամկետային զինվոր չի լինելու, միայն պայմանագրայիններ: Նրանց հետ նույնպես մշտապես պարապմունքներ ենք անցկացնում: Երեկ ինքներդ տեսաք, որ երեկոյան ուշ ժամին պայմանագրային ստորաբաժանումներից մեկը տագնապով կանչվեց զորամաս: Հակառակորդի հարձակման դեպքում այդպիսի խմբերը պետք է օգնության հասնեն դիրքում կռվող տղաներին: Բոլորն էլ ներկայացան սահմանված ժամանակում և մեկնեցին պաշտպանական տեղամաս` պարապմունք անցկացնելու մարտականին մոտ իրավիճակում:
-Համագործակցո՞ւմ եք սահմանամերձ գյուղերի հետ:
-Շրջանի յոթ գյուղ հակառակորդի հրաձգային զենքի հասանելիության գոտում է: Պարբերաբար կրակոցներ լինում են գյուղերի ուղղությամբ, բայց մենք անմիջապես ճնշում, լռեցնում ենք այն կրակակետերը, որտեղից հնչում են կրակոցները: Մեր գյուղացիներն իրենց պաշտպանված են զգում: Նրանց հետ շփումներն անդադար են: Բոլորն էլ գոնե կիսով չափ զինվորական են: Արդյունավետ է համագործակցությունը համայնքապետների, համայնքների պատասխանատուների հետ: Լուծվել է պայմանագրային ստորաբաժանումներում տեղացիների ծառայելու հարցը: Գյուղի բնակիչներից կազմել ենք աշխարհազորի խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայություն են իրականացնում գյուղերի շրջակայքում, լրացուցիչ պաշտպանություն ապահովում: Կարելի է ասել՝ նրանք էլ մեր զինվորներն են:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում