Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՐԵՊ



ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՐԵՊ«Մուտքը խստիվ արգելվում է». դռան վրա փակցված այս գրությունը հուշում է, որ ՀՕՊ զորամասի ամենագաղտնի հատվածում ենք: Տեսախցիկները վերահսկում են երկար միջանցքը: Գանձապահարան հիշեցնող սենյակում միշտ կիսամութ է. ցերեկային լույսը մեկուսացված է ձգած սեւ վարագույրներով: «Օդային դիրքապահների» հրամանատարական կետն է: Այստեղից  է կատարվում  մարտական հերթապահություն իրականացնող դիվիզիոնների ղեկավարումը:

«Գնդի սիրտն է, եւ այն առողջ է»,-ասում է փոխգնդապետ Գեորգի Ստեփանյանը: Նա է «սրտի» համաչափ բաբախման պատասխանատուն՝ հրամանատարական կետի պետը: Բացառում է որեւէ թռչող օբյեկտի աննկատ ներթափանցում մեր օդային տարածք: Հեռավոր օդային իրադրության գծագրոցի վրա Ադրբեջանն է, որ վերահսկվում է մի քանի  հարյուր կիլոմետր շառավղով: Թվարկում է օդանավակայաններ, որտեղից կատարվող թռիչքների քանակն ու հաճախականությունը, շփման գծից հեռավորությունը շուրջօրյա ուշադրության կենտրոնում  են. «Ուշի ուշով հետեւում ենք բոլոր թռչող օբյեկտների ընթացքին:  Մարտի մեկին, օրինակ, շփման գծից մեկ կիլոմետր հեռավորության վրա հակառակորդի անօդաչու ենք հայտնաբերել: Ուղեկցել ենք նշանակետը: Եթե խախտեր սահմանը, անմիջապես կխոցեինք»,- ասում է փոխգնդապետ Ստեփանյանը: 

Տվյալների արձանագրումն ու հաղորդումը երբեք չի ընդհատվում: Ռադիոտեղորոշիչ կայանները որսում են բազմաթիվ թռիչքներ միանգամից: Աննկատ չի մնում անգամ թռչունը: Oպերատիվ հերթապահը՝ մայոր Գարեգին Գարեգինյանը, ակնդետ հետեւում է մոնիտորին, հավաքագրում ու վերլուծում տեղեկությունը, նույնականացնում թռչող օբյեկտը: Այդ գործում նրան օգնում է հայրենական արտադրության միջոցը. «Շատ արդյունավետ է: Պետք է ընդամենը սեղմել քարտեզին երեւացող թռչող օբյեկտի վրա, եւ կիմանաս արագությունը, թռիչքի հետագիծը, բարձրությունը, կոորդինատները եւ այլն»:

Հակառակորդի մարտական ուղղաթիռ է օդ բարձրանում: Եվ շարքային-պայմանագրային Ալլա Աղջոյանը կրակի կառավարման գծագրոց է ներմուծում տվյալները. «Ուսումնական թռիչք է»,-ասում է հանգիստ ձայնով: Իսկ եթե հանկարծ թշնամական ուղղաթիռը խախտի մեր երկրի հյուսիսարեւելյան օդային սահմանը, հենց այս կետից կարձակվի այն ոչնչացնելու հրամանը: Ս-125 դիվիզիոնը մշտապես մարտական հերթապահության մեջ է. կգործի անվրեպ: Ուղեւորվում ենք հետեւելու ծառայության կատարման ընթացքին:

ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՐԵՊԴիվիզիոնը տեղակայված է լեռնային վայրում՝ ծովի մակերեւույթից զգալի բարձրության վրա: «Այստեղ միշտ ցուրտ է, միշտ քամի»,-ասում է մայոր Արտյոմ Սարգսյանը: Սա, թերեւս, միակ դժվարությունն է փորձառու, բայց պարտականությունները վերջերս ստանձնած հրամանատարի համար: ՌԴ օդատիեզերական պաշտպանության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է. ««Արմեյսկիյ մագազին» հաղորդման ոչ մի թողարկում բաց չէի թողնում: Անընդհատ կրկնում էին՝ ՀՕՊ-ը էլիտար ստորաբաժանում է: Պատմում էին Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մասին: Իսկ ես շատ էի ուզում շահագործել դրանք: Այդտեղից էլ՝ երկինքը պաշտպանելու երազանքս: Եվ չնայած այսօր ինձ  Ս-125 համալիրներ են վստահված, սիրտս հանգիստ է՝ մեր բանակը համալրված է աշխարհում լավագույնի համարում ունեցող Ս-300 զենիթահրթիռային համալիրներով»:

Այնուամենայնիվ, եթե մեկնումեկը Ս-125 համալիրներին անուն դնի կամ թերահավատորեն նայի, հրամանատարը անմիջապես հակառակը կհամոզի. «Լսե՞լ եք «F-117» ամերիկյան կործանիչի մասին: Նախատեսված է ՀՕՊ-ի ծածուկ ճեղքման եւ ռազմավարական կարեւոր թիրախների ոչնչացման համար: Մասնակցել է մի քանի պատերազմների, ինչպես նաեւ` գաղտնի գործողությունների: Եվ ընդամենը` մեկ կորուստ: Ոչնչացվել է Ս-125 համալիրով, Հարավսլավիայի պատերազմի ընթացքում: Այնպես որ, ժամանակակից մարտում էլ համալիրը հակառակորդին բազում անակնկալներ կմատուցի»: Եվ որպեսզի ագրեսիվ մտադրություններն արագ չեզոքացվեն, դիվիզիոնի անձնակազմն անընդհատ մարզվում է, օրը երկու անգամ ստուգում տեխնիկան. «Ամեն ինչ շատ կարեւոր է, երկրորդական հարցեր չկան: Թերություններ թաքցնելը բացառված է: Հաճախ ենք վերադասներից իրական մարտական պայմաններին մոտ ստուգողական առաջադրանք ստանում՝ ուղեկցել այս կամ այն ինքնաթիռը: Հաշվարկները խնդիրը կատարում են բացարձակ ճշտությամբ: Գոհ եմ արդյունքներից, սպասելիքներս արդարացվում են, զինծառայողներն իրենց գործին ամբողջությամբ տիրապետում են»,- ասում է հրամանատարը եւ N1 հրաման տալիս, որ ինքներս համոզվենք: Բայց մեզ նախապես է ուղարկում  գործողությունների շրջան. «Ախր, անձնակազմն այնքան արագ կգործի, լուսանկարել անգամ չեք հասցնի»:

ԿԳՈՐԾԵՆ ԱՆՎՐԵՊՄարտական տագնապով դիվիզիոնը բերվում է բարձր պատրաստության աստիճանի: Կատարվում է կրճատ մարտական հաշվարկի համալրում: Միացվում են հրթիռների խլոցակները, դիզելավառը գործարկում է հաստիքային ագրեգատը, որով սնուցվում է ամբողջ համալիրը:  Օպերատորներն ու գծագրոցավարները հրթիռների ուղեկցման կայանում զբաղեցնում են իրենց տեղերը: Ս-125-ը կոլեկտիվ օգտագործման զենք է, եւ թիրախի խոցման վերջնական արդյունքը կախված է հաշվարկի յուրաքանչյուր անդամի փոխհամաձայնեցված եւ ճշգրիտ գործողություններից: Մարտը ղեկավարում է մեկնարկի սպան՝  լեյտենանտ Արմեն Շմավոնյանը: Նա մեկնարկային դիրքում հրթիռները բերում է պատրաստականություն համար մեկ աստիճանի, սնուցում դրանք` պատրաստելով արձակման: Մեկ սեղմում, եւ նշանառուն՝ ավագ լեյտենանտ Արտավազդ Մկրտչյանը, կխոցի ուղեկցվող նշանակետը. «Մեր գործում գերազանց գնահատական չկա՝ կամ կատարում ես խնդիրը, կամ ոչ: Վրիպումը բացառված է: Այս զենքի առավելություններից մեկն էլ այն է, որ որսում է նշանակետը ցածր բարձրություններում: Հրթիռը  աշխատում է ռադիոալիքներով: Հասնելով նշանակետին՝ հավաքում է համապատասխան իմպուլս, մարտական մասը պայթում է, թիրախը՝ ոչնչացվում: Եվ մնում են ընդամենը  5-6 գրամանոց երկաթյա խորանարդիկներ»:

Փոխգնդապետ Սարգսյանը անջատում է վայրկենաչափը: Այս ամենը կատարելու համար զինծառայողներից պահանջվում է ընդամենը հինգ րոպե: «Ոչ մի խելամիտ հակառակորդ չի փորձի թափանցել մեր օդային տարածք»,- վստահ ասում է հրամանատարը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/03/2018