ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ: Նա ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մեթոդաբանությունն ու հիմնական ուղղությունները: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀ–ը կիրառում է այդ գործընթացում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի կենտրոններում անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները: Պրոֆեսոր Քոթանջյանն իր զեկուցումը ներկայացրել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հավաքի մասնակիցներին ներկայացված զեկուցումների լույսի ներքո:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ