ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ–ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Նա կարևորել է Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ–ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը: Հ. Քոթանջյանի ներկայացմամբ՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելի ու ռուսաստանյան կենտրոնների փորձի համադրմամբ:
Հյուրերին ներկայացվել է 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաև ՊԱՀՀ-ի մշակած միջգերատեսչական ձևաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: Նշվել է, որ 2018 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացվելիք դասընթացում ներգրավվելու են պաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:
Հայկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը:
Հանդիպման ընթացքում զեկուցումով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:
ՆԱՏՕ–ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագիտական խմբի անդամ, կանադացի բրիգադի գեներալ (պաշտոնաթող) Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմավարական առաջնորդների կրթություն՝ միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսությունը:
Զեկուցումներից հետո ծավալվել է մասնագիտական քննարկում, հյուրերը հարցեր են ուղղել ՊԱՀՀ–ի մասնագետներին: Հանդիպման վերջում ՆԱՏՕ–ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն իր գոհունակությունն է հայտնել այցից:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ